Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1443 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-144)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 հոկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 144 | «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարչական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՎԴ5/0464/05/24 վարչական գործով ներկայացրած «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 47-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ5/0464/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումները՝ Դիմողը նշում է. «(...) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետը վերաբերում է արական սեռի այն անձանց, ում 16 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում և ովքեր միևնույն ժամանակ պետք է կատարեն զինվորական հաշվառման կանգնելու իրենց պարտականությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ հիշյալ վարչական վարույթի տևողության առավելագույն ժամկետը 6 ամիս է («Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված), իրավաչափ կանխավարկածը խոսում է այն մասին, որ վիճարկվող իրավանորմը վերաբերում է 15 տարին լրացած այն անձանց, ում 16 տարեկանը լրանում է «տվյալ տարվա ընթացքում»։ Հաշվի առնելով, որ օրենսդիրը չի մանրամասնել «տվյալ տարվա ընթացքում» եզրույթի բովանդակությունն առ այն, թե որ ժամանակամիջոցին է այն վերաբերում, պետք է արձանագրել, որ սույն իրավանորմն ունի լրացուցիչ մեկնաբանման կարիք։ Մասնավորապես, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուն ուղղված վարչական վարույթը սկսվում է անձի կողմից ներկայացված դիմումով (երբ նախաձեռնությունը գալիս է քաղաքացուց) և ավարտվում է ՀՀ նախագահի հրամանագրով, կարիք կա պարզելու, թե օրենսդրի կամքն ուղղված է եղել նախատեսելու սահմանափակում դիմումի ներկայացման պահի տարվա համար, թե՞ սահմանափակումը տարածել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունման տարվա նկատմամբ՝ նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Քերոբ Գրիգորյանի 16 տարին բոլորել է ՀՀ նախագահի հրամանագրի ընդունման տարում»։

Ներկայացնելով Սահմանադրության 28, 29, 47, 78 և 79-րդ հոդվածների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) վիճարկվող և վերաբերելի այլ դրույթների բովանդակությունը՝ Դիմողը պնդում է. «(...) տվյալ ոչ որոշակիությունը ստանում է երկրորդական բնույթ, երբ պարզ է դառնում, որ այն չի կարող հաղթահարվել Դատարանի կողմից իրավական մեկնաբանման միջոցով, քանի որ «տվյալ տարվա ընթացքում» եզրույթի ցանկացած մեկնաբանության պայմաններում քննարկվող իրավանորմը միևնույնն է ունի սահմանադրականության խնդիր: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ նույնիսկ քաղաքացիությունը փոխելու (դադարեցնելու) դիմում ներկայացրած անձի համար ամենաբարենպաստ մեկնաբանման պայմաններում (եթե «տվյալ տարվա ընթացքում» եզրույթը մեկնաբանվի «դիմումի ներկայացման տարվա ընթացքում» իմաստով) միևնույնն է ստեղծվում է խտրական իրավիճակ տարվա որոշակի օրերին ծնված քաղաքացիների համար (այն դեպքում, երբ ծննդյան օրն անձի կամքից անկախ հանգամանք է)՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ հոդվածով հռչակված քաղաքացիությունը փոխելու իրավունքի իրացման ընթացքում օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների խախտման, քանի որ օրենսդիրը միևնույն իրավունքի տրամադրումը (քաղաքացիությունը դադարեցնելու, փոխելու) անձանց որոշակի խմբի պայմանավորել է ոչ թե անձի տարիքով, այլ այդ նույն տարիքը որոշակի տարվա ընթացքում լրանալու հանգամանքով:

Նշվածի համատեքստում հատկանշական է, որ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 6-րդ մասը, քաղաքացիությունը փոխելու (դադարեցնելու) ընթացակարգի սահմանումը վերապահելով օրենքի կարգավորմանը, միևնույն ժամանակ նույն հոդվածի 7-րդ մասով թույլատրել է այդ իրավունքը սահմանափակվել միայն պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Մինչդեռ տվյալ պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիությունը փոխելու իրավունքը սահմանափակված է որոշակի նեղ շրջանակի անձանց համար՝ հիմքում չունենալով պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակ և առաջ բերելով օրենքի առջև բոլորի հավասարության և տարիքային կամ այլ հիմքով խտրականության արգելքի սկզբունքների խախտում»:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է. «Վերոշարադրյալը (...) զրկում է դատարաններին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետին տալու այնպիսի համընդհանուր մեկնաբանություն, որի գործողությունն ու ազդեցությունը կտարածվի ցանկացած այն փաստակազմերի նկատմամբ, որոնք հայտնվում են տվյալ իրավանորմի գործարկման տիրույթում, քանի որ մեկնաբանման ցանկացած դեպքում անձանց որոշակի խումբ (տվյալ դեպքում՝ օրացուցային տարվա վերջին ամիսներին կամ օրերին ծնված և 15 տարին լրացած անձը) կհայտնվի անձնական բնույթի հանգամանքի հիմքով խտրական կարգավիճակում՝ քաղաքացիությունը փոխելու (դադարեցնելու) սահմանադրական իր իրավունքի իրացման ընթացքում, որպիսի իրավական մեկնաբանությունները՝ իրենց սահմանադրականության խնդրի հետևանքով, զրկում են դատարաններին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետը պարտավորեցման հայցի շրջանակներում որևէ համընդհանուր մեկնաբանմամբ կիրառելու հնարավորությունից»:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական հնարավորությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում, ի մասնավորի՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Վկայակոչված կարգավորումն իր ամրագրումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրի կողմից դատարաններին սույն սահմանադրաիրավական իրավասությամբ օժտելու հիմնարար նպատակը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պարագայում կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն.

