Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7928 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 79 | «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով

«Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Էդվարդ Մովսիսյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 17-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված՝ «ապահովադրին կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին)» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ այն հիմքով, որ այն ապահովադրի և շահառուի տարբեր անձինք լինելու դեպքում չի սահմանում ապահովագրական հատուցում պահանջելու և ստանալու իրավունքի սուբյեկտի հստակ և կանխատեսելի սահմանազատում՝ հնարավորություն տալով նույն իրավակարգավորման շրջանակում ձևավորել միմյանց բացառող իրավական հետևություններ, ինչի հետևանքով ստեղծվում է ապահովագրողի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման հնարավորություն՝ հակասելով ՀՀ Սահմանադրության 60-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված՝ «ապահովադրին կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին)» ձևակերպումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ դրա գործող խմբագրությունը չի ապահովում որոշակիության այնպիսի մակարդակ, որը կբացառի ապահովադրի և շահառուի իրավական կարգավիճակների վերաբերյալ միմյանց բացառող իրավական հետևությունների առաջացումը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթից բխում է, որ օրենսդիրը նշել է ապահովագրական հատուցում պահանջելու և ստանալու հնարավոր երկու տարբեր սուբյեկտների՝ ապահովադրին և շահառուին, սակայն տվյալ նորմով չեն սահմանվել հստակ չափանիշներ, թե ապահովադրի և շահառուի տարբեր անձինք լինելու դեպքում նրանցից ո՞վ է ապահովագրական հատուցում պահանջելու և ստանալու իրավունքի կրողը:

Ըստ Դիմողի՝ օրենսդիրը շահառուի ինստիտուտին վերապահել է ոչ միայն ապահովագրական հատուցում փաստացի ստացողի, այլև ինքնուրույն իրավական նշանակություն ունեցող սուբյեկտի կարգավիճակ: Մինչդեռ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի գործող խմբագրությունը չի սահմանում, թե այդ կարգավիճակն ինչպե՞ս է հարաբերակցվում ապահովադրի կարգավիճակի հետ, ինչի հետևանքով առաջանում է իրավական որոշակիության սահմանադրաիրավական խնդիր:

Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման շրջանակում հնարավոր է ձևավորել այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ շահառուի կարգավիճակը կապված է ոչ միայն ապահովագրական հատուցման փաստացի ստացման, այլև այդ հատուցումը պահանջելու իրավունքի կրողի որոշման հետ: Միաժամանակ Դիմողը գտնում է, որ նույն իրավադրույթի այլ մեկնաբանությամբ ապահովագրական հատուցման պահանջի իրավունքը վերագրվել է ապահովադրին՝ որպես ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող անձի: Ըստ Դիմողի՝ այս հանգամանքը վկայում է, որ խնդիրը պայմանավորված չէ միայն որևէ կոնկրետ դատարանի կողմից նորմին տրված մեկնաբանությամբ, այլ հենց վիճարկվող դրույթի ձևակերպմամբ, որը չի սահմանում ապահովադրի և շահառուի իրավունքների հարաբերակցության հստակ և կանխատեսելի չափանիշներ:

Դիմողը գտնում է, որ սույն պարագայում ապահովագրողի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունը պայմանավորված է եղել ոչ թե օրենսդրորեն հստակ սահմանված իրավունքի կրողի պահանջի բավարարմամբ, այլ այնպիսի իրավական իրավիճակով, որի պայմաններում պահանջի իրավունք ունեցող սուբյեկտը որոշվել է վիճարկվող նորմի անորոշության արդյունքում: Ըստ Դիմողի՝ նման միջամտությունը չի համապատասխանում սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրական տրամաբանությանը: Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի անորոշությունը ոչ միայն խախտում է իրավական որոշակիության սկզբունքը, այլ նաև ստեղծում է սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման հիմք:

Դիմողը նաև նշում է, որ ապահովագրողի սեփականության իրավունքի սահմանափակումը չի համապատասխանում համաչափության սկզբունքին, քանի որ պետության կողմից ստեղծված իրավակարգավորման անորոշության բացասական հետևանքները փաստացի փոխանցվել են մասնավոր անձին: Դիմողի պնդմամբ՝ իրավական պետության սկզբունքից բխում է, որ անձը չպետք է կրի այնպիսի գույքային հետևանքներ, որոնք առաջացել են ոչ թե իր իրավաչափ վարքագծի, այլ օրենսդրական կարգավորման անորոշության պատճառով:

Ամփոփելով՝ Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող իրավադրույթում առկա սահմանադրաիրավական խնդիրը ոչ միայն դրա՝ իրավական որոշակիության սկզբունքին անհամապատասխանությունն է, այլ նաև այն, որ տվյալ իրավադրույթում առկա անորոշ ձևակերպումը ստեղծում է այնպիսի իրավական միջավայր, որտեղ հնարավոր է անձի սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրականացումը՝ առանց այդ միջամտության հիմքի և ծավալի բավարար կանխատեսելիության:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Մասնավորապես՝ վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

«Ապահովագրության ինստիտուտի տրամաբանությունից հետևում է, որ ապահովագրական հատուցման տրամադրումը պետք է կապակցված լինի այն անձի իրավական կարգավիճակի հետ, որի գույքային շահն ապահովագրվել է տվյալ պայմանագրով և որի օգտին ձևավորվել է համապատասխան ապահովագրական իրավահարաբերություն։ Երբ ապահովագրական հատուցումը տրամադրվում է ոչ թե շահառուին, այլ անձի, այդ թվում՝ ապահովադրին, որը տվյալ հարաբերությունում չի հանդիսանում հատուցման պահանջի իրական կրող, ապա ապահովագրական պաշտպանության նպատակը չի իրականացվում։ Ավելին, նման մոտեցումը խաթարում է հենց ապահովագրական հարաբերությունների կառուցվածքը, քանի որ պայմանագրում շահառուի նախատեսումը կորցնում է իր իրավական նշանակությունը։ Եթե նույնիսկ շահառուի հստակ նշման պայմաններում ապահովագրական հատուցում պահանջելու իրավունքը կարող է վերագրվել այլ անձի, ապա շահառուի ինստիտուտը դառնում է զուտ ձևական և չի առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք օրենսդիրը նախատեսել է դրա համար։ (...): Ուստի, ապահովադրին հատուցում վճարելու պարտադրումը ոչ միայն չի ապահովում ապահովագրության նպատակների իրականացումը, այլև հակասում է այդ ինստիտուտի ներքին տրամաբանությանը (...)»։

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակում դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում արձանագրել, որ սույն թվականի հուլիսի 14-ին Դիմողի կողմից ներկայացվել էր ըստ էության նույնաբովանդակ դիմում, որի ընդունումը Սահմանադրական դատարանի դատական կազմի 2026 թվականի հուլիսի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ մերժվել էր՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու պատճառաբանությամբ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

28 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-79

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-79
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել