«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-209)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 209 | «ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Զոյա Մկրտչյանի (այսուհետ` դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 20-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ կամ (և) այլ հոդվածներին»: Սահմանադրական դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ի ՍԴԱՈ-137 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, իսկ դիմողի նույն անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի մնացած կետերի մասով, մերժել է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենսգրքի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է. «1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
(...)
5) բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար.»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
2. Ներկայացնելով թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործի դատավարական նախապատմությունը դիմողը նշում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ դրանում որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափ վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք սահմանված չէ հետագայում օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչվել հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել սկզբնապես օրինական ուժի մեջ մտած և նոր հանգամանքի հիմքով վերանայման ենթակա դատական ակտի կայացման համար: Դիմողը գտնում է, որ գործնականում առկա են լինում բազում դեպքեր, երբ վարչական ակտերը, այդ թվում նաև հանրային դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող վարչական ակտերը, դատական կարգով վիճարկման առարկա են դառնում և դատարանի կողմից անվավեր են ճանաչվում այն բանից հետո, երբ դրանք արդեն իսկ դրվել են օրինական ուժի մեջ մտած այլ դատական ակտերի կայացման հիմքում, այլ կերպ արդեն իսկ հիմք են ծառայել որևէ գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման համար: Ըստ դիմողի այդպիսին են, օրինակ, այն դեպքերը, երբ հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի հանձնվում հասցեատիրոջը, այլ միանգամից ուղարկվում է հարկադիր կատարման կամ դրվում է դատարան ներկայացվող որևէ դատավարական փաստաթղթի հայցի կամ դիմումի հիմքում հետագայում հիմք ծառայելով ի վնաս այդ ակտի հասցեատիրոջ դատական ակտ կայացվելու, օրինակ անձին հարկադրաբար սնանկ ճանաչելու համար: Նման դեպքերում, ըստ դիմողի, անձն իր կամքից անկախ պատճառով երբեմն ստիպված է լինում դատարան դիմել այն փուլում, երբ տվյալ վարչական ակտն արդեն իսկ հիմք է ծառայել որևէ գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման համար, և անձը, հանիրավի հայտնված լինելով այդպիսի իրավիճակում, ստիպված է լինում նախ վերականգնել դատարան դիմելու ժամկետը և ստանալ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորություն, ապա ձեռնամուխ լինել իր իրավունքները խախտող վարչական ակտի անվավերության պահանջի ներկայացմանը: Այս դեպքում դիմողի համոզմամբ որևէ նշանակություն չպետք է ունենա, թե խնդրո առարկա վարչական ակտը ո՞ր պահից է ճանաչվել անվավեր ընդունման պահից, թե՞ այդ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, քանզի երկու դեպքում էլ հետևանքը նույնն է անձի դեմ դատական ակտ կայացնելու հիմք ծառայած վարչական ակտը համարվում է վերացած, դադարում է գոյություն ունենալ և կորցնում է իրավական ուժը, ուստիև դադարում է այդ վարչական ակտի իրավական հետևանքներ առաջացնելու հատկությունն ու կարողությունը: Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավադրույթը նոր հանգամանքների շարքից դուրս է թողնում օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, ոչ թե ընդունման պահից է անվավեր ճանաչվել հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք էր ծառայել օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի կայացման համար: Ըստ դիմողի նման կարգավորումը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին այն առումով, որ պարունակում է անձի հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակում: Դիմողը գտնում է, որ վիճարկվող կարգավորումը չի երաշխավորում գործի համար նշանակություն ունեցող, բայց հետագայում գործը լուծվելուց հետո առաջացած, «նոր հանգամանք» ձևակերպման հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքները որպես «նոր հանգամանք» գնահատելու հնարավորությունը, մասնավորապես այն իմաստով, որ այդ հոդվածը հնարավորություն չի տալիս որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափ վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք դիտել բոլոր այն հանգամանքները, որոնք գործի լուծման պահին առկա լինելու և դատարանին հայտնի լինելու դեպքում ողջամիտ հավանականությամբ կհանգեցնեին այլ բովանդակությամբ դատական ակտի կայացմանը, քան այն դատական ակտը, որն այդ նոր հանգամանքի առաջացման հիմքով վիճարկվում է: Հետևաբար ըստ դիմողի սույն գործով վիճարկվող իրավակարգավորմամբ լիարժեք չի երաշխավորվում «նոր հանգամանք» ձևակերպման հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքների հետազոտման ու ազատ գնահատման հնարավորությունը, և, փաստորեն առաջանում են անձի իրավունքներն արդար, մատչելի ու արդյունավետ դատաքննությամբ պաշտպանելու Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի լիարժեք իրացման խոչընդոտներ: Ըստ դիմողի վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին այնքանով, որքանով թույլ է տալիս այնպիսի իրավիճակի առաջացում, երբ զուգահեռ առկա են լինում օրինական ուժի մեջ գտնվող երկու իրարամերժ, բայց և հավասարազոր դատական ակտեր հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող միևնույն վարչական ակտի վավերության, իրավազորության, կիրառելիության և կատարելիության վերաբերյալ, ընդ որում օրենքով սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը թույլ կտա կանխել այդպիսի իրավիճակի առաջացումը, իսկ առաջանալու դեպքում վերացնել այդ իրավիճակը երկու դատական ակտերից որևէ մեկի վերանայման միջոցով կամ իրավաչափ այլ եղանակով: Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը հակասում է Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափ վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք չի սահմանում գործը լուծվելուց հետո այլ գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով այդ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչվել հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի կայացման համար:
3. Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության և Օրենսգրքի համապատասխան հոդվածները, ներկայացնելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դատական ակտի վերանայման համար որպես նոր հանգամանք է համարվում այն վարչական ակտը, այդ թվում հանրային իրավական դրամական պահանջ սահմանող և (կամ) գանձման առաջադրում պարունակող վարչական ակտը, որը դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ընդունման պահից: Նման մոտեցումը բխում է այն տրամաբանությունից, որ վարչական ակտի ընդունման պահից անվավեր հանդիսանալու փաստի հետևանքով դատական ակտի վերանայման ընթացքում կարող են պարզվել տվյալ գործի, հատկապես հանրային իրավական դրամական պահանջի մասով, այնպիսի էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց արդյունքում գործի ելքը կեզրափակվի նախկինից էականորեն տարբերվող պատճառաբանությամբ դատական ակտով: Պատասխանողը գտնում է, որ երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում դրա անվավեր ճանաչելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից, ապա ստացվում է, որ մինչև այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը վարչական ակտը պահպանում է իր վավերությունը: Հետևաբար ըստ պատասխանողի հաշվի առնելով այն, որ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած ակտը դրանից առաջ տեղի ունեցած հանգամանքների համար չի առաջացնում որևէ իրավական հետևանք, օրենսդրի կողմից դա որպես նոր հանգամանք սահմանելը կլինի առարկայազուրկ: Ամփոփելով իր դիրքորոշումները պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթով ամրագրված կարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը «գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` «եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: Սույն դիմումով ներկայացված դիմողի փաստարկների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս բարձրացնում է օրենքի բացի հարց, մասնավորապես` դիմողը նշում է, որ վիճարկվող իրավադրույթը նոր հանգամանքների շարքից դուրս է թողնում օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով օրինական ուժի մեջ մտնելու պահից, այլ ոչ թե ընդունման պահից է անվավեր ճանաչվել հանրային իրավական դրամական պահանջ սահմանող կամ (և) գանձման առաջադրող այն վարչական ակտը, որը հիմք էր ծառայել օրինական ուժի մեջ մտած տվյալ դատական ակտի կայացման համար: Ըստ դիմողի նման կարգավորումը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին այն առումով, որ պարունակում է անձի հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակում: Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել, կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Սույն գործով քննության առարկա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածը սահմանում է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը: Հոդվածը բաղկացած է մեկ մասից և վեց կետերից, որոնց շրջանակներում օրենսդիրը սպառիչ թվարկում է դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքները, որոնց թվում է նաև Օրենսգրքի 419-րդ հոդվածի դիմողի կողմից վիճարկվող 1-ին մասի 5-րդ կետը, համաձայն որի նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար: Դիմողը վիճարկվող դրույթի այն է, ընդունման պահից անվավեր ճանաչված վարչական ակտի նոր հանգամանք հանդիսանալը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ չի ներկայացրել որևէ փաստարկ, իսկ ներկայացված փաստարկները վերաբերում են բացառապես այդ հոդվածում դատական ակտի ընդունման պահից անվավեր ճանաչված վարչական ակտերի նոր հանգամանք չհանդիսանալուն: Հարկ է նշել, որ օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և, մասնավորապես` քննության առարկա հոդվածի ուսումնասիրությունից չի բխում, որ դիմողի կողմից մատնանշված հարցի կարգավորումը դուրս է մնացել ընդհանուր կարգավորման տրամաբանությունից, իրավակարգավորման թերություն է կամ առանձին պատվիրանի բացակայություն: Այդ առումով, միայն ընդունման պահից անվավեր ճանաչված վարչական ակտը որպես նոր հանգամանք դիտարկելն օրենսդրի կամքն է, ուստիև օրենսդրի հայեցողության շրջանակներում է նաև դատական ակտի ընդունման պահից անվավեր ճանաչված վարչական ակտը նոր հանգամանք դիտարկելը: Հետևաբար` դիմողի կողմից բարձրացված հարցը գտնվում է Ազգային ժողովի իրավասության ներքո և դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից, հետևաբար` ենթակա չէ Սահմանադրական դատարանում քննության: 4.2. Սահմանադրության «Սահմանադրական դատարան դիմելը» վերտառությամբ 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը «գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սույն գործի քննության շրջանակներում, ի պատասխան զեկուցող դատավորի 17.10.2022 թ. թիվ ՍԴԴ-80 գրության` 27.10.2022 թ. ստացվել է Պետական եկամուտների կոմիտեի պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է հետևյալը. «Հայտնում ենք նաև, որ իրավահարաբերության պահին գործող օրենսդրության համաձայն հարկային պարտավորություններն առաջանում էին հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմված ստուգման ակտերի արդյունքներով, իսկ «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» որոշմամբ /այսուհետ նաև Որոշում/ լրացուցիչ պարտավորություններ հարկ վճարողներին չէին կարող առաջադրվել։ Մասնավորապես, հարկային մարմնում Որոշումը կայացվում էր ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածով, համաձայն որի․ «Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: ...Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով»: Հետևաբար, Որոշումը արդեն իսկ այլ հիմքերով /օրինակ` հաշվարկ-հաշվետվության կամ ստուգման ակտի հիմքով/ առաջադրված հարկային պարտավորությունները հարկադիր գանձելուն ուղղված վարչական ակտ է, որով լրացուցիչ պարտավորություններ չեն կարող առաջադրվել։ Ա/Ձ Զոյա Վարդանի Մկրտչյանի վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի համաձայն 09.06.2015թ. կայացվել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1142 գանձման որոշումը: Վերը նշված Որոշմամբ ևս արձանագրված է, թե որ ժամանակահատվածում և ինչ հիմքերով է առաջացած եղել գանձման առաջադրված գումարը /գանձման որոշումը կից ներկայացվում է/: Ա/Ձ Զոյա Մկրտչյանի պարտավորություններն առաջացել են իր կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներից և հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերից: Կոմիտեի կողմից դատարան ներկայացված պահանջի հիմքում դրվել են հարկային պարտավորությունների առաջացման հիմքերը, մասնավորապես` եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկները, պետական տուրքի անձնական հաշվի քարտը, ինչպես նաև 28.07.2011թ. կազմված թիվ 1013876 ստուգման ակտը, որը Ա/Ձ Զոյա Մկրտչյանի կողմից վիճարկվում է ՀՀ Վարչական դատարանում /գործ թիվ ՎԴ/6172/05/14/, և դրա մասով դեռևս առկա չէ վերջնական դատական ակտ։ Հիմք ընդունելով թիվ 1013876 ստուգման ակտի վիճարկման փաստը Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Դատարան 28.07.2011թ. թիվ 1013876 ստուգման ակտի պահանջի մասով գործի քննությունը կասեցնել մինչև ՀՀ Վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/6172/05/14 գործով վերջնական դատական ակտի կայացումը /հիմք Օրենքի 20․1 հոդված/: Անդրադառնալով ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1238/05/20 դատական ակտով Կոմիտեի 09.06.2015թ. «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1142 որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքին հայտնում ենք, որ դատական ակտի կայացման հիմքում դրվել են վարչական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները, իսկ Պարտապանի հարկային պարտավորությունները դադարած չեն համարվել: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ 09.06.2015թ. «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1142 գանձման որոշումը չի դրվել ներկայացված պահանջի հիմքում և չէր էլ կարող դրվել, քանի որ Որոշումը ոչ մի դեպքում չի կարող համարվել պարտավորության առաջացման հիմք, այլ այն արդեն իսկ այլ հիմքերով առաջադրված հարկային պարտավորությունները հարկադիր գանձելուն ուղղված վարչական ակտ է, իսկ հարկային պարտավորությունները որևէ դատական ակտով դադարած չեն համարվել»: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում դիմողը չի հիմնավորել իր կողմից վիճարկվող դրույթի և իր խախտված իրավունքների միջև պատճառահետևանքային կապը, քանի որ իր նկատմամբ առաջացած բացասական իրավական հետևանքները պայմանավորված են այն ակտով, որով սահմանվել են հարկային պարտավորությունները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
20 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-209
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-209
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
