«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-176)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 օգոստոսի 2021թ. ՍԴԱՈ - 176 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 258-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի հուլիսի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խնդրել է որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
2. Ըստ դիմողի վիճարկվող իրավադրույթի և քաղաքացուն մահացած ճանաչելու հիմքերը սահմանող նորմերի հիպոթեզում նկարագրված պայմանների միջև առկա է անհամաչափ խզում։ Մասնավորապես վերը վկայակոչված դատավարական նորմը, հաշվի չառնելով քաղաքացու տևական և անհայտ բացակայության հիմքում ընկած պատճառները, իմպերատիվ եզրափակում է քաղաքացիական գործի վարույթը առանց այն ըստ էության լուծելու։ Դիմողը գտել է, որ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված նորմը Սահմանադրության 60, 61, 63 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ և արդյունավետ միջոց չէ վկայակոչված իրավահարաբերությունները կարգավորելու համար: Նման իրավակարգավորմամբ լիարժեք հաշվի չեն առնվում արդար դատաքննության շրջանակներում դիմող անձի (անձանց) կոնկրետ սուբյեկտիվ իրավունքների կրողի և այդ իրավունքների պաշտպանության կամ դրանց անարգել իրացման հետ կապված օբյեկտիվ կամ այլ հանգամանքների լրիվ ու բազմակողմ ուսումնասիրման և գնահատման անհրաժեշտությունը, իսկ նման հնարավորության բացակայությունը լիարժեք չի երաշխավորում անձի արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը։ Դիմողը նշել է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջների համատեքստում վիճարկվող դրույթում ամրագրված քաղաքացիական գործի վարույթը կարճելու անվերապահ, կատեգորիկ, իմպերատիվ դրույթն անմիջականորեն չի բխում պետության և հասարակության անձի սեփականության իրավունքի հանդեպ գերակայող շահերի ապահովման անհրաժեշտությունից և անհրաժեշտ միջոց չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակին հասնելու համար, համարժեք չէ սահմանափակվող իրավունքի նշանակությանը, արդարացի միջոց չէ հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: Բացի դրանից, դիմողի գնահատմամբ քաղաքացիական գործի վարույթի կարճումը զուտ միայն անձի հետախուզման մեջ գտնվելու փաստի հիմքով, առանց անդրադառնալու հետախուզման մեջ գտնվելու տևողությանը, անձին հետախուզում հայտարարելու հանգամանքներին, մահացած ճանաչելու պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներին, անձի բացակայության պատճառ հանդիսացած իրողություններին համաչափ չէ անհայտ բացակայող քաղաքացու իրավունքների պաշտպանության նպատակին, քանի որ միայն հետախուզման փաստի գոյությունը չի կարող գնահատվել բավարար, անձին մահացած ճանաչելու համար անհրաժեշտ բոլոր ենթադրվող և որպես օրենսդրական կանխավարկած գործող ենթադրությունները բացառելու համար։ Նման պայմաններում միայն հետախուզման մեջ գտնվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճումը և սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ամբողջ կառուցակարգի կատեգորիկ եզրափակումը դիմողի գնահատմամբ համահունչ չէ պիտանիության սահմանադրաիրավական պահանջին: Միաժամանակ դիմողը նշել է, որ վիճարկվող իրավակարգավորումներով խախտվում են Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջները. վիճարկվող իրավադրույթում, ինչպես նաև հարակից օրենսդրական կանոններում ընդհանրապես առկա չեն կառուցակարգեր կամ ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան շահագրգիռ անձին, գործի քննության պարտադիր դատական ենթակայության պայմաններում, և նույնիսկ պարտադիր ենթակայություն սահմանված չլինելու դեպքում, դատական կարգով վերացնել իրավունքների իրացման խոչընդոտները, պաշտպանել սուբյեկտիվ իրավունքները պատշաճ դատավարական կամ այլ ընթացակարգերի շրջանակներում:
3. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է Սահմանադրության մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) համատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (դատարանների կողմից վիճարկվող նորմի ձևական կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել իր 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ ՍԴԱՈ-81 որոշման մեջ): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
4. Տվյալ դեպքում դիմողի կողմից վիճարկվում է Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն այն դեպքում, երբ դիմողը չի հիմնավորել, որ իր կողմից քննվող քաղաքացիական գործի լուծումը վերաքննիչ բողոքի քննությունը, հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով։ Այսպես, դիմողը նշել է, որ քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի վարույթն առաջին ատյանի դատարանի կողմից կարճվել է, որի դեմ դիմող ֆիզիկական անձը ներկայացրել է վերաքննիչ բողոք դրանում միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում առկա չեն փաստարկներ և հիմնավորումներ այն մասին, թե արդյո՞ք վերաքննիչ բողոքը պարունակում է որևէ հիմնավորում վիճարկվող դրույթի դատարանի կողմից կիրառման իրավաչափության վերաբերյալ (նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով) և, ըստ այդմ, արդյո՞ք վերաքննիչ բողոքի քննությունը հնարավոր է բացառապես վիճարկվող դրույթի կիրառմամբ: Ընդ որում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոչ թե Սահմանադրական դատարանը ենթադրությունների հիման վրա պետք է եզրահանգում կատարի վերաքննիչ բողոքում որոշակի հիմքի առկայության և դրանով պայմանավորված գործը բացառապես վիճարկվող դրույթի կիրառման միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ, այլ վերոնշյալ հարցերի պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի դիմումից (տվյալ դեպքում դատական ակտից)։ Հետևաբար նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու» վերաբերյալ պայմանը: Միաժամանակ, դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողի դատողությունները կրում են բացառապես վերացական բնույթ, մասնավորապես դիմումում հիմնավորված չէ նշված դատողությունների առնչությունը դիմողի վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներին։ Ամփոփելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 258-րդ հոդվածի 3-րդ մասը վիճարկելիս դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, հետևաբար դիմողը տվյալ հարցով իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԱՈ-176
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-176
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
