Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԴԱՎ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԴԱՎ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2725 նոյեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 նոյեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 27 | «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

25 նոյեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ն 07.11.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «... «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 33.1-րդ և 32-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով զգալիորեն սահմանափակվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու օրենսդրությամբ չարգելված գործունեությամբ զբաղվելու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, նույնիսկ նման գործունեություն իրականացնելու համար հատուկ թույլտվության լիցենզիայի առկայության դեպքում։

Դիմողը կարծում է, որ նույնիսկ օրենքով սահմանված լիցենզիայի առկայության պարագայում տնտեսավարող սուբյեկտը չի կարող անարգել իրականացնել այն գործունեությունը, որի համար ունի օրենքով տրված թույլտվություն, ինչի արդյունքում խախտվում է անձի ՀՀ Սահմանադրության 8-րդ, 33.1-րդ և 32-րդ հոդվածներով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության, օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատանքի ընտրության ազատության հիմնարար իրավունքները և էականորեն սահմանափակվում է ազատ տնտեսական մրցակցությունը։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, կարծում ենք, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է այն դիտարկել վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների համատեքստում։ Այսպես, վիճարկվող դրույթը սահմանում է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ Մրցույթի անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Այսինքն օրենսդիրն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման մրցույթի անցկացման կարգը սահմանելու լիազորությունը հստակորեն վերապահել է ՀՀ կառավարությանը դրանով իսկ վերջինիս լիազորելով լուծելու այդ մրցույթի իրականացման հետ կապված բոլոր հարցերը, որոնք պետք է բխեն օրենքից և չհակասեն դրան։ Մյուս կողմից, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը որպես ավտոմոբիլային տրանպորտի ոլորտում պետական կարգավորման առանձին ձև սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների լիցենզավորում, որի նպատակն է սպառողների իրավունքների պաշտպանությունը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը, անձի կյանքին, առողջությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդվածների։ Կառավարության 16.08.2001թ. թիվ 762 որոշման համաձայն ուղևորափոխադրումներ իրականացնելու հավակնություն ունեն այն կազմակերպությունները, որոնք ունեն ճանապարհային ոստիկանությունում հաշվառված սեփականության /կամ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ։ Իսկ մրցույթին մասնակցելու համար, ի թիվս այլ պայմանների, նախատեսվում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիայի առկայություն։ Այսինքն լիցենզիայի առկայությունն անհրաժեշտ, սակայն միակ չափանիշը չէ, որպեսզի համապատասխան կազմակերպությունը լիազորություն ունենա իրականացնելու կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Այս առումով, դիմողի փաստարկներն առ այն, որ նույնիսկ օրենքով սահմանված լիցենզիայի առկայության պարագայում տնտեսավարող սուբյեկտը չի կարող անարգել իրականացնել այն գործունեությունը, որի համար ունի օրենքով տրված թույլտվություն, ակնհայտ անհիմն են, և վիճարկվող դրույթն այս համատեքստում սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում,

բ/ դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողը, ընդամենը, բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

25 նոյեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 նոյեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել