Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3719 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 37 | ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

___________________________________________________________________________

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 հունիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արամայիս Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արամայիս Ավետիսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 1-ին) խնդրելով. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը այնքանով, որքանով կենսաթոշակի գումարը «սեփականության իրավունք»-ի ձեռքբերման հիմքերում սահմանված չէ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի և 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը, այնքանով որքանով դրանցով կարգավորված չէ «իրավունքի մասին վեճի» քննության «սուբյեկտային մասը», ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում, այնքանով որքանով նախատեսված չէ «եզրափակիչ դատական ակտեր»-ի ցանկում «Հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ» առաջին ատյանի դատարանի որոշումը, որպես «եզրափակիչ դատական ակտ», որի հետևանքով անձը զրկվում է վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունքից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետի և 63-րդ հոդվածի 1-ին կետին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ 2011թ. մինչև 2016թ. ներառյալ յուրաքանչյուր տարի դիմել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով և, հանձնաժողովի կողմից ճանաչվելով 3-րդ կարգի հաշմանդամ, ստացել է ամենամսյա կենսաթոշակ: Այնուհետև, 2017 թ. փորձաքննական հանձնաժողովի որոշմամբ վերջինս հաշմանդամ չի ճանաչվել, և այդ որոշումը դիմողը բողոքարկել է վերադասության կարգով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործակալություն, սակայն որոշումը թողնվել է անփոփոխ: Վարչական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 9-ի վճռով հայցը բավարարել է և պարտավորեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին ընդունել որոշում Արամայիս Արսենի Ավետիսյանին հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու մասին: Նշյալ դատական ակտով անդրադարձ չի կատարվել 2017-2019 թթ. ընթացքում չվճարված կենսաթոշակի բռնագանձման հարցին, ինչը հիմք է հանդիսացել, որ դիմողը վերոնշյալ ժամանակահատվածում չվճարված կենսաթոշակի վճարման պարտավորեցնելու պահանջը ներկայացնի ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ այն չի պարունակում կարգավորում կենսաթոշակի հիմքով սեփականության իրավունքի առաջացման իրավական հիմք: Դրա արդյունքում անձը զրկվում է իր իրավունքն իրացնելու, անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանելու հնարավորությունից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ վիճարկվող նորմի ձևակերպումն այն աստիճան հստակ չէ, որ հնարավոր լինի համադրել իր վարքագիծը այդ նորմի հետ և համապատասխան նյութաիրավական պահանջով դիմել դատարան: Իրավական որոշակիության պայմանի բացակայության հետևանքով «խախտվում է դիմողի դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքը»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող «Հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշմամբ» ավարտվում է գործի քննությունը, հետևապես այն պետք է դիտարկվի որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող եզրափակիչ դատական ակտ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում այն դատական բոլոր ատյաններով բողոքարկելու իրավական հնարավորությամբ:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69 հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործը ենթակա է ընդունման մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի վերաբերյալ դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես, դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումը նշյալ դրույթի մասով ակնհայտ անհիմն է: Վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշմամբ ավարտվում է գործի քննությունը, հետևապես այն պետք է դիտարկվի որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող եզրափակիչ դատական ակտ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում այն դատական բոլոր ատյաններով բողոքարկելու իրավական հնարավորությամբ: Մինչդեռ դիմողի համար առաջացած ենթադրյալ անբարենպաստ հետևանքներն արդյունք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն իրավակարգավորումների, որոնք սահմանում են վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուն առնչվող հարաբերությունները: Այսինքն, բացակայում է դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը .... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՛ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկվող դրույթի մասով պահպանված չեն վերոնշյալ պահանջները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթների մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման: 3.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի վերաբերյալ

Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ նշյալ դրույթի մասով առկա չեն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

- դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

- դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արամայիս Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Արամայիս Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

19 հունիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել