Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9527 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-95)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 95 | «ԻՎԱՖԱՐՄ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 27 հոկտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «ԻվաՖարմ» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԻվաՖարմ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Ալբերտ Նաիրիի Արզումանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ԵԴ2/1958/02/25 քաղաքացիական գործով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ապրանքի տեղափոխման և պահպանման պայմանների վերաբերյալ պայմանագրային տեխնիկական պահանջի խախտման արձանագրումը բավարար հիմք է համարվում ապրանքն անպատշաճ որակը հաստատելու և այդ հիմքով պայմանագրի միակողմանի լուծման իրավաչափությունը հիմնավորելու համար՝ առանց արձանագրված անհամապատասխանության բնույթի, ապրանքի որակական հատկությունների վերաբերյալ վերաբերելի մասնագիտական գնահատականների իրավական նշանակության, ինչպես նաև պայմանագրի միակողմանի լուծման համապատասխան հիմքով նախատեսված բոլոր անհրաժեշտ նախադրյալների ինքնուրույն գնահատման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/1958/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ապրանքի տեղափոխման և պահպանման պայմանների վերաբերյալ պայմանագրային տեխնիկական պահանջի խախտման արձանագրումն ինքնին բավարար է ապրանքն անպատշաճ որակի համարելու և այդ հիմքով պայմանագրի միակողմանի լուծումն իրավաչափ ճանաչելու համար՝ առանց գնահատելու խախտման ազդեցությունն ապրանքի որակական հատկությունների վրա, հաշվի առնելու համապատասխան մասնագիտական գնահատականները և պարզելու պայմանագրի միակողմանի լուծման համար նախատեսված մյուս անհրաժեշտ պայմանների առկայությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներին՝ 78-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված համաչափության և իրավական որոշակիության սկզբունքների համատեքստում»:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 485-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության խնդիրը ոչ թե գնորդի ստուգողական լիազորությունն է, այլ ընդհանուր նորմի այն կիրառությունը, որով տեխնիկական շեղման արձանագրումը փաստացի փոխարինում է որակի հիմքով պայմանագրի լուծման ամբողջական իրավական հիմքերի գնահատմանը:

Դիմողի համար անորոշ է, թե «(...) արդյոք ապրանքի պայմանագրային որակին վերաբերող ընդհանուր դրույթը կարող է մեկնաբանվել այնպես, որ պետական գնման շրջանակում դեղի տեղափոխման ջերմաստիճանային ռեժիմի շեղումը (...) արտադրողի մասնագիտական գնահատականի նշանակությունը չորոշելու պայմաններում, բավարար դիտվի ոչ միայն ապրանքը պայմանագրային պահանջներին չհամապատասխանող համարելու, այլև անպատշաճ որակի ապրանքի մատակարման հիմքով պայմանագիրը միակողմանի լուծելու համար»:

Դիմողը հայտնում է, որ «Վիճարկվող հարաբերություններում +2°C-ից +8°C ջերմաստիճանային միջակայքի թվային սահմանները հստակ են: Դիմողը չի պնդում դրանց բառացի անորոշությունը: Անորոշությունն առաջանում է այլ հարթությունում՝ այն պահին, երբ այդ պահանջից շեղումը ստանում է անպատշաճ որակի ապրանքի մատակարարման և պայմանագրի լուծման բավարար իրավական հիմքի նշանակություն»:

Դիմողի պնդմամբ՝ «Սույն դեպքում փաստացի ապրանքի որակի համապատասխանությունը չի էլ ստուգվել, հետևաբար ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի նման լայն մեկնաբանությունը խեղաթյուրում է Ապրանքի որակին ներկայացվող պահանջի և մատակարարման կարգի միջև առկա տարբերությունները: Նշվածի հետևանքով էլ անհիմն կերպով խախտվում է գնման գործընթացում մատակարարի իրավունքները»:

Դիմողը նշում է, որ «Վերաքննիչ դատարանը, քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածից ելնելով, հաստատված է համարել անպատշաճ որակի ապրանքի մատակարարումը և անմիջապես հղում է արել Պայմանագրի 2.1.7.1 կետի «ա» ենթակետին: Այսպիսի տրամաբանական շղթան հարց է առաջացնում՝ արդյոք ընդհանուր նորմը մեկնաբանված չէ այնպես, որ լրացուցիչ պայմանագրային նախադրյալներն իրավական գնահատման ինքնուրույն առարկա չեն դիտարկվում: Ըստ Դիմողի՝ նման մեկնաբանությունը չի ապահովում իրավունքների սահմանափակման համաչափության և որոշակիության երաշխիքները»:

Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ուղղակիորեն ազդում է իր գույքային իրավունքների վրա, և այդ առումով էական է այն հանգամանքը, որ ինքը փաստացի մատակարարել է ապրանքը, սակայն պայմանագրի միակողմանի լուծման պայմաններում որևէ հատուցում չի ստացել:

Ամփոփելով Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող իր հարցը հետևյալն է. «(...) արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասը կարող է Սահմանադրությանը համապատասխանող համարվել այնպիսի մեկնաբանությամբ, որի պայմաններում ապրանքի որակին ներկայացվող ընդհանուր պարտավորության խախտման հաստատումը բավարար հիմք է դառնում պայմանագրի լուծման համար նախատեսված ավելի լայն իրավական կազմի հաստատված լինելու վերաբերյալ եզրահանգման համար՝ առանց դրա մյուս անհրաժեշտ պայմանների իրավական նշանակությունը բացահայտելու»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանդրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոհիշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմումի բովանդակության ուսումնասիրության արդյունքում կարևորում է այն հարցերը, որոնք սույն դիմումի առարկային կտան սահմանադրաիրավական վեճին բնորոշ բովանդակություն և կապահովեն Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների շարունակականությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, հետագայում նաև՝ 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանը 2026 թվականի հունիսի 16-ի ՍԴԱՈ-104 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ արձանագրել է. «(…) իրավական նորմերի կիրառման իրավաչափության հարցերը, ըստ էության, դուրս են Սահմանադրական դատարանի քննության առարկայական սահմաններից, քանի որ դրանք վերաբերում են իրավակիրառ գործունեության օրինականության վերահսկմանը։ Սահմանադրական դատարանի իրավասությունը ծագում է միայն այն դեպքում, երբ վիճարկման առարկան նորմն է, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը կամ իրավակիրառ պրակտիկայում նորմին հաղորդված այնպիսի իմաստը/մեկնաբանությունը, որը կարող է հակասել սահմանադրական արժեբանությանը։ Հենց այս տարբերակման միջոցով է ապահովվում սահմանադրական արդարադատության և սովորական դատական վերահսկողության գործառութային տարանջատումը, ինչպես նաև պահպանվում է Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրականության երաշխավորի առանձնահատուկ տեղն իրավական համակարգում»։

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս բարձրացրել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասը, այդ դրույթի հիման վրա որոշել է ապրանքի որակին ներկայացվող պայմանագրային պահանջի իրավական բովանդակությունը, այնուհետև հաստատված է համարել ապրանքի անպատշաճ որակը և դրանից բխեցրել Պայմանագրի միակողմանի լուծման հիմքի առկայության վերաբերյալ եզրահանգում:

Վիճարկվող մեկնաբանությունն օգտագործվել է Դիմողի հայցը մերժելու համար՝ սահմանափակելով Պայմանագրից բխող իր գույքային շահերի պաշտպանության հնարավորությունը»:

Դիմողը նշում է. «Վեճի քննության շրջանակում էական նշանակություն է ստացել այն հարցը, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով ինչ չափանիշներով պետք է որոշվի ապրանքի պատշաճ կամ անպատշաճ որակը, և արդյոք տեխնիկական բնութագրով նախատեսված տեղափոխման պայմաններից շեղման արձանագրումը ինքնին բավարար է ապրանքն անպատշաճ որակի համարելու և դրանից համապատասխան պայմանագրային իրավական հետևանքներ բխեցնելու համար», և կամ վկայակոչելով «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները, թե «Նշված կարգավորումը ինքնին առանձնացնում է ապրանքի որակ և անվտանգության պայմաններ հասկացությունները»՝ Դիմողը եզրահանգում է. «(...) ապրանքի որակ հասկացությունը չպետք է նույնականացնել ապրանքի տեխնիկական բնութագրում նկարագրված բոլոր պայմանների հետ»:

Դիմումում արծարծված և վկայակոչված այս և այլ հարցերի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը կրկին վերահաստատում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի, տվյալ դեպքում իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ են խաչվում սահմանադրական արդարադատության առարկան և իրավական նորմի կիրառման իրավաչափության հարցերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանց քննումը և լուծումը վերապահված են տարբեր մարմիններին, և դրանց միջև սահմանագծումն ապահովում է իրավական համակարգում այդ մարմինների լիազորությունների օրինական բաշխման պահանջը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարանի գործառույթն իրավական համակարգում Սահմանադրության գերակայության ապահովումն է, իսկ գնահատման առարկան իրավական նորմն է, դրա սահմանադրականությունը, Սահմանադրությանը համապատասխանությունը: Հետևապես՝ Սահմանադրական դատարանը չի կարող նույնացվել եռաստիճան դատական համակարգի հետ:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն գործով Դիմողի բարձրացրած հարցը չի ստացել բավարար սահմանադրաիրավական բովանադակություն և, ըստ էության, վերաբերում է իրավակիրառ ոլորտում դատական ակտի հիմքում դրված ապացույցների իրավական գնահատմանը, ապրանքի որակական հատկությունների վերաբերյալ վերաբերելի մասնագիտական գնահատականների իրավական նշանակությանը, անպատշաճ որակի ապրանքի սահմանման և դրա հիմքով՝ պայմանագիրը միակողմանի լուծելու հարցերին:

Վերջնարդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ ըստ էության Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/1958/02/25 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։

Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Օրենսգրքի 485-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԻվաՖարմ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Վ. Վարդանյան

Ա. Վաղարշյան

27 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-95

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-95
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել