«ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 27 | «ՌԱՅՎ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
4 դեկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբª Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ն 14.11.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «… Հայաստանի Հանրապետության Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 119-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի անհամապատասխանության վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին և ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 28-րդ հոդվածին, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմումատուի և «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրերի, ենթավարկային պայմանագրերի, հիփոթեքային և երաշխավորության պայմանագրերի կապակցությամբ ծագած վեճերը լուծվել են Արբիտրաժային տրիբունալի կողմից կայացված 09.10.2015թ. վճռով: «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է միջնորդություն Արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին: Դիմումատուն դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Արբիտրաժային տրիբունալի վճիռը չեղարկելու մասին, որը դատարանի 02.11.2015թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2016թ. որոշմամբ Արբիտրաժային դատարանի 09.10.2015թ. որոշումը ճանաչվել է պարտադիր: Դիմումատուների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2017թ. որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվել է ուժի մեջ: Դիմումատուների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը վարույթ մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 10.05.2017թ. որոշմամբ:
3. Դիմողի` վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության օրենսգրքում կողմերի ծանուցման համար նախատեսել է հստակ ընթացակարգ, որի պահպանման պարագայում միայն դատարանը կարող է համարել կողմի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը: Իսկ առաջին ատյանի դատարանի կողմից 02.11.2016թ., 03.11.2016թ., 04.11.2016թ. նշանակված դատական նիստերի վերաբերյալ կողմերը որևէ ծանուցում չեն ստացել: Մինչդեռ դատարանը պարտավոր էր թե՛ միջնորդության մասին իր որոշման վերաբերյալ, թե՛ դատական նիստը շարունակելու դեպքում կատարել կողմերի պատշաճ ծանուցում: Դիմողի կարծիքով ամեն դեպքում դատական նիստը թե՛ ընդհատման, թե՛ հետաձգման դեպքում վերսկսվում է ընդհատման պահից, ուստի դատական նիստի մասնակիցները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ընդհատման պահից վերսկսված գործի քննությանը, ինչպիսի պարագայում անհրաժեշտ է ապահովել դատական նիստի պատշաճ ծանուցումը:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36- րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ օրենսդիրը նախատեսելով արբիտրաժային վճռի չեղարկման նախապայմաններ և դիմելու հնարավորություն, միաժամանակ տալիս է հնարավորություն դատարան ներկայացնել միջնորդություն արբիտրաժի վճիռը պարտադիր ճանաչելու և կատարողական թերթ ստանալու համար: Մինչդեռ այն հանգամանքը, որ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը կարող է ներկայացվել արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է բառացի արբիտրաժի վճիռը պարտադիր ճանաչելու և կատարողական թերթ ստանալու մասին միջնորդություն ներկայացնելու և այն քննության առարկա դարձնելու հանգամանքը: Օրենսդրական նման իրավակարգավորման պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի դեպքում դատարանը քննում է վճռի օրինականությունը, մեկ այլ դեպքում մինչ վճռի օրինականության հարցի վերջնական լուծումը, դատարանը կայացնում է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրավական հիմնավորումներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ դատարանը, առանց ճշտելու ժառանգության բացման և ընդունման հարցը և դրա հետևանքով ժառանգատուի պատշաճ ծանուցման հանգամանքը, կայացրել է դատական ակտ: Իսկ տվյալ դեպքում խնդրո առարկա գործի քննությունն անհնարին է մինչև իրավահաջորդության հարցի լուծումը: Ընդ որում, ինչպես նշում է դիմողը, ներկայացնելով մի շարք այլ դատական գործեր իրավակիրառ պրակ- տիկայում դատարանները հիմնականում կասեցնում են գործի վարույթը մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մասնակի ընդունման հետևյալ պատճառաբանությամբ:
4.1. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի մասով.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի հիման վրա Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ
սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Այսինքն, վերոշարադրյալի համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ երեք չափորոշիչները, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված` մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար.
• անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ,
• դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում,
• դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդված ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում վերոշարադրյալ պահանջները:
Նշվածի համատեքստում վիճարկվող նշված դրույթների վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Հետևաբար, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վիճարկման մասով դիմումն ակնհայտ անհիմն է:
4.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի, 105- րդ հոդվածի 3-րդ մասի, 119-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների սահմանադրականության մասով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողը բարձրացրել է դրանց կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «...օրենսդիրը քաղաքացիական դատավարության օրենսգրքում կողմերի ծանուցման համար նախատեսել է հստակ ընթացակարգ, որի պահպանման պարագայում միայն դատարանը կարող է համարել կողմի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը..., մինչդեռ դատարանը պարտավոր էր թե՛ միջնորդության մասին իր որոշման վերաբերյալ, թե՛ դատական նիստը շարունակելու դեպքում կատարել կողմերի պատշաճ ծանուցում..., դատարանն առանց ճշտելու մահից հետո ժառանգության բացման և ընդունման հարցը և դրա հետևանքով ժառանգատուի պատշաճ ծանուցման հանգամանքը, կայացրել է դատական ակտ, մինչդեռ պետք է կասեցներ գործով վարույթը մինչև իրավահաջորդության հարցի լուծումը... », վկայում են այն մասին, որ խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը, նշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի ներքո, իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
4.3. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների սահմանադրականության վիճարկման մասով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 3-րդ մասի, 119-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների մասով, մերժել:
2. «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի անհատական դիմումը «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի մասով ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
4 դեկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
