Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-292 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 29 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 հուլիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Արմեն Ավագյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Ավագյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 3-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները, և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին և 80-րդ հոդվածների պահանջները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն իմաստով, որ պատշաճ ծանուցման, ըստ այդմ դատավարական փաստաթղթերը հասցեատիրոջ կողմից ստանալու փաստը գնահատելիս հաշվի է առնվում միայն փոստային ծրարի դարձերեսին կնիքով նշված ամսաթիվը և հաշվի չի առնվում www.haypost.am կայքում զետեղված տեղեկատվությունը, որը բաց ու հասանելի է բոլորի, այդ թվում նաև դատարանների համար ու պարունակում է ամփոփ և հավաստի տեղեկատվություն առաքանու տարածքային ու ժամանակագրական շարժի մասին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5312/05/23 վարչական գործի դատավարական ընթացքը՝ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը, իր նկատմամբ կիրառվելով տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանությամբ, հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման:

Դիմողի պնդմամբ՝ թեև վիճարկվող դրույթում բառացի նշված չէ www.haypost.am էլեկտրոնային կայքում պարունակվող տեղեկատվությունը որպես պատշաճ ծանուցումն ապացուցող հանգամանք, սակայն նշված է, որ պատշաճ ծանուցումն հնարավոր է ապացուցել նաև կապի այլ միջոցների օգտագործմամբ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմին Հայաստանի Հանրապետության դատական ատյանների կողմից տրված ոչ հստակ մեկնաբանությունը հասել է այն աստիճանի, որ անգամ նույն ժամանակահատվածում, լրիվ նույն փաստական հանգամանքների մասով Վճռաբեկ դատարանը այլ դիրքորոշումներ է ներկայացնում:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ նորմը չի կարող համարվել որոշակի, եթե դատական համակարգում դրան տրվել է այնպիսի հակասական մեկնաբանություն, որը թույլ չի տալիս իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը:

Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը այն իմաստով, որ պատշաճ ծանուցման, ըստ այդմ՝ դատավարական փաստաթղթերը հասցեատիրոջ կողմից ստանալու փաստը գնահատելիս հաշվի է առնվում միայն փոստային ծրարի դարձերեսին կնիքով նշված ամսաթիվը և հաշվի չի առնվում www.haypost.am էլեկտրոնային կայքում զետեղված տեղեկատվությունը, որը բաց և հասանելի է բոլորի՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության դատարանների համար և պարունակում է ամփոփ և հավաստի տեղեկատվություն առաքանու տարածքային և ժամանակագրական շարժի մասին, հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ հաշվի առնելով Սահմանադրության 1-ին և 80-րդ հոդվածների պահանջները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքին։

Այս առումով հարկ է փաստել, որ անհատական դիմումով Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ այնպիսի վեճ, որի հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման իրավաչափության, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: Այլապես՝ անհատական դիմումով բարձրացված հարցը դուրս է Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցերի շրջանակից:

Սույն անհատական դիմումով Դիմողը, առերևույթ վիճարկելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից Օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը Դիմողի նկատմամբ կիրառվել է նշված նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանմամբ, ինչն էլ հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման»:

Միաժամանակ, Դիմողը վկայակոչել է պնդում առ այն, որ «(...) վիճարկվող նորմը Վճռաբեկ դատարանի կողմից դիմողի նկատմամբ կիրառվել է նշված նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանմամբ, քանի որ նորմի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ պատշաճ ծանուցում է համարվում հասցեատիրոջը առաքանին հանձնելու օրը, որը կարող է հիմնավորվել ոչ միայն փոստային ծրարի դարձերեսին առկա ամսաթվի նշումով, այլ նաև մի շարք այլ ապացույցներով՝ հետադարձ ծանուցում, www.haypost.am կայքի քաղվածք, առձեռն հանձնման մասին ստացական և այն»:

Վերոգրյալից, ինչպես նաև Դիմողի կողմից ներկայացված մյուս դիրքորոշումներից ակնհայտորեն երևում է, որ Դիմողն, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/5312/05/23 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի բովանդակության հետ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումները վերաբերում են Վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափությանը: Այսինքն՝ Դիմողը բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Ավագյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Է. Շաթիրյան

2 հուլիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել