«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 70 | «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 հոկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն (ներկայացուցիչ` Ն. Կիրակոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 7-ին) խնդրելով. «(...) գտնում ենք, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 1-ին հոդվածի 3-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը սույն դիմումում նշված սահմաններում, հակասում են Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին: (...) խնդրում ենք Սահմանադրական դատարանին վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր հաշվի առնելով նաև վերջնական դատական ակտով դրանց տրված մեկնաբանությունը»:
2. Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի վիճարկվող դրույթները, այնքանով, որքանով պարտատերերի շրջանակից բացառում են սեփականության և դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքները սնանկության վարույթից դուրս իրականացնող մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պահանջներ ունեցող պարտատերերին, սահմանափակում են նրանց (տվյալ դեպքում իրավաբանական անձ հանդիսացող դիմողի) տնտեսական գործունեության ազատությունը, սեփականության և դատական պաշտպանության իրավունքները: Դիմողի պնդմամբ` նշված սահմանափակումները չեն համապատասխանում նաև Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին չսահմանելով վերոհիշյալ իրավունքների/ազատության արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր։ Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ` «Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը (ուժը կորցրել է), 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը` այնքանով, որքանով «վերջնական դատական ակտով տրված մեկնաբանությամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերերին, որոնք իրենց իրավունքներն իրականացնում են կամ պաշտպանում են սնանկության վարույթից դուրս, բացառում են պարտատերերի շրջանակից թույլ տալով կառավարչին նրանց իրավունքների և իրավաչափ շահերի անտեսմամբ ներկայացնելու վերջնական հաշվետվություն դրան կցվող պարտատերերի պահանջների գրանցամատյանում իրավունքի ուժով չներառելով հիշյալ պարտատերերի բավարարված պահանջները և նրանց մասով չներկայացնելով պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, (…) նույն օրենքի 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը այնքանով, որքանով որ թույլատրում են պարտապանի լուծարում նրան ազատելով մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված այն պարտատերերի հանդեպ գրավով ապահովված պարտավորություններից, որոնք իրենց իրավունքներն իրականացնում են սնանկության վարույթից դուրս, հակասում են Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասին»: Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը` այնքանով, որքանով սահմանափակում է սնանկության վարույթից դուրս իրականացվող կամ պաշտպանվող գրավով ապահովված պարտատիրոջ լեգիտիմ ակնկալիքը, նույն օրենքի 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը` այնքանով, որքանով թույլ են տալիս սնանկության կառավարչին մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած պարտատերերի իրավունքների և իրավաչափ շահերի անտեսմամբ ներկայացնելու վերջնական հաշվետվություն, նույն օրենքի 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` այնքանով, որքանով թույլատրում են պարտապանի լուծարում նրան ազատելով մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտավորություններից, ինչպես նաև նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այնքանով, որքանով սնանկության վարույթի շրջանակներից դուրս իր պահանջների բավարարում ստանալու իրավունքն օրենսդիրը բոլոր դեպքերում սահմանափակել է բացառապես գրավադրված գույքի իրացմամբ և գրավի արժեքի սահմաններով, հակասում են Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին: Վիճարկվող դրույթների Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին անհամապատասխանության հարցի առնչությամբ, դիմողի կարծիքով` սնանկության վարույթից դուրս ապահովված պահանջների իրականացման և պաշտպանության իրական հնարավորությունը, որը հաստատվում է կատարվելիք վերջնական դատական ակտով, պետք է սահմանվեր օրենքում որպես առանձնատահուկ դեպք սնանկության վարույթը չավարտելու կամ առնվազն պարտապանին չլուծարելու կամ էլ նրան գրավով ապահովված պարտավորությունների կատարումից անգամ լուծարման դեպքում չազատելու համար: Այնինչ, ըստ դիմողի, վիճարկվող դրույթների հիմքում դրվել է սնանկության վարույթն ավարտելու և պարտապանին լուծարելու ընդհանրական մոտեցումը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները հակասում են նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին. գրավով ապահովված պարտատերերի համար օրենսդրի կողմից սահմանվել է սնանկության վարույթի շրջանակներից դուրս դատարան դիմելու իրավունք, սակայն սնանկության վարույթի շրջանակներից դուրս դատական պաշտպանությունն արդյունավետ չէ, ավելին ըստ դիմողի, այն իմաստազրկվել է, քանի որ օրենսդրի կողմից ընտրվել են լուծումներ, որոնցով սնանկության վարույթից դուրս իրենց իրավունքների պաշտպանությանը դիմած պարտատերերը բացառվում են պարտատերերի վերջնական ցանկից։ Ըստ դիմողի վիճարկվող իրավակարգավորումները հակասում են նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին, մասնավորապես, դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթները սնանկության վարույթից դուրս գրավով ապահովված պարտատերերի համար իրենց իրավունքներն իրականացնելիս և պաշտպանելիս առաջացնում են երկիմաստություն իրենց վարքագծի հարցում: Լեգիտիմ ակնկալիքի հիման վրա հիմնական իրավունքներից օգտվելը դառնում է բեռ հենց պարտատերերի համար, և պարզ չէ նրանք ինչպես պետք է հարմարեցնեն իրենց վարքագիծը, որպեսզի սնանկության վարույթից դուրս կարողանան ապահովել իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի վերաբերյալ.
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ. երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիշյալ դրույթները դիմողի նկատմամբ իրավական հետևանքներ առաջացրած վերջնական դատական ակտով թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 2021 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, չեն կիրառվել, բացի դրանից, դրանք դիմողի համար իրավական հետևանքներ չեն առաջացրել: Մասնավորապես, «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը կարգավորում են սնանկության գործի ավարտի հետ կապված հարաբերությունները, իսկ սույն անհատական դիմումով, ըստ էության, բարձրացվել է պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին ծանուցելու դեպքում վերջինիս պարտատերերի ցուցակում չընդգրկվելու կարգավորման սահմանադրականության հարցը, որը «Սնանկության մասին» օրենքի այլ հոդվածների կարգավորման տիրույթում է։ Վերահաստատելով Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումը, համաձայն որի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի վերոնշյալ դրույթների մասով` դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.2. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի (ուժը կորցրել է), 43-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև նույն օրենքի 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի վերաբերյալ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմումն ակնհայտ անհիմն է: «Սնանկության մասին» օրենքի 6-րդ գլուխը կարգավորում է սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարման հետ կապված հարաբերությունները նախատեսելով պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիում) կարգը, այդ ընթացքում թույլատրելի գործողությունները և այլ հարցեր։ Մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն մորատորիումի գործողությունը չի տարածվում գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին։ Նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Վկայակոչված օրինադրույթների վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին ծանուցելու դեպքում գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով։ Այսինքն սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ համար օրենսդրությամբ նախատեսվել է բավարարում ստանալու երկու եղանակ սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում։ Ընդ որում, օրենսդրությամբ նախատեսված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնված է պարտատիրոջ հայեցողությանը։ Վերոգրյալից բխում է, որ այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու իրավունքից, իրացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված հայեցողությունը ունենալով իր իրավունքների իրացման այլընտրանք, ապա կրում է այդ տարբերակի ընտրության առնչությամբ հնարավոր հետևանքների ռիսկը։ Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործի շրջանակներում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2014 թվականին դատարանին ծանուցվել է մորատորիում չտարածելու մասին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 3.103.867.029,42 ՀՀ դրամ գումարի չափով ապահովված պահանջի մասով: Այսինքն սույն անհատական դիմումով դիմողի` վերոնշյալ սնանկության գործով հայցվոր «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից ընտրվել է սնանկության վարույթի շրջանակներից դուրս իր պահանջների բավարարում ստանալու տարբերակը, իսկ թիվ ԵԿԴ/1674/02/14 և թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած վճիռների համաձայն «Հին էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի պետք է բռնագանձել 4.860.766.857,2 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանը սույն սնանկության գործով իր 2021 թվականի հուլիսի 13-ի որոշման մեջ արձանագրել է. «(…) Բանկը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջի դատական կարգով բավարարում ստանալու եղանակը, ի սկզբանե պետք է հաշվի առներ հնարավոր բոլոր ռիսկերը: Ավելին, տվյալ դեպքում Բանկը, որն իրականացրել է իր տնօրինչական իրավունքը սնանկության վարույթը շրջանցելու համար կատարելով համապատասխան ծանուցումը մորատորիում չտարածելու մասին միջնորդություն ներկայացնելով, այլևս չի կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իմաստով դիտարկվել որպես պարտատեր, քանի որ վերջինս այլևս դուրս է եկել սնանկության վարույթից։ (…) Բանկը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցել է դեռևս 10.11.2014 թվականին, իր հերթին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը 25.12.2015 թվականին է Դատարան ներկայացրել իր կողմից կազմված վերջնական հաշվետվությունը միջնորդելով ավարտել սնանկության գործը, իսկ Դատարանը սնանկության գործն ավարտել է միայն 15.10.2018 թվականի վճռով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մորատորիում չտարածելու մասին դիմումը ներկայացնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին միջնորդություն ներկայացնելը և Դատարանի վճռով սնանկության գործն ավարտվելը, Բանկն ունեցել է բավականին ժամանակ և ողջամիտ հնարավորություն իր իրավունքներն իրացնելու համար»։ Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները` «Սնանկության մասին» օրենքի վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, համաձայն որոնց դատարանին մորատորիում չտարածելու մասին ծանուցած գրավով ապահովված պարտատերերի կողմից իրենց պահանջների բավարարում ստանալու վերաբերյալ իրավակարգավորումներով անտեսվում են պարտատիրոջ իրավաչափ շահերը, և դրանք հակասում են Սահմանադրությանը, անհիմն են: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով ու 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Վաղարշյան
21 հոկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-70
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-70
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
