ՄԵԽԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 36 | ՄԵԽԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հուլիսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Մեխակ Գաբրիելյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մեխակ Գաբրիելյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 21-ին, որով Դիմողը խնդրել է․
«(…) Սույն դիմումն ընդունել վարույթ:
«(…) ՀՀ քր. օր. 503 հոդվածի 1-ին և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79 -րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(…) Հիմնական դատալսումների ընթացքում տված և նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների շուրջ պատասխանելով առաջադրված հարցերին, Մեխակ Գաբրիելյանը հայտնել է, որ իր կողմից Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցի վերաբերյալ քննիչի հարցերին հրաժարվել է պատասխանել, քանի որ դա վերաբերում էր իր անձնականին, բացի այդ՝ որպես ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառ վկայակոչել է վարույթն իրականացնող մարմնի հանդեպ անվստահությունը, պնդելով, որ քաղաքացիական հայցի շուրջ ցուցմունք տալուց հրաժարվել է՝ ելնելով նրանից, որ իրավապահ մարմինները պաշտպանում էին Գագիկ Խաչատրյանին: Միաժամանակ նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չի պարզաբանել իր դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքը:
(…)
Դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Մեխակ Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի կոռուպցիոն գործերի հետ որևէ առնչություն չի ունեցել, և նրա նկատմամբ հարուցված որևէ գործով որպես վկա չի հարցաքննվել, ընդհակառակը, իր հայտարարության հիման վրա հարուցված թիվ 58216518 քրեական գործի շրջանակներում մի շարք հայտարարություններ է ներկայացրել քննչական մարմնին՝ Գագիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանը Մեխակ Գաբրիելյանի հայտարարության հիման վրա հարուցված թիվ 58216518 քրեական գործի շրջանակում չի ներգրավվել որպես կատարված անօրինականության հեղինակ և չի հարցաքննվել:
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մեխակ Գաբրիելյանը որևէ առնչություն չունենալով Գագիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների հետ, չէր կարող մեղադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողի առնչությամբ, որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքով»:
Դիմողը գտնում է, որ հակասություն կա ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 1-ին մասի (վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելը, համարվում է հանցագործություն) և նույն հոդվածի 3-րդ մասի (անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ) միջև, քանի որ որոշակիորեն չի նշված, թե ո՞ր դեպքերում է, որ ցուցմունք չտալը համարվում է հանցագործություն:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից փաստաթղթերում ներկայացրել է պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու միջնորդություն:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Մեխակ Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի կոռուպցիոն գործերի հետ որևէ առնչություն չի ունեցել և նրա նկատմամբ հարուցված որևէ գործով որպես վկա չի հարցաքննվել, ընդհակառակը, իր հայտարարության հիման վրա հարուցված թիվ 58216518 քրեական գործի շրջանակում մի շարք հայտարարություններ է ներկայացրել քննչական մարմնին՝ Գագիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ»:
Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է նաև դիրքորոշում առ այն, որ «(...) Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մեխակ Գաբրիելյանը որևէ առնչություն չունենալով Գագիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների հետ, չէր կարող մեղադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողի առնչությամբ, որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքով»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, և Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։
Հետևապես՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Մեխակ Գաբրիելյանի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2․ Մեխակ Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
28 հուլիսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-36
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-36
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
