Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7626 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-76)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 76 | ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Խաչատուր Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Խաչատուր Մարգարյանը (այսուհետ նաև՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 18-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»:

2. Ըստ Դիմողի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտությունը ձևակերպված չէ բավարար հստակությամբ ու որոշակիությամբ, չի ապահովում նորմի կանխատեսելիությանը ներկայացվող պահանջը, ինչը հանգեցրել է դատարանների կողմից այդ նորմի հակասահմանադրական մեկնաբանման, որի արդյունքում խախտվել են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները:

Դիմողը նշում է, որ քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշման դատական ստուգման ընթացքում դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք առկա է քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում, իսկ այդպիսի խախտում հայտնաբերելու դեպքում՝ արդյո՞ք այն հանգեցրել է անձի իրավունքների և օրինական շահերի խախտման: Այնինչ Դիմողի կարծիքով՝ սույն պարագայում քննիչը, դատախազը և դատարանները, օգտվելով «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտության անորոշ ձևակերպումից, քրեական վարույթ նախաձեռնելու փուլում քրեական վարույթ նախաձեռնելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը պարզելու փոխարեն կարծես հաստատել են հանցագործության փաստի բացակայությունը:

Դիմողը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված՝ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, որպեսզի բացառվի իրավասու մարմինների կողմից հիշյալ արտահայտության ընտրողաբար, տարբերակված կամ ցանկացած այլ մեկնաբանումները, իսկ հանցանքի մասին քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդմամբ քննչական մարմիններին դիմած անձանց համար կանխատեսելի լինեն իրենց իրավաչափ ակնկալիքները պետական իրավասու այդ մարմինների կողմից մինչդատական վարույթի իրականացման հարցում:

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտությունը պարզապես առիթ է ստեղծում անորոշ ձևակերպման պայմաններում կայացնելու այնպիսի դատական ակտեր, որոնց պատճառաբանությունները և հիմնավորումները ոչ թե բովանդակալից են, այլ ձևական բնույթի, քանի որ դրանք կառուցված չեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների վրա, ինչը համահունչ չէ արդար դատաքննության իրավունքի ոգուն:

Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով բավարար չափով չի բովանդակում «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» ձևակերպման առարկայական չափանիշներ, չի սահմանում քրեական վարույթ նախաձեռնելու նվազագույն շեմը որոշելու կարգը (եղանակը) կամ պայմանները, փաստացի թույլ է տալիս հիշյալ նորմը կիրառել Սահմանադրությանը և Քրեական դատավարության օրենսգրքին հակասող բովանդակությամբ (մեկնաբանմամբ)՝ կայացնելով այնպիսի դատական ակտեր, որոնց պատճառաբանությունները և հիմնավորումները ոչ թե բովանդակալից են, այլ ձևական բնույթի, քանի որ դրան կառուցված չեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների վրա, ինչը համահունչ չէ արդար դատաքննության իրավունքի ոգուն:

Միաժամանակ Դիմողը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտությունը Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի փոխկապակցության մեջ կիրառելը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ տարր հանդիսացող՝ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման արգելքի պահանջին՝ խոչընդոտելով իրավական պետության քրեաիրավական քաղաքականության իրականացումը, իրավունքի շահի գերակայությունը և հասարակության ու պետության քրեաիրավական անվտանգությունը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանների գործողությունների իրավաչափության հարց:

Մասնավորապես՝ վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

- «Այնինչ՝ սույն պարագայում քննիչը, դատախազը և դատարանները, օգտվելով «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտության անորոշ ձևակերպումից, քրեական վարույթ նախաձեռնելու փուլում քրեական վարույթ նախաձեռնելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը պարզելու փոխարեն կարծես հաստատել են հանցագործության փաստի բացակայությունը»,

- «(…) [Քրեական դատավարության օրենսգրքի] 173-րդ հոդվածի 2-րդ մասի «ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական» արտահայտությունը պարզապես առիթ է ստեղծում անորոշ ձևակերպման պայմաններում կայացնել այնպիսի դատական ակտեր, որոնց պատճառաբանությունները և հիմնավորումները ոչ թե բովանդակալից են, այլ ձևական բնույթի, քանզի դրանք կառուցված չեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների վրա, ինչը համահունչ չէ արդար դատաքննության իրավունքի ոգուն»։

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0240/11/25 դատական գործով դատարանների գործողություններին և կայացրած դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա դատական գործով դատարանների՝ գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քրեական գործի շրջանակում դատարանների գործողությունների և կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Խաչատուր Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

26 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-76

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-76
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել