Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ - ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ-Ի՝ 14.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-5 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ - ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ-Ի՝ 14.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-5 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5611 ապրիլի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 ապրիլի 2007թ. ՍԴԱՈ - 56 | «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ - ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ-Ի՝ 14.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-5 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ-Ի 14.03.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-

5 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի և ՀՀ ընտրական օրենսգրքի 29 հոդվածի 3-րդ կետի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել և այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8- րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին 2007 թվականի ապրիլի 3-ին։

Դիմելով սահմանադրական դատարան «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը խնդրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի և ՀՀ ընտրական օրենսգրքի 29 հոդվածի 3-րդ կետի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխը կրում է «Ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը» վերտառությունը և ներառում է 153, 154 և 155 հոդվածները։ ՀՀ ընտրական օրենսգրքի 29 հոդվածի 3-րդ կետը կարգավորում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագրեր հանձնելու հետ կապված իրավահարաբերություններ։ Սահմանադրական դատարան ներկայացնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.03.2007 թվականի վճիռը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրենքին հակասող ակտը (գործողությունը) վիճարկելու վերաբերյալ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանի դիմումը մերժելու մասին, դիմողը պնդում է, որ այդ վճռով դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի և, մասնավորապես 155 հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 8-րդ կետի նորմերը, և արդյունքում կայացրած վճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չլիներ ինչպես նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155 հոդվածում։

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճռից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող նորմերը չեն կիրառվել, իսկ կայացված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով դիմողի կողմից վերաքննիչ դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան չի բողոքարկվել, ինչը վկայող բավարար փաստաթղթեր դիմողի կողմից սահմանադրական դատարան չեն ներկայացվել։ Դիմողի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 13.02.2007թ. որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանին հասցեագրած վճռաբեկ բողոքի պատճենի առկայությունը բավարար չէ դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցների կիրառումը սպառված համարելու համար։

Բացի դրանից, դիմողը փորձում է սահմանադրական դատարանում նաև վիճարկել ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրենքի կիրառման խնդիր, որի լուծումը ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունը չէ։

ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Այդ իրավունքը վերոհիշյալ սահմանափակումներով, ՀՀ Սահմանադրության 42.1. հոդվածի համաձայն տարածվում է նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով կիրառելի է։ Ելնելով վերոշարադրյալից և այն հանգամանքից, որ դիմումն ակնհայտ անհիմն է,

ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մերժել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՆԴԱՄ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11 ապրիլի 2007 թվականի

ՍԴԱՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել