Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6927 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 69 | ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնելու օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 17-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնել օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ հարկադիր կատարողի կողմից թույլ տրված որևէ ենթադրյալ ընթացակարգային խախտում չի կարող հանգեցնել վարչական ակտի նյութաիրավական իրավաչափությանը, քանի որ հարկադիր կատարողը վտարման վերաբերյալ կատարողական վարույթներով նյութական իրավունքի ոլորտում որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. վտարման վերաբերյալ որոշումն արդեն իսկ կայացվել է դատարանի վճռով, որը չի կարող վերանայվել թե՛ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և թե՛ վարչական դատարանի կողմից։ Ուստի հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշման կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 83-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցնելու դեպքում վարչական դատարանն ուղղակիորեն կասեցնում է օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը։ Դիմողը նշում է նաև, որ նոր ծագած վարչական վեճի քննությունը կարող է հանգեցնել նույն հարցի երկրորդ անգամ քննությանը, որն արդեն իսկ քննվել է քաղաքացիական գործի շրջանակում։ Փաստորեն ստացվում է, որ վարչական դատարանը քննության առարկա է դարձնում պատասխանողին վտարելու իրավաչափությունը, մինչդեռ այդ հարցի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ հարկադիր կատարման գործընթացը կասեցնելով վարչական դատարանը փաստացի կասկածի տակ է դնում օրինական ուժի մեջ մտած վճիռը և վերանայում այն, ինչը հակասում է օրինական ուժի մեջ մտած վճռի որոշակիության սկզբունքին։ Միաժամանակ դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման սահմանափակ հիմքեր (նոր և նոր երևան եկած հանգամանքներ), որոնց շրջանակում միայն օրինական ուժի մեջ մտած վճիռը կարող է վերանայվել, և այդ շրջանակում միայն վերադաս դատարանը կարող է կասեցնել օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը։ Ելնելով վերոնշյալից դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն վարչական դատարանը կարող է կասեցնել հարկադիր կատարողի որոշման կատարումը, որը նույնությամբ արտացոլում է վճռի և կատարողական թերթի բովանդակությունը, խախտում է Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածով երաշխավորված սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ պատասխանող) գտնում է, որ այն դեպքում, երբ վտարվողն ունի այնպիսի հիմնավոր կասկած, որ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման գործընթացն իրականացվում է ոչ իրավաչափ ընթացակարգով, ապա վերջինս չպետք է զրկված լինի նման իրավիճակում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից։ Ըստ պատասխանողի դիմողի կողմից նկարագրված իրավիճակում վարչական դատարանը չի քննում վտարման պահանջի հիմնավորվածությունը, այլ քննության առարկա է դառնում դատական ակտի հարկադիր կատարման իրավաչափ ընթացակարգով իրականացված լինելու հանգամանքը։ Պատասխանողի կարծիքով կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկումն ինքնին չի հանգեցնում օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման կասեցման։ Հատկանշական է, որ օրենսդիրն այդ դեպքում վարչական դատարանի համար սահմանել է գնահատման հնարավորություն հայցվորի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվելու պայմաններում վարչական ակտի կատարման կասեցման նախապայմանների և հիմքերի առկայության կամ բացակայության, դրա անհրաժեշտության և հիմնավորվածության վերաբերյալ։ Այսինքն վարչական դատարանը յուրաքանչյուր դեպքում քննարկում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարման կասեցման հարցը, և այն հանդիսանում է վարչական դատարանի համար հայեցողական իրավունք։ Ըստ պատասխանողի վերոնշյալ դիտարկումներից հետևում է, որ նորմի սահմանադրականության հարցի ենթատեքստում առկա է այդ նորմի գործնականում կիրառման խնդիր, ինչը չի կարող հանգեցնել նորմի հակասահմանադրականության։ Ելնելով վերոնշյալից պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

4. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի զեկուցող դատավոր Ե. Խունդկարյանի կողմից Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ՎԴ/2935/05/22, թիվ ՎԴ/10849/05/21 վարչական գործերը և թիվ ԵԿԴ/3590/02/17, թիվ ԿԴ/0641/02/17 քաղաքացիական գործերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև Օրենք) սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հարկ է ընդգծել, որ այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 որոշման մեջ հայտնել է դիրքորոշում առ այն, որ «(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.

- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,

- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթի և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, մասնավորապես չի հիմնավորվել, թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ինչպես է ազդել դիմողի հիմնական իրավունքների վրա և ինչպես է հանգեցրել այդ իրավունքների խախտման: Ավելին Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում իրավակիրառի կողմից Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունը չի կարող դիտարկվել որպես դիմողի կողմից իր հիմնական իրավունքների իրացման խոչընդոտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի սույն գործով ներկայացված անհատական դիմումի համար հիմք հանդիսացած թիվ ՎԴ/2935/05/22 վարչական գործից (նշված գործով կայացվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատական ակտ), առկա են նաև թիվ ԿԴ/0641/02/17 քաղաքացիական և թիվ ՎԴ/10849/05/21 վարչական գործերով այդ իրավունքների իրացման առնչությամբ կիրառված հայցի ապահովման միջոցներ։ Ընդ որում, նշված քաղաքացիական և վարչական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների կապակցությամբ դիմողը զրկված չէ (զրկված չի եղել) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Օրենսգրքով սահմանված գործիքակազմով դրանց վերացման, փոփոխման, փոխարինման կամ ձևափոխման հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից։ Ավելին վերոնշյալ դատական գործերի ուսումնասիրությունից հետևում է, որ այդ գործերը դեռևս գտնվում են համապատասխան դատարաններում քննության փուլում, և առկա չէ որևէ տեղեկատվություն այդ դատական գործերով եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու հիմքով այդ դատական գործերի ավարտի վերաբերյալ։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նաև լիարժեքորեն չի հիմնավորել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պայմանը նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը չի իրացրել քաղաքացիական և վարչական գործերով իր հիմնական իրավունքների իրացման համար խոչընդոտ հանդիսացած որոշումների առնչությամբ դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը որևէ գործնական իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, քանի որ դիմողի կողմից բարձրացված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման հանգեցրել է ոչ թե սույն դիմումով վիճարկվող դրույթին իրավակիրառի կողմից տրված մեկնաբանությունը, այլ որպես այդ իրավունքների իրացման խոչընդոտ արդեն իսկ առկա են եղել այլ քաղաքացիական և վարչական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցներ։ Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, ըստ որի «նոր ծագած վարչական վեճի քննությունը կարող է հանգեցնել նույն հարցի երկրորդ անգամ քննությանը, որն արդեն իսկ քննվել է քաղաքացիական գործով», Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն ակնհայտորեն հերքվում է քննության առարկա դիմումի ներկայացման համար հիմք հանդիսացող կոնկրետ վարչական գործի նյութերի, մասնավորապես տվյալ գործով հայցի հիմքերի և հիմնավորումների ուսումնասիրությամբ, որպիսի պարագայում նման պնդումը սույն դիմումին վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ դիմումի լրացուցիչ հատկանիշ է հաղորդում: Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումով բարձրացված հարցի հիմքում առավելապես դրվել են ընդհանուր վերացական հիմնավորումներ, որոնք կարող են քննության առարկա լինել ոչ թե անհատական դիմումների հիման վրա իրականացվող, այլ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդված)։ Միաժամանակ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության դեպքում դիմողը պետք է հիմնավորի տվյալ գործով իր սուբյեկտիվ իրավունքի ենթադրյալ խախտման և դրա պաշտպանության անհրաժեշտությունը, այլ ոչ օբյեկտիվ իրավունքի որևէ հարցի առկայությունն ընդհանրապես, ինչը տվյալ դեպքում շրջանցվել է դիմողի կողմից։ Միաժամանակ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, ուստի սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնելու օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել