ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 դեկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 18 | ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 դեկտեմբերի 2014 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 407-րդ հոդվածի 5-րդ մասը, 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. դիմողը գտնում է, որ նշյալ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներն իր վրա դրել են լրացուցիչ պարտավորություններ, այն է` «վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), վճռաբեկ բողոքը ներկայացվում է փաստաբանի միջոցով»:
Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասը, 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին, քանի որ իրեն զրկում են իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հնարավորությունից` միաժամանակ խախտելով դատարանի մատչելիության իրավունքը:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած` իր կարծիքով անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
3. Դիմումի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
4. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանին միջնորդություն է ներկայացրել` իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով ` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել:
2. Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի անհատական դիմումի հիման վրա գործը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մասով ընդունել քննության:
3. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
12 դեկտեմբերի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
