Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1523 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 15 | ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մարտի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Անդրիաս Ղուկասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անդրիաս Ղուկասյանը (ներկայացուցիչ փաստաբան Կ. Մեժլումյան) 2020 թվականի մարտի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածը, այնքանով, որքանով գրավոր ընթացակարգով գործի քննության ժամանակ հնարավորություն է տալիս առանց գործի հրապարակային քննության վեճն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակել, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող: Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի Ձև N 2 ցանկի 10-րդ կետը, համակարգչի մասով, այնքանով, որքանով ձերբակալված և կալանավորված անձանց արգելվում է իրենց մոտ ցանկացած համակարգիչ, այդ թվում տեսախցիկ, աուդիոձայնագրման, ինտերնետային, հեռախոսային կամ արտաքին աշխարհի հետ ցանկացած այլ կապի հնարավորություն չունեցող համակարգիչ ունենալը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին ու 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ վարչական ու վերաքննիչ վարչական դատարանները

գրավոր ընթացակարգով են քննել իր «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի Ձև N 2 ցանկի 10-րդ կետը համակարգչի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը, դատավարությունն իրականացվել է առանց դատական նիստի հրավիրման և գործի զեկուցման, ինչը գործի ոչ հրապարակային քննություն է: Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածն այնքանով, որքանով դատարաններին հնարավորություն է տալիս գործի գրավոր քննության դեպքում գործը չքննել հրապարակային, չհրավիրել դատական նիստ, չզեկուցել գործը, այլ առանց դատական նիստ հրավիրելու ինչ-որ մի օր հրապարակել դատական ակտը, հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ չի ապահովում գործի հրապարակային քննության իրավունքը: Ըստ դիմողի որպեսզի ինքը կարողանա արդյունավետ կերպով իրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, պետք է ձեռքի տակ ունենա համակարգիչ, որով հնարավոր կլինի նայել ձայնագրությունները, լսել գաղտնալսումները, կազմել դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի Ձև N 2 ցանկի 10-րդ կետը բացասական իրավական հետևանք է առաջացրել իր նկատմամբ այն առումով, որ համակարգչի բացակայության հետևանքով քրեական գործի շրջանակներում վճռաբեկ բողոքն իր կողմից կազմվել է ձեռագիր և Վճռաբեկ դատարանին է հանձնվել ձեռագիր փաստաթղթի տեսքով էլեկտրոնային կրիչի բացակայությամբ, ինչն էլ հիմք է հանդիսացել վճռաբեկ բողոքի քննության անհնարինության:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի վերաբերյալ

Նշյալ դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական փաստարկները հանգում են նրան, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է տալիս գործի գրավոր քննության դեպքում գործը չքննել հրապարակային, չհրավիրել դատական նիստ, չզեկուցել գործը, այլ առանց դատական նիստ հրավիրելու ինչ-որ մի օր հրապարակել դատական ակտը: Այսպես, գործի քննության հրապարակայնության սկզբունքը կազմում է արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս և դրա ապահովման կարևորագույն երաշխիք: Առանձնացվում են դատական քննության հրապարակայնության սկզբունքն ապահովող երկու առանձին երաշխիքներ դռնբաց դատական քննություն և դատական ակտի հրապարակում: Ինչ վերաբերում է գործի գրավոր կամ բանավոր քննությանը, ապա դրանցից որևէ մեկը չի բացառում հրապարակայնության սկզբունքը: Դիմողը, ընդգծելով գրավոր քննության ոչ հրապարակային բնույթը, շեշտադրել է այն հանգամանքները, որ չի հրավիրվել դատական նիստ, չի զեկուցվել գործը, առանց նիստ հրավիրելու հրապարակվել է դատական ակտը: Մինչդեռ դիմողը պետք է հիմնավորեր, թե իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել գրավոր, իր կարծիքով ոչ հրապարակային, դատական քննության ընթացքում, արդար դատական քննության իրավունքը կազմող իրավազորություններից ո՞րը չի կարողացել իրացնել գործի քննության գրավոր ընթացակարգի շրջանակներում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ հիմնավորի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի հստակեցնել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշյալ դրույթի մասով դիմումում չեն պահպանվել վերոշարադրյալ պահանջները: բ/ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի Ձև N 2 ցանկի 10-րդ կետի համակարգչի մասով, վերաբերյալ Գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի պաշտպան Կ. Մեժլումյանը 2018 թվականի փետրվարի 20-ին դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին խնդրելով Անդրիաս Ղուկասյանին թույլատրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ «Նուբարաշեն» ՔԿՀ) ունենալ համակարգիչ /նոութբուկ/ առանց արտաքին աշխարհի հետ ինտերնետ, հեռախոսային կամ ցանկա-ցած այլ կապի միացման: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի 27.02.2018թ. թիվ 40/4-քՄ-25 գրությամբ Կ. Մեժլումյանին հայտնել են, որ ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» Ձև 2-ով նախատեսված ցանկի համաձայն համակարգիչը ներառված է արգելված իրերի ցանկում, որոնք արգելվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին իր մոտ ունենալ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով: Դիմողի պաշտպան Կ. Մեժլումյանը 12.04.2018թ. դիմում է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին խնդրելով հայտնել «Նուբարաշեն» ՔՀԿ-ն տեխնիկապես հնարավորություն ունի՞ յուրաքանչյուր շաբաթ առնվազն 5-6 ժամ դիմողի համար ապահովելու

1. համակարգչի միջոցով հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունների լսումը և սղագրումը,

2. համակարգչի միջոցով տեսաձայնագրությունների հետազոտումն ու սղագրումը,

3. համակարգչի միջոցով դատական նիստերի ձայնագրությունների հետազոտումը և սղագրումը,

4. համակարգչի միջոցով դատավարական փաստաթղթերի, այդ թվում վճռաբեկ բողոքների կազմումը և դրանք լազերային կրիչի մեջ ձայնագրումը: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը 17.04.2018թ. թիվ Ե-40/18-7-Ք-Մ-7 գրությամբ հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում տեխնիկական միջոցներ չլինելու պատճառով հնարավոր չէ կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանին ձայնագրություններին ծանոթանալու նպատակով տրամադրել համապատասխան սարքավորումներ: Վերոշարադրյալից բխում է, որ դիմողի նկատմամբ համապատասխան ակտերի կայացման համար հիմք է հանդիսացել վիճարկվող որոշման խնդրո առարկա կետը: Դիմողն այդ ակտերը չի բողոքարկել դատական կարգով: Վարչական դատարան դիմելով դիմողը վիճարկել է ՀՀ կառավարության` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման Ձև թիվ 2-ի 10-րդ կետը` համակարգչի մասով ներկայացնելով այն անվավեր ճանաչելու պահանջ, այսինքն դիմողը վարչական դատարանում վիճարկել է նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավաչափությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում: Վարչական դատավարության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի այս կամ այն դրույթի վիճարկումը չի նշանակում, որ նորմատիվ իրավական ակտի այդ վիճարկվող դրույթը կիրառվել է անձի նկատմամբ: Անհատական գանգատի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կիրառումն առկա է միայն այն ժամանակ, երբ վերջնական դատական ակտով դատարանը, հիմնվելով նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի վրա, կկայացնի անձի իրավունքներին առնչվող դատական ակտ: Ինչ վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին, ապա վերջինիս բովանդակության, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն անմիջական իրավական հետևանքներ չի առաջացրել դիմողի նկատմամբ: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված և կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված և կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները և փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենքից բխող այլ հարաբերություններ: Ներքին կանոնակարգը հաստատում է Կառավարությունը: Այսինքն Կառավարության համապատասխան որոշմամբ է սահմանվում ներքին կանոնակարգի բովանդակությունը, մասնավորապես, դիմողի համար անցանկալի իրավական հետևանքներ առաջացրած արգելվող իրերի ցանկը և այլն: Հետևաբար, նշյալ դրույթի վկայակոչումը դատական ակտում դեռևս չի նշանակում, որ այն կիրառվել է անձի նկատմամբ: «Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ` մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» …. բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Անդրիաս Ղուկասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

23 մարտի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել