Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ԳԵՐԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ԳԵՐԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1723 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | ՎԱՐԴԱՆ ԳԵՐԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Վարդան Գերավետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարդան Գերավետյանը (ներկայացուցիչ` Տիգրան Եգորյան) 02.05.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասը, 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 157-րդ հոդվածի 1-ին մասը, 160-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ և 4-րդ մասերը` ՀՀ Սահմանադրության 1, 3, 28, 29, 61, 63, 78, 79, 80, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի սույն դիմումով վիճարկվող 148-րդ հոդվածի 1-ին մասը, 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 157-րդ հոդվածի 1-ին մասը, 160-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ և 4-րդ մասերը դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ոչ միայն ոչ իրավաչափորեն սահմանափակում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, այլ հանգեցնում են օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված տարբերակված մոտեցման կիրառմանը համանման փաստական հանգամանքների նկատմամբ: Ըստ դիմողի առանց որևէ ողջամիտ և օբյեկտիվ արդարացման, խտրական վերաբերմունք է սահմանվում այն անձանց նկատմամբ, ում դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորությունը դատարանի կողմից ապահովվել է ավելի ուշ, քան դրա եզրափակիչ մասի հրապարակման օրը ի համեմատ այն անձանց, ում դատական ակտն ամբողջությամբ մատչելի է դարձել այն հրապարակելու նույն օրը: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթները, դատական պրակտիկայում դրանց տրված վերոգրյալ մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի 16.10.2012թ. ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին առ այն, որ բողոքարկման ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտերին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից: Ըստ դիմողի` դատավարության մասնակցի վրա առանց որևէ իրավաչափ նպատակի դրվում է լրացուցիչ պարտականություն` վճռաբեկ բողոքը մեկ անգամ դատավարության մասնակիցներին և գործը քննած դատարանին ուղարկված լինելու պարագայում, բողոքը դատարանի կողմից վերադարձվելուց հետո ամբողջությամբ նույն բողոքը կրկին անգամ նույն անձանց ուղարկելու պարտականություն:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքներից Վարդան Գերավետյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-1254 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը...» դրույթն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով /ex jure/ ճանաչվում է հարգելի, նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով /ex jure/ չի ճանաչվում հարգելի, նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով /ex jure/ հարգելի ճանաչելը: 3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: 3.3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի, 160-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը դիմողի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «... վճռաբեկ բողոք կրկին ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ամբողջությամբ պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները...»` մատնանշելով, որ «...անհրաժեշտ է ներկայացնել կրկին ներկայացվող վճռաբեկ բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցներ...»: Վերոնշյալի համատեքստում, կարծում ենք, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար` խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Վարդան Գերավետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

23 մայիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել