ԱԼՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 33 | ԱԼՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Ալվարդ Գրիգորյանը և Խաչիկ Գրիգորյանը 2016թ. նոյեմբերի 30-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63, 73-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1.-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63, 73-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր»:
Դիմողները նշում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 26.02.2016թ. և 01.06.2016թ. որոշումներով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթները, իրենց վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, բացառապես միայն այն պատճառով, որ «ՀԱՅՓՈՍՏ»- ի թիվ 0009 փոստային բաժանմունքում «ք. Երևան-0010 Հանրապետության 32/29» հասցեի փոխարեն գրվել է «ք. Երևան-0010 Հանրապետության 23/29» հասցեն, և «ՀԱՅՓՈՍՏ»-ի սխալ աշխատանքի պատճառով իրենք զրկվել են արդարադատությանը մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից:
Ըստ դիմողների` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթները «հակասում են ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63, 73-րդ հոդվածներին, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», և գտնում են, որ վիճարկվող դրույթները «հակասում են ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի դրույթին, քանի որ այն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքն է, որով վատթարացվել է նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթը»: Դիմողները գտնում են, որ խնդրո առարկա դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին, քանի որ չեն ապահովում անկախ և անաչառ դատարանի կողմից իրենց գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Դիմողների կարծիքով` վիճարկվող դրույթների առկայության պայմաններում իրենք զրկվել են վճռաբեկ բողոքի քննության իրավունքից, քանի որ առկա է օրենքով նախատեսված իրավական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությունը:
2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի մասով, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ 230-րդ հոդվածը /2006 թվականի հուլիսի փոփոխություններով/: Նշյալ հոդվածի 3-րդ մասի համաձայն`բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: Սույն գործով խնդրո առարկա դրույթը դիմողը վիճարկում է «... բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները...» հարցի շրջանակներում, որի սահմանադրականությունն արդեն իսկ գնահատել է ՀՀ սահմանադրական դատարանը: Հետևաբար, նշյալ դրույթի մասով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք:
Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասի մասով մերժել:
2. «Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Բավարարել դիմողների` պետական տուրքի վճարումից իրենց ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
19 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
