Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6413 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 64 | ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Սերգեյ Մինասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սերգեյ Մինասյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արամազդ Կիվիրյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 24-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ, այնքանով, որքանով չի նախատեսվում հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր»։

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն չնախատեսելու պայմաններում չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ դատավարական կառուցակարգի առկայությունը՝ հանգեցնելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այդ թվում՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքների սահմանափակման։

Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի սպառիչ ցանկում հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը ներառված չէ, իսկ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածը դրա բողոքարկման հատուկ կարգ չի սահմանում։ Ըստ Դիմողի՝ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե կարգավորման անհստակությունն է, այլ տվյալ կատեգորիայի որոշման վերաքննության համար անհրաժեշտ դատավարական կառուցակարգի բացակայությունը։

Դիմողի պնդմամբ՝ խնդրո առարկա որոշման հետաձգված բողոքարկումը համարժեք չէ անմիջական բողոքարկմանը։ Դիմողը գտնում է, որ եթե Վերաքննիչ դատարանը միայն գործի ամբողջական քննությունից հետո հաստատի, որ հայցը պետք էր մերժել դեռևս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված փուլում, այդ որոշումը կուղղի վերջնական իրավական արդյունքը, սակայն չի վերականգնի այն դատավարական երաշխիքը, որը նախատեսված էր անհարկի ըստ էության քննությունը կանխելու համար։ Ուստի՝ ըստ Դիմողի՝ հետաձգված բողոքարկման արդյունավետության գնահատման առարկան ոչ միայն վերջնական արդյունքը փոխելու հնարավորությունն է, այլ նաև այն, թե իրավական պաշտպանության տվյալ միջոցը արդյո՞ք կարող է ժամանակին կանխել այն հետևանքը, ինչի դեմ ուղղված է համապատասխան դատավարական ինստիտուտը:

Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ, չի ապահովում հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշման անմիջական վերանայման որևէ հնարավորություն։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ հետաձգված բողոքարկումը կարող է ազդել վերջնական արդյունքի վրա, սակայն չի կարող վերականգնել վաղեմության հարցի վաղ լուծմամբ պաշտպանվող՝ անհարկի ըստ էության քննությունից խուսափելու դատավարական շահը: Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա որոշման բողոքարկման ամբողջական բացառումը չի հանդիսանում դատավարության արդյունավետությունն ապահովելու միակ անհրաժեշտ միջոցը և չի ստեղծում Սահմանադրության 75-րդ հոդվածով պահանջվող ամբողջական կառուցակարգ, որի հետևանքով սահմանափակվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը` Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված և պաշտպանվող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի հետ փոխկապակցված։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Տվյալ դեպքում Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ մերժել է Դիմողի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Միաժամանակ Հակակոռուպցիոն դատարանը հիշյալ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է նշված որոշման՝ կայացման պահից ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իսկ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին: Իսկ նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 168-րդ հոդվածի 5-րդ մասի, 188-րդ հոդվածի 1-ին մասի, 199-րդ հոդվածի 3-րդ մասի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ է և ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը կապում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հետ, ուստի՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի դատական ակտի կայացման պահը, այն է՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ը, որպիսի պայմաններում էլ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2026 թվականի ապրիլի 13-ին (2026 թվականի ապրիլի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր են)։ Մինչդեռ սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան առաքելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի հուլիսի 21-ին (հիմք՝ դիմումին կցված ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքը՝ 2026 թվականի հուլիսի 21-ին առաքանին փոստային ծառայությունում ընդունելու մասին): Նման պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի հիմքով, մերժելու համար։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելուն, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դատարանի կայացրած բողոքարկման ոչ ենթակա, վերջնական դատական ակտը Դիմողի կողմից վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը վերադաս դատական ատյանի կողմից որոշում կայացնելու հանգամանքով պայմանավորելու համար, քանի որ կողմի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ուղղակիորեն կանխատեսելի էր նման դատական ակտի բողոքարկման ոչ ենթակա լինելու հանգամանքը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Հակակոռուպցիոն դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների, հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման եզրափակիչ մասում արձանագրել էր նշված որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը։ Բացի դրանից, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտով ևս արձանագրել էր նշված դատական ակտի՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայությունը։

Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերին համապատասխան՝ Դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը, Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սերգեյ Մինասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել