ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 32 | ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի
Կարեն Մկրտչյանը և Նարինե Ավետիսյանը 2016թ. նոյեմբերի 14-ին դիմել են ՀՀ
սահմանադրական դատարան խնդրելով.
«ՀՀ սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և
անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ
կետի դրույթները»:
Դիմողները գտնում են, որ իրենց նկատմամբ դատարանների կողմից կիրառվել և
իրենց համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:
Դիմողները կարծում են, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում ՀՀ
Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներով սահմանված իրավական որոշակիության
սկզբունքին, քանի որ հնարավորություն չի տալիս իրավունքի սուբյեկտներին
ընկալելու օրենսդրի պահանջը, կանխատեսելու դրա հետևանքները և իրենց վարքագիծը
համապատասխանեցնելու այդ պահանջներին:
Ըստ դիմողների` հայցային վաղեմության ժամկետի կասեցման հետ կապված
հարաբերությունների ոչ հստակ կարգավորվածությունը զրկում է անձին իր
իրավունքների արդյունավետ պաշտպանության և գործի քննության իրավունքից:
Դիմողների կարծիքով` իրենց իրավունքների արդյունավետ դատական
պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները խախտվել են, քանի որ ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումները, որոնք վերաբերում են վճարման
կարգադրության դիմում ներկայացնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի
ընթացքի կասեցման հարցին, հստակ պատասխան չեն տալիս արդյոք հայցային
վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է վճարման կարգադրության դիմումը
դատարան ներկայացնելիս, թե այն դեպքում, երբ վճարման կարգադրություն արձակելու
դիմումը բավարարվում է, սակայն պարտապանն առարկություն է ներկայացնում:
Հետևաբար, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված տարաբնույթ
մեկնաբանությունները, որոնք պայմանավորված են նորմի անորոշությամբ, հանգեցրել
են դիմողների կողմից իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և
արդար դատաքննության իրավունքների իրացման անհնարինության:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և
ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածների
պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ
դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի
որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում
գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին»
ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական
կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ՀՀ
Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն
ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ
Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
2 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-32
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
