ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 47 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 սեպտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Հարություն Ներսիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հարություն Ներսիսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Մանուկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 3-ին, որով Դիմողը խնդրել է.
«Անձնական ազատության հիմնարար իրավունքը հռչակող ու երաշխավորող՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում հատուկ կարգավորում՝ այն մասին, որ անձը ձերբակալվածի կարգավիճակով անազատության մեջ նույն քրեական վարույթով կարող է պահվել ոչ ավելի, քան 72 ժամով»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 114-րդ հոդվածը թույլ է տալիս ձերբակալվածի կարգավիճակով ազատությունից առավելագույն ժամկետով՝ 72 ժամով զրկված և դրանից հետո ձերբակալումից ազատ արձակված անձին նույն քրեական վարույթով կրկին ձերբակալել՝ դատարան ներկայացնելու համար:
Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացը թույլ է տալիս, որ նույն քրեական վարույթի շրջանակներում նույն անձը, որն արդեն իսկ 72 ժամով առանց դատարանի որոշման անազատության մեջ է գտնվել, կրկին առանց դատարանի որոշման հայտնվի անազատության մեջ, և արդյունքում՝ անսահմանափակ ժամկետով գերազանցվում է առանց դատարանի որոշման անազատության մեջ գտնվելու՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 72 ժամը:
Ըստ Դիմողի՝ առանց դատարանի որոշման՝ անձի՝ անազատության մեջ մնալու թույլատրելի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը 72 ժամ անընդմեջ է գտնվել անազատության մեջ, թե՞ տվյալ ժամկետը ձևավորվել է նույն քրեական վարույթի շրջանակներում իրականացված՝ նույն անձի մի քանի ձերբակալումների արդյունքում:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին այնքանով, որքանով չի նախատեսում հատուկ կարգավորում այն մասին, որ անձը ձերբակալվածի կարգավիճակով անազատության մեջ նույն քրեական վարույթով կարող է պահվել ոչ ավելի, քան 72 ժամ: Օրենսգրքի 114-րդ հոդվածում առկա է օրենքի բաց՝ կապված նույն քրեական վարույթի շրջանակներում նույն անձի՝ 72 ժամը գերազանցող ժամկետով անազատության մեջ գտնվելն արգելող իրավանորմի բացակայության հետ:
Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ1/0232/15/24 դատական վարույթով Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասին առերևույթ հակասող՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի կիրառումը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի խախտման՝ այնքանով, որքանով ինքը զրկվել է իր նկատմամբ կիրառված կալանքի հետագա իրավաչափության հարցը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունից։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Դիմողի կողմից բարձրացված՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի (դրանում ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի, վերջինիս կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առկայությունը: Այսպես՝ Դիմողի՝ Հարություն Ներսիսյանի նկատմամբ հաջորդաբար կիրառվել են Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված ձերբակալման տեսակներից երկուսը, մասնավորապես՝ Հ. Ներսիսյանը ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ պայմանավորված, այնուհետև՝ տվյալ ձերբակալման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով ազատ արձակվելուց հետո կրկին ձերբակալվել է արդեն ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար:
Այդ համատեքստում հարկ է վկայակոչել սույն գործի շրջանակներում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(...) Անձը չի կարող հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալումից ազատ արձակվելուց անմիջապես հետո, կարճ ժամանակ անց, առանց որևէ էական հանգամանքի կամ իրադրության փոփոխության կրկին ձերբակալվել արդեն որպես ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ում նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցի քննարկման համար անհրաժեշտ է նրան տանել դատարան: Հարկ է նշել, որ անձին ազատ արձակելուց հետո կրկին ձերբակալելու անհրաժեշտությունը պետք է բխի վարույթի նյութերում առկա փաստական տվյալներից և այն չի կարող լինել կամայական որոշման արդյունք:
Դատարանի գնահատմամբ մեկ վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ և 111-րդ հոդվածներով հաջորդաբար առանց որևէ էական հանգամանքի կամ իրավիճակի փոփոխության իրականացված ձերբակալումներն անջատ դիտարկելու և միայն վերջին ձերբակալման (ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու) իրավաչափությունը դատական ստուգման ենթարկելու պայմաններում՝ վարույթն իրականացնող մարմնի համար կարող են ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ձերբակալման առավելագույն ժամկետը շրջանցելու մեխանիզմներ, ինչպես նաև անձի ազատությունը 72 ժամից ավելի ժամկետով կամայական սահմանափակելը իրավաչափ դարձնելու ռիսկեր, ինչն անթույլատրելի է և հակասում է մինչդատական վարույթում դատարանների ստանձնած դերին և առհասարակ դատական երաշխիքների էությանը»: Այսպիսով, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն անթույլատրելի և ոչ իրավաչափ է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերված վերոնշյալ մոտեցումը, ինչի արդյունքում թիվ ԿԴ2/0005/06/24 գործի շրջանակներում հաստատել է ձերբակալման ընթացքում Հ. Ներսիսյանի իրավունքների խախտման փաստը:
Դիմողի այն դիրքորոշման առնչությամբ, որի համաձայն՝ իր պաշտպանի ներկայացրած՝ «Թիվ 41-0165-24 քրեական վարույթով մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու մասին» միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից 2024 թվականի մարտի 26-ին մերժվել է վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հետևանքով, քանի որ հակառակ պարագայում «(…) մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու մասին պաշտպան Ա. Մանուկյանի միջնորդությունը կենթարկվեր դատական ըստ էության քննության, հետևաբար՝ մեղադրյալ Հարություն Ներսիսյանը հնարավորություն կունենար՝ դատական ստուգման ենթարկելու իր նկատմամբ կիրառված կալանքի հետագա իրավաչափության հարցը», Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.
թիվ ԵԴ1/0232/15/24 գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ համապատասխան միջնորդության հիման վրա թիվ 41-0165-24 քրեական վարույթով մեղադրյալ Հարություն Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վարույթի հարուցումը մերժվել է այլ՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումում չվկայակոչված պատճառաբանությամբ: Վարույթի հարուցումը մերժվել է Օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները պահպանված չլինելու հիմքով, այն է՝ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից, և դրանում չեն ներկայացվել կալանքի իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ:
Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթում ենթադրյալ օրենսդրական բացով պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափությունը դատական ստուգման ենթարկելու անհնարինության հարցի առնչությամբ հարկ է վկայակոչել թիվ ԵԴ1/0232/15/24 գործի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածի՝ ակնհայտ անմիջականորեն ծագած չլինելը, հանգեցնում է ոչ միայն ձերբակալման ոչ իրավաչափության, այլև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով հիմք է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու համար:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ձերբակալման ոչ իրավաչափության վերը նշված հետևանքը վերաբերում է բացառապես հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման եղանակին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ձերբակալման մյուս երկու ձևերի ոչ իրավաչափության դեպքում նման հետևանք օրենսդիրը չի նախատեսել»:
Այսպիսով, օրենսդիրը Օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիման վրա միջնորդությունը մերժելու հնարավորություն նախատեսել է միայն Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման պարագայում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած:
Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ձերբակալման մյուս տեսակների պարագայում օրենսդիրը նման իրավական հետևանք չի նախատեսել, այդ թվում՝ այն դեպքում, երբ ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալել են դատարան ներկայացնելու համար, և հետագայում դատարանի որոշմամբ հաստատվել է ձերբակալման ընթացքում վերջինիս իրավունքների խախտման փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողը որպես սույն անհատական դիմումի հիմքում ընկած ենթադրյալ սահմանադրաիրավական վեճ ներկայացրել է արհեստականորեն ստեղծված այնպիսի խնդիր, որը չունի սահմանադրաիրավական բովանդակություն: Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 27-րդ, ինչպես նաև 61-րդ հոդվածով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ անձնական ազատության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Հաշվի առնելով ողջ վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հարություն Ներսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
13 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-47
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-47
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
