«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-195)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 դեկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 195 | «ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի նոյեմբերի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը (փոստային ծառայությանն է հանձնվել 2024 թվականի նոյեմբերի 25-ին):
Դիմողը, «քննարկելով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Մարատ Սարգսի Սարգսյանի դիմումի քննարկման կապակցությամբ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու հարցը», 2024 թվականի նոյեմբերի 21-ին որոշել է.
«Թիվ ԱՐԴ/0074/12/24 միջնորդությունով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»։
2. Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրության 28, 72 և 75-րդ հոդվածներին:
Դիմողը, վկայակոչելով և մեջբերելով Սահմանադրության, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (ուժը կորցրել է) ՀՀ քրեական օրենսգրքի և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դրույթները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի դրույթները, արձանագրել է, որ «(…) առկա է հիմնավոր կասկած, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթը հակասում է Սահմանադրությանը և դատապարտյալ Մարատ Սարգսի Սարգսյանի դիմումի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով»:
Դիմողն արձանագրել է, որ «(…) Նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալը կարող էր դիմում ներկայացնել նշանակված փաստացի պատժի երեք քառորդը կրելուց հետո, մինչդեռ Գործող քրեական օրենսգրքի պայմաններում՝ նշանակված փաստացի պատժի երկու երրորդը կրելուց հետո: Դատարանը փաստում է, որ գործող քրեական օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ են նախատեսվել»:
Դիմողը, մեջբերելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/0004/12/22 գործով 2024 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները, նշել է. «Վերոնշյալ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը, մատնանշելով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնը, փաստել է, որ հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի՝ Գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատիժը կրելու նվազագույն ժամկետները հետադարձությամբ կիրառելի չեն»:
Դիմողն օրենսդրական փոփոխությունների արդյունքում վաղեմության ժամկետների փոփոխության իրավական հետևանքների հարցի համատեքստում մեջբերել է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 գործով 2024 թվականի մայիսի 31-ի որոշման 11.2-13-րդ կետերում արտացոլված մոտեցումները:
Դիմողն արձանագրել է, որ «(…) մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա չէ որևէ հիմնավորում առ այն, թե ինչի համար այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել մինչև գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը, կատարած արարքի համար, պետք է ավելի երկար կրի իր պատիժը, որից հետո հնարավորություն ունենա դիմելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքով, քան այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կատարած արարքի համար»:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան), ուստի՝ գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
Սահմանադրության վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները՝
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ, և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն):
3.2. Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարանի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, ընդ որում՝ ներկայացված դիրքորոշումները չպետք է սահմանափակվեն լոկ դատավարության/վարույթի համապատասխան մասնակիցների՝ սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ կամ նման դիրքորոշումների շրջանակներում՝ առանց սեփական դատողությունների համակարգված շղթան ներկայացնելու, վիճարկվող նորմի կիրառման վերաբերյալ հարցերը դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիտարկումների համատեքստում բարձրացնելով:
(...)
(...) Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերահաստատելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները և դրանք կիրառելի համարելով սույն գործով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում Դիմողի՝ վիճարկվող օրինադրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ այնպիսի իրավական հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումով Դիմողը սահմանափակվել է առավելապես Սահմանադրության, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (ուժը կորցրել է) ՀՀ քրեական օրենսգրքի և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դրույթները վկայակոչելով և մեջբերելով, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/0004/12/22 գործով 2024 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԱՔԴ/0196/01/17 գործով 2024 թվականի մայիսի 31-ի որոշման 11.2-13-րդ կետերում արտացոլված մոտեցումները մեջբերելով և այդ համատեքստում, մասնավորապես, արձանագրելով, որ «(…) Նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալը կարող էր դիմում ներկայացնել նշանակված փաստացի պատժի երեք քառորդը կրելուց հետո, մինչդեռ Գործող քրեական օրենսգրքի պայմաններում՝ նշանակված փաստացի պատժի երկու երրորդը կրելուց հետո: Դատարանը փաստում է, որ գործող քրեական օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ են նախատեսվել:
(...)
(...) մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա չէ որևէ հիմնավորում առ այն, թե ինչի համար այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել մինչև գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը, կատարած արարքի համար, պետք է ավելի երկար կրի իր պատիժը, որից հետո հնարավորություն ունենա դիմելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքով, քան այն դատապարտյալը, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կատարած արարքի համար»:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելիս Դիմողի՝ վիճարկվող օրինադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված բավարար պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը: Հետևաբար՝ Դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, որպիսի պայմաններում առկա է սույն դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը՝ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
17 դեկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-195
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-195
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
