«ԶԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 մարտի 2024թ. ՍԴԱՈ - 37 | «ԶԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԶԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Զարիկ Գևորգյանի դիմումի հիման վրա՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Զարիկ Գևորգյանի (այսուհետ նաև՝ դիմող) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի փետրվարի 5-ին, որով դիմողը խնդրել է.
«1. Սույն դիմումը ընդունել վարույթ:
2. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում, այն է ԿԴ/3359/02/21 քաղաքացիական գործով տրված մեկնաբանությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում, այն է ԿԴ/3359/02/21 քաղաքացիական գործով տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ և 176-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան անհատական դիմումի ներկայացումը հետապնդում է Սահմանադրությամբ կանխորոշված նպատակներ՝ ազգային դատարանների կողմից դիմողի գործի քննության արդյունքում ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված համապատասխան իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության վիճարկում և այդպիսով իր խախտված իրավունքները/ազատությունները սահմանադրական արդարադատության միջոցով վերականգնելուն ուղղված իրավական միջոցների ձեռնարկում: Համապատասխանաբար՝ դիմողի կողմից հիշյալ նպատակները հետապնդելը պետք է ակնհայտ լինի դիմումից և կից ներկայացված փաստաթղթերից ինչպես ձևական, այնպես էլ բովանդակային առումներով. դիմումով հետապնդվող նպատակի ձևական և բովանդակային արտահայտման համադրությունն է հանդիսանում դիմումի թույլատրելիության և ընդունելիության պատշաճ իրավական նախադրյալ: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Դիմումին կից ներկայացված` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշման պատճենի վրա արտացոլված են ձեռագիր գրված հայհոյանքներ և հանրորեն ընդունելի բարեկիրթ խոսույթին չհամապատասխանող արտահայտություններ, որոնք վերաբերում են անձի սեռական կողմնորոշմանը, անձի ծնողների բարոյականությանը, անձին որակում են կենդանիներին վերաբերող բառամթերքով:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ անկախ այն հանգամանքից՝ ով է վերոնշյալի հեղինակն ու հասցեատերը, այդպիսի բառամթերքի առկայությամբ/արտացոլմամբ դատավարական փաստաթղթերի ներկայացումը Սահմանադրական դատարան սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտի կողմից անպատասխանատու և անհարգալից վերաբերմունքի դրսևորում է Սահմանադրական դատարանի հանդեպ: Սահմանադրական դատարանն անընդունելի և անհանդուրժելի է համարում այդպիսի վարքագիծն իրավական պետությունում հանրային իշխանության ինստիտուտների հանդեպ հարգանք և իրավաչափ վարքագիծ դրսևորելու, առավել ևս՝ արդարադատության հեղինակության նկատմամբ հարձակումներից ձեռնպահ մնալու յուրաքանչյուրի պարտականության պահպանման առումով:
Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված` Սահմանադրական դատարանն այլևս հարկ չի համարում անդրադառնալ սույն անհատական դիմումի ընդունելիության հարցին՝ բովանդակային առումով և գտնում է, որ ներկայացված դիմումի շրջանակում դիմողն իրավասու չէ անհատական դիմումում բարձրացված հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Զարիկ Գևորգյանի դիմումի հիման վրա՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ և քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
1 մարտի 2024 թվականի
ՍԴԱՈ-37
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-37
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
