«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-107)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 107 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի մայիսի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(…) որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61, 63, 67, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը, ներկայացնելով վերաբերելի ներպետական իրավակարգավորումները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները, Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող նորմի ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցրել է հակասական իրավակիրառ պրակտիկայի և խաթարել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը՝ հանգեցնելով արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, մեղադրանքից պաշտպանվելու՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքների խախտման:
Դիմողը նշում է, որ առկա է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) մեկնաբանման ճանապարհով չլրացվող օրենսդրական բաց, որի պայմաններում մեղադրյալի իրավունքների պաշտպանության կառուցակարգերի, երաշխիքների բացակայության արդյունքում Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս եզրակացնելու, որ Օրենսգիրքը, քրեական գործը դատարանի վարույթում գտնվելու պայմաններում, հանրային մեղադրողին օժտել է մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը «մեքենաբար» փոխելու իրավասությամբ:
Դիմողի պնդմամբ՝ հսկող դատախազի՝ Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունը կարող է հանգեցնել դատաքննության մրցակցության իմաստազրկման և խաթարման, քանի որ ցանկացած վարութային գործողությանը կարող է հաջորդել հանրային մեղադրողի կողմից արարքի իրավական գնահատականի փոփոխում՝ բացարձակ հայեցողության իրացմամբ:
Դիմողը գտնում է նաև, որ՝ «(...) տվյալ դեպքում ակնհայտորեն առկա է ինտենսիվ միջամտություն մեղադրյալի իրավունքներին, քանի որ հանդիսանում է փաստացի մեղադրանքից՝ իսկ մեղադրանքն իր մեջ ներառում է նաև դրա իրավական գնահատականը՝ պաշտպանվելու իրավունքի սահմանափակում, սակայն վիճարկվող նորմի պայմաններում այն իրենից չի ենթադրում որևէ հիմնավորման ներկայացման պարտականություն, այսինքն որևէ ձևով չի ապահովվում «սահմանափակումը հիմնավորելու բեռը», ավելին, Օրենսդիրը փաստացի խնդրո առարկա նորմով ողջամիտ է դիտարկել այն մեքենաբար, բացարձակ հայեցողությամբ, միայն փուլային-ժամկետային պայմանի ապահովմամբ կիրառելը հանրային մեղադրողի կողմից, հանգեցնելով մեկնաբանման ճանապարհով չլուծվող օրենսդրական բացի, քանի որ որևէ հիմք, իրավիճակ կամ հիմնավորում ընդհանրապես նախատեսված չէ Օրենսգրքով նշված նորմի իրացման համար: Ավելին, ընդհանրապես չեն սահմանվում նշված իրավասության իրացման դատավարական ընթացակարգերը: Նման նորմը նաև խնդիրներ է առաջացնում որոշակիության և կանխատեսելիության տեսանկյունից, քանի որ մրցակցային դատավարության պայմաններում Կողմերից մեկի անվերահսկելի իրավասության բացասական հետևանքները ուղիղ ազդում են մյուս Կողմի վրա: (...)»:
Դիմողն ընդգծում է. «[Ն]ախկին Օրենսգրքի պայմաններում սահմանված էր ևս մեկ նորմ-երաշխիք՝ մեղադրանքի (փաստական կամ իրավական մասով) փոփոխման գործընթացի իրավաչափության ապահովման տեսանկյունից, այն է՝ Նախկին Օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, ապա Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով նման երաշխիքի էքսպլիցիտ նախատեսումը բացակայում է, ինչը ևս խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 61, 63 և հատկապես 67-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից»:
Արդյունքում, ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմի կարգավորումը դատարանին՝ իբրև դատաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին, զրկում է կողմերի հավասարությունն ու մրցակցությունն ապահովելու հնարավորությունից, իսկ հանրային մեղադրողը կարող է «(...) մինչև վերդիկտ կայացնելու համար առաջին ատյանի դատարանի՝ առանձին սենյակ հեռանալը բաց թողնելով անձին վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխելու հնարավորությունը՝ նման հնարավորություն ստանա վերաքննության կամ վճռաբեկության վարույթներում, ինչն անթույլատրելի է արդար դատաքննության, մեղադրանքից պաշտպանվելու սահմանադրական իրավունքների տեսանկյունից»:
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (08.02.2019 թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019 թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020 թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021 թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք Սահմանադիրը չի դիտարկել որպես Բարձր դատարանի քննությանը ենթակա հարցեր:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց Սահմանադիրն իրավունք է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման հետ։ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ «(...) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, գտել է, որ՝
«1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:
Սահմանադրական դատարանը, 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ վերահաստատելով իր նախկինում արտահայտած՝ նաև սույն գործին առավել վերաբերելի դիրքորոշումները, նշել է հետևյալը՝ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (...) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով՝ Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի՝ Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.1-րդ կետ)»:
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցադրումները դուրս են Սահմանադրական դատարանի իրավասությունից:
Մասնավորապես, Դիմողի՝ վիճարկվող դրույթի մասով օրենսդրական բացի հակասահմանադրականության վերաբերյալ առաջ քաշած փաստարկները մեծապես հենվում են դատարանների կողմից՝ վիճարկվող նորմի կիրառման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված այլ երաշխիքներն ապահովելուց հրաժարվելու կամ դրանք ոչ արդյունավետ կերպով տրամադրելու մտավախության վրա։ Մասնավորապես՝ Դիմողը նշում է. «(...) [շ]արունակում է առկա լինել Օրենսգրքի մեկնաբանման ճանապարհով չլուծվող օրենսդրական բաց, որի պայմաններում մեղադրյալի իրավունքների պաշտպանության կառուցակարգերի, երաշխիքների բացակայության արդյունքում Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ է տալիս եզրակացնելու, որ Օրենսգիրքը հանրային մեղադրողին քրեական գործը Դատարանի վարույթում լինելու պայմաններում` մեքենաբար մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխելու իրավասությամբ է օժտել», ապա նաև՝ «(...) առկա է սահմանադրականության դեֆիցիտի հիմնավոր կասկած Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման տեսանկյունից` դրա կիրառման կառուցակարգերի և ընթացակարգային երաշխիքների բացակայության, հանրային մեղադրողի հայեցողության սահմանափակումների և զսպումների բացակայության` արդար դատաքննության երաշխիքների հակասության տեսանկյունից, մեղադրյալի սահմանադրական նորմով մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների երաշխավորման տեսանկյունից»։
Այս հարցի առնչությամբ, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ՝ 1) ինքնին մեղադրանքի, այդ թվում՝ նոր մեղադրանքի առաջադրման փաստով մեղադրյալի դատավարական իրավունքների սահմանափակում տեղի չի ունենում, և 2) նման սահմանափակում կարող է տեղի ունենալ բացառապես այն դեպքերում, երբ մեղադրյալի համար չեն ապահովվում նոր մեղադրանքից պաշտպանվելու բավարար ժամանակ և պայմաններ։
Այս առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վիճարկվող դրույթի հետ օրգանապես կապված՝ Օրենսգրքի՝ «Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը» վերտառությամբ 277-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով ամրագրված է հետևյալը․
«4. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում հանրային մեղադրողը կազմում է նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում, որը փոխարինում է մեղադրական եզրակացությանը և պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը տրվում է դատարանին և դատական վարույթի մասնակիցներին: Դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ է տրամադրում մեղադրյալին և նրա պաշտպանին, տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
5. Եթե նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը կազմվել կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, ապա դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամկետ է տրամադրում այդ որոշումը սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Եթե դատարանի սահմանած ժամկետում սույն օրենսգրքի պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով` այդ մասին կայացնելով առանձին որոշում»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկող դրույթի, այն է՝ Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասում Սահմանադրությանը հակասող օրենսդրական բացի առկայության մասին պնդումների հիմքում ընկած մտահոգությունները՝ որպես իրականության ոչ ցանկալի զարգացման հեռանկարի վրա հիմնված կանխատեսական բնույթի դատողություններ, առնվազն վերացական սահմանադրական վերահսկողության մակարդակում փարատված են՝ Դիմողի կողմից վկայակոչված հիմնական սահմանադրական իրավունքների իրացման ողջամիտ հեռանկար տրամադրող՝ Օրենսգրքի այլ կարգավորումներով։
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմող այնպիսի սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդրի մոտեցումը՝ սահմանափակվել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ, ամենևին չի վկայում դիմումում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու` Դիմողի պարտականության բացակայության մասին:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, արձանագրում է. «(...) հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը (տե՛ս 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշման 3.2-րդ կետ)»:
Սահմանադրական դատարանն՝ իր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(..) Օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք հավասարապես վերաբերելի են սահմանադրական վերահսկողության ձևերի շրջանակներում ներկայացվող բոլոր դիմումներին և պարտադիր՝ Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի համար»:
Սահմանադրական դատարանը Դիմողի ուշադրությունն է հրավիրում Սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին, որով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը սահմանել է սեփական փաստարկները ներկայացնելու պահանջ: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Ընդհանրացնելով «իրավաբանական փաստարկում» եզրույթի վերաբերյալ իրավունքի դոկտրինում առկա մոտեցումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն բնորոշվում է որպես տրամաբանական կոմունիկատիվ գործընթաց, որը նպատակ ունի իրավակիրառ սուբյեկտին ընկալելի և/կամ ընդունելի դարձնել գործի իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ սեփական տեսակետի հիմնավորումը»:
Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, մինչդեռ Սահմանադրական օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու աներկբա պահանջ:
Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴԱՈ-105 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է. «(...) սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները՝ բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Դիմողի՝ վիճարկվող նորմերի՝ իրավակիրառ պրակտիկայում ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները»։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավոր փաստարկներ, իսկ վերջինիս մտահոգությունները՝ կապված իրավակիրառ պրակտիկայում դրանց հնարավոր հակասահմանադրական մեկնաբանության և կիրառման հետ, կարող են սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ այն պարագայում, երբ իրավակիրառ պրակտիկան իրապես զարգանա Դիմողի կողմից վկայակոչված հակասահմանադրական հունով:
Ամբողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի հաղթահարել հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-107
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-107
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
