ՊԵՐՃ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 նոյեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ՊԵՐՃ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
1 նոյեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Պերճ Խաչատրյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Պերճ Խաչատրյանը 15.10.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231, 233 և 234-րդ հոդվածների իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ հանդերձ, համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5 և 92-րդ հոդվածների պահանջներին, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ, համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3 և 32-րդ հոդվածների պահանջներին։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ 230-րդ հոդված) վերաբերյալ առկա են ՀՀ
սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 և 08.10.2008թ. ՍԴՈ- 765 որոշումները։ Այս հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՍԴՈ-690 որոշմամբ վիճարկվող 231- րդ հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ քննության առարկա է
հանդիսացել, և ՀՀ սահմանադրական դատարանն այդ իրավանորմը համարել է ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանող։ ՍԴՈ-765 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, և դրանից հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 16-րդ հոդվածով շարադրվել է նոր խմբագրությամբ։
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ 231.1-րդ հոդված) առկա են ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690, 27.05.2008թ. ՍԴՈ-754 և
08.10.2008թ. ՍԴՈ-765 որոշումները։ Այս հանգամանքը գործի
քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը (նախկին խմբագրությամբ 231.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր) ճանաչվել են ՀՀ
Սահմանադրությանը համապատասխանող և հետագայում փոփոխության չեն ենթարկվել։ ՍԴՈ-754 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ
Սահմանադրությանը հակասող և անվավեր, և ներկայում նման դրույթ վիճարկվող հոդվածում առկա չէ։ ՍԴՈ-765 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, բայց մինչ օրս այդ դրույթը փոփոխության չի ենթարկվել։ Նույն որոշմամբ 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող և հետագայում խմբագրվել է որոշ փոփոխություններով։
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ 231.2-րդ հոդված) առկա է ՀՀ սահմանադրական
դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշումը։ Այս հանգամանքը գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք է։ Այսպես ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի բոլոր դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող և հետագայում փոփոխության չեն ենթարկվել։
4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։
Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.07.2012թ. ՍԴՈ-1038 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի
սահմանադրականությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար։ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է նաև աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների պաշտպանության հնարավորության առկայությունը։
Դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավանորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական փաստարկներն առ այն, որ նշյալ դրույթը չի երաշխավորում պետության ստանձնած սոցիալական գործառույթների լիարժեք իրականացումը, չի ապահովում պետության կողմից մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունը, չի երաշխավորում աշխատանքի ընտրության ազատության իրականացման արդյունքում ընտրված աշխատանքում սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունը, հիմնազուրկ են և սահմանադրականության խնդիր չեն հարուցում։
Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Պերճ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
1 նոյեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
