ՅՈՒՐԻԿ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 20 | ՅՈՒՐԻԿ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մարտի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Յուրիկ Նիկոլյանի անհատական
դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Յուրիկ Նիկոլյանը 2020 թվականի մարտի 16-ին 09.03.2020 թ. ներկայացված դիմումն ուղարկվել էր համապատասխանեցման դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «….թիվ ԵԱՔԴ/3476/02/17 քաղաքացիական գործով կիրառված օրենքների ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172 հոդվածի 6-րդ մասով, 273-րդ հոդվածով, 242-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2019 թվականի մայիսի 07-ի և
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումներով իրավակիրառ պրակտիկայում տրված ոչ ճիշտ, տարատեսակ մեկնաբանությունները ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին և ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ դատական ակտերի շրջանակներում յուրաքանչյուր ապացույց չի գնահատվել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված, այսինքն չի կատարվել գործում եղած և ձեռք բերված ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ դատաքննություն, մասնավորապես չեն կիրառվել այն իրավական նորմերի պահանջները, որոնք պետք է կիրառվեին, այն է թույլ են տրվել դատական սխալներ, մասնավորապես դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ, 63-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասով, 273-րդ հոդվածով, 242-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի պահանջները: Դիմողը, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքներ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեփականության իրավունքին առնչվող մի խումբ իրավական դիրքորոշումներ, փաստում է, որ օրենքի ուժով, հայցվորի մոտ պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ ծագել է սեփականության իրավունք: Դիմողը գտնում է, որ կնքելով նախավճարի պայմանագիր և վճարելով պայմանագրի գինը, ձեռք է բերել օրինական ակնկալիք, որ վիճելի գույքի նկատմամբ պետք է ճանաչվի իր սեփականության իրավունքը, քանի որ այն օրինական սպասելիք է:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն ուղղված են նրան, որ կնքելով նախավճարի պայմանագիր և վճարելով պայմանագրի գինը նա ունեցել է օրինաչափ սպասելիք, որ վիճելի գույքի նկատմամբ պետք է ճանաչվի իր սեփականության իրավունքը: Այսինքն, ըստ դիմողի իր իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն կատարվել գործում եղած և ձեռք բերված ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտում, մասնավորապես չեն կիրառվել այն իրավական նորմերի պահանջները, որոնք պետք է կիրառվեին, այն է թույլ են տրվել դատական սխալներ: Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի նոյեմբերի 28-ի վճռով արձանագրել է. «…. անշարժ գույքի նախավճարի պայմանագրի կատարման արդյունքում, օրենքի ուժով, հայցվորի մոտ պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ ծագել է սեփականության իրավունք, որպիսի հանգամանքն էլ հիմք է հայցապահանջը բավարարելու համար: …. կոոպերատիվի անդամի կողմից փայի մուծմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը չի կարող նույնականացվել օտարմամբ կամ համապարփակ իրավահաջորդության կարգով սեփականության իրավունքի ձեռքբերման հետ»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թվականի մայիսի 7-ի որոշմամբ արձանագրել է. «… նախնական պայմանագիրը առանձին քաղաքացիաիրավական համաձայնություն է, որի առարկան է կազմում հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պարտականությունը: Նախնական պայմանագրով կողմերը իրավունք են ձեռք բերում մյուս կողմից պահանջել կնքել հիմնական պայմանագիրը: Նախնական պայմանագրի հիմնական պայմանագիր կնքելու պահանջի իրավունքի դադարման հիմք է համարվում պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կամ 1 տարին. կողմերը այլ ժամկետ չեն սահմանել: Որպես առանձին քաղաքացիաիրավական պայմանագիր Նախնական պայմանագրի կատարումն ապահովելու համար կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել կատարումն ապահովող միջոցներ ձեռնարկելու մասին: Այդպիսի միջոցներից է նախավճարը, որի համաձայն պայմանագրի հասանելիք վճարների հաշվին մեկ կողմը դրամական գումար է տալիս մյուս կողմին, որով ապացուցվում է պայմանագրի կնքված լինելը, ինչպես նաև ապահովվում է պայմանագրի կատարումը.… օրինական սպասելիք հասկացության տակ որպես սեփականություն կարող են համարվել այնպիսի իրավունքները, որոնք անվիճելի են, ենթակա են կատարման և անմիջապես բխում են օրենքից կամ այլ իրավական ակտերից գրավը որպես գույքային իրավունք կնքվում է հիմնական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, այն չի կարող գոյություն ունենալ հիմնական պարտավորությունից անկախ։ Գրավի իրավունքի էությունը գրավ դրված գույքից գրավառուի առաջնային բավարարում ստանալու իրավունքն է։ Հաշվի առնելով գրավի իրավունքի ակցեսոր բնույթը օրենսդիրը այն դասակարգել է գույքային իրավունքների շարքին, որոնք իրենց հերթին ունեն մի շարք տարբերություններ պարտավորական իրավունքներից։ Գույքային իրավունքների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրավատերը սեփական հայեցողությամբ իրացնում է ուրիշին սեփականության իրավունքով պատկանող որոշակի օբյեկտի նկատմամբ իր իրավունքը։ Գույքային իրավունքները ծագում և իրականացվում են միայն օրենքի հիման վրա։ Գույքային իրավունքների իրացման համար անհրաժեշտ չէ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Այս իրավունքները դասակարգվում են բացարձակ իրավունքների շարքին, որոնց համապատասխանում է բոլորի այդ թվում սեփականատերերի պարտականությունը չխոչընդոտել այդ իրավունքների իրացմանը»: Դիմողի կողմից ներկայացված իրավական հիմնավորումները չեն վերաբերում վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումների բովանդակությանը, դրանց տրված դատական մեկնաբանություններին, ընդհանուր վերացական բնույթ են կրում չհիմնավորելով սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հաշվի առնելով այս պահանջը Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ հիմնավորի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով ներկայացնել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Յուրիկ Նիկոլյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