1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,

2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,

3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:

Վերոհիշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության՝ Սահմանադրի անխախտ կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում, ի շարս այլնի, պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Ավելին, Սահմանադրական դատարանն իր՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՍԴԱՈ-135 աշխատակարգային որոշմամբ շեշտել է. «(…) Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության կապակցությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացերի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը»:

Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացված դիրքորոշումները առավելապես հանգում են.

մի կողմից՝ օրենսդրի կամքի բացահայտման անհրաժեշտությանը, որի կապակցությամբ Դիմողը նշում է. «Հաշվի առնելով, որ օրենսդիրը չի մանրամասնել «տվյալ տարվա ընթացքում» եզրույթի բովանդակությունն առ այն, թե որ ժամանակամիջոցին է այն վերաբերում, պետք է արձանագրել, որ սույն իրավանորմն ունի լրացուցիչ մեկնաբանման կարիք։ Մասնավորապես, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուն ուղղված վարչական վարույթը սկսվում է անձի կողմից ներկայացված դիմումով (երբ նախաձեռնությունը գալիս է քաղաքացուց) և ավարտվում է ՀՀ նախագահի հրամանագրով, կարիք կա պարզելու, թե օրենսդրի կամքն ուղղված է եղել նախատեսելու սահմանափակում դիմումի ներկայացման պահի տարվա համար, թե՞ սահմանափակումը տարածել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունման տարվա նկատմամբ՝ նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Քերոբ Գրիգորյանի 16 տարին բոլորել է ՀՀ նախագահի հրամանագրի ընդունման տարում»,

մյուս կողմից՝ Դիմողը վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 28, 29, 47, 78 և 79-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությունը հիմնավորում է՝ թիվ ՎԴ5/0464/05/24 վարչական գործի՝ իր իսկ կողմից վկայակոչված փաստական հանգամանքներից շեղվելով՝ ներկայացնելով վերացական դատողություններ, ի շարս այլնի՝ նշելով. «Ասվածը հիմնավորվում է նրանով, որ փաստորեն, վիճարկվող իրավանորմի՝ նույնիսկ քաղաքացիությունը փոխելու (դադարեցնելու) դիմում ներկայացրած անձի համար ամենաբարենպաստ մեկնաբանման պայմաններում (եթե «տվյալ տարվա ընթացքում» եզրույթը մեկնաբանվի «դիմումի ներկայացման տարվա ընթացքում» իմաստով) օրացուցային տարվա վերջին օրերին ծնված այն քաղաքացիները, ովքեր կարող են ցանկություն հայտնել փոխելու իրենց քաղաքացիությունը կամ դադարեցնելու այն 15 տարեկան հասակը լրանալուց հետո, փաստացի զրկված են 15 տարեկանը լրանալու պահից ողջամիտ ժամկետում դիմելու քաղաքացիության դադարեցման հարցով կամ զրկված են նման հնարավորությունից առհասարակ: Մասնավորապես, օրինակ՝ դեկտեմբերի 31-ին ծնված քաղաքացիները 15 տարեկան հասակը լրանալու պահից փաստացի զրկված են քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորությունից, քանի որ նման դիմում պետք է ներկայացնեն նույն օրը, որը ՀՀ օրենսդրությամբ աշխատանքային օր չի հանդիսանում, իսկ նույնիսկ հաջորդ օրը ներկայացված դիմումը կհանդիսանա այն տարին, որի ընթացքում լրանում է տվյալ քաղաքացու 16 տարին և օրենքի ուժով կհանգեցնի ներկայացված նման դիմումի անվերապահ մերժման»,

որպիսի դիրքորոշումները որևէ կերպ չեն հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը չի ենթադրում Սահմանադրական դատարանի կողմից իրավամեկնաբանողական լայն գործիքակազմով օժտված դատարանների համար վերհանել օրենսդրի կամքը. սույն հարցադրումն առավելապես եռաստիճան դատական համակարգի տիրույթում է:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատարանների կողմից Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը վերջիններիս աննահանջ առաքելությունն ու սահմանադրական պարտքն է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաև դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն հաղորդելու աներկբա պահանջ:

Հիշատակված սահմանադրաիրավական կարգավորումները միտված են բացառապես դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության իրացման ապահովմանը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 հոկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-144

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-144
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել