Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 24.12.2008թ. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 24.12.2008թ. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-730 հունվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունվարի 2009թ. ՍԴԱՈ - 7 | ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 24.12.2008թ. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 24.12.2008թ. ՔՆՆՈՒԹՅԱՆ

ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքացի Ռ. Թորոսյանը 2008թ. դեկտեմբերի 8-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը 2008թ. դեկտեմբերի 24-ին որոշել է գործն ընդունել քննության։

Սահմանադրական դատարանն իր 2008թ. դեկտեմբերի 27-ի աշխատակարգային որոշմամբ սույն գործով զեկուցող է նշանակել սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանին, որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով, դատաքննությունը նշանակել է 2009թ. մարտի 17-ին։

2009թ. հունվարի 8-ին քաղ. Ռ. Թորոսյանի մեկ այլ դիմում է մուտքագրվել սահմանադրական դատարան դրան կցված գործով մեկ դիմումով և երեք միջնորդություններով։ Դրանց ուսումնասիրությունը հանձնարարվել է սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմին։ Վերջինս իր 2009թ. հունվարի 23-ի որոշմամբ գտել է, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման, իսկ միջնորդությունները չեն վերաբերում այդ դիմումին։ Միաժամանակ, դատական կազմի նախագահ, ՍԴ անդամ Հ. Նազարյանը սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի գ) կետի հիման վրա 26.01.2009թ. դիմել է սահմանադրական դատարանի նախագահին հրավիրելու սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ միջնորդությունները քննության առնելու նպատակով։

Նկատի ունենալով այդ հանգամանքը և հաշվի առնելով, որ քաղ. Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա քննության ընդունված գործով զեկուցող սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանը, ուսումնասիրելով դիմողի միջնորդությունները, պատրաստ է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստին ներկայացնել դրանց առնչությամբ իր նկատառումները, սահմանադրական դատարանի նախագահը 2009թ. հունվարի 30-ին, ժամը 11.00-ին հրավիրել է սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ նշված հարցերը քննարկելու նպատակով։

ՀՀ սահմանադրական դատարանն իր աշխատակարգային նիստում քննարկելով ներկայացված միջնորդությունները, ՈՐՈՇԵՑ.

1. Ռ. Թորոսյանի միջնորդությունը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի գործողությունը կասեցնելու մասին, մերժել հետևյալ պատճառաբանությամբ. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «Գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի

սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետանքների դիմող կողմի կամ հանրության համար»։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 69-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն «Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված»։

Տվյալ գործով նաև օրենքի այդ դրույթը հաշվի առնելով է, որ սահմանադրական դատարանը ոչ թե մերժել, այլ քննության է ընդունել դիմումը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի կասեցման մասին որոշում չկայացնելը դիմողի համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք առաջացնել չի կարող։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի և հանրության համար անդառնալի կամ ծանր հետևանքներ կարող է առաջացնել ոչ թե տվյալ գործի շրջանակներում վիճարկվող դրույթի գործողության կասեցման որոշում չկայացնելը, այլ հենց կասեցումը, քանի որ վիճարկվող դրույթում ամրագրված պահանջի նպատակն է ապահովել անհատական դիմումների քննությունը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածությունը։ Վիճարկվող դրույթի գործողության կասեցումը դատական կազմերին հնարավորություն կտա չպատճառաբանել անհատական դիմումների քննությունը մերժելու իրենց որոշումները, ինչը կարող է վտանգել սահմանադրական դատարան դիմող քաղաքացիների սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը։

Ողջամիտ ժամկետների վերաբերյալ դիմողի կողմից միջնորդության մեջ կատարված դիտողության առնչությամբ սահմանադրական դատարանը շեշտում է, որ գործի քննությունը նշանակվել է օրենքով սահմանված ժամկետների շրջանակում։ Անկախ դիմողի ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում վեճի բնույթից կամ տեսակից, սահմանադրական դատարանն անհատական դիմումների հիման վրա քննում է օրենքի սահմանադրականության վերաբերյալ վեճ, որի քննության կարգն ու ժամկետները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ և 69- րդ հոդվածներով։ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ Ռ. Թորոսյանի մեկ այլ դիմումի վերաբերյալ կայացրած որոշման մեջ արդեն իսկ նշել է. «... Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումների հիման վրա անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության գնահատման կարգը և առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Իր հերթին, ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով»։ Ուստի անընդունելի է դիմող կողմի առաջարկությունը գործի քննության ժամկետների վերաբերյալ» /2007թ. դեկտեմբերի 21, ՍԴՈ-722/։

2. Ռ. Թորոսյանի միջնորդությունը իրեն սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության 08.04.08թ., 05.09.2008թ., 16.09.08թ., 31.10.08թ., 24.11.08թ., 04.12.08թ. դիմումների վերաբերյալ կազմված եզրակացություններին ծանոթանալու հնարավորություն տալու մասին, մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն կողմերն իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին։ Գործի նյութերի շրջանակը սահմանված է ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 14-րդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի դիմողի կողմից պահանջվող փաստաթղթերը գործի նյութերի մեջ չեն մտնում։ Մասնավորապես, նշված հոդվածի վերջին պարբերությունում ամրագրված է «Նյութերի և փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքում սահմանադրական դատարանում իրավախորհրդատվական ծառայության կողմից դատարանի անդամների համար կազմված եզրակացությունները, տեղեկանքները, գրությունները չեն համարվում գործի նյութեր»։

Բացի դրանից, Ռ. Թորոսյանի 08.04.08թ., 05.09.2008թ., 16.09.08թ., 31.10.08թ., 24.11.08թ., 04.12.08թ. դիմումներն առնչություն չունեն քննության ընդունված գործի հետ։

3. Իր 16.12.2008թ. բողոքի վերաբերյալ սահմանադրական դատարանի նախագահի որոշմանը ծանոթանալու հնարավորություն տալու առնչությամբ Ռ. Թորոսյանի միջնորդության կապակցությամբ ի գիտություն ընդունել այն հանգամանքը, որ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը սահմանված ժամկետում բողոքի քննության արդյունքներով նախագահի հանձնարարականի մասին տեղեկացրել է դիմող կողմին։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի նախագահը, բողոքն իրեն ներկայացնելուց հետո, խորհրդակցելով դատական կազմի հետ, պետք է ընդուներ հետևյալ վերջնական որոշումներից մեկը կամ համաձայներ սահմանադրական դատարանի աշխատակազմի նկատառումներին և համարեր դիմումը վերադարձրած, կամ սահմանված կարգով հանձնարարեր սահմանադրական դատարանի դատական կազմին քննարկել դիմումը քննության ընդունելու հարցը։ Այս պարագայում սահմանադրական դատարանի նախագահը դրական լուծում է տվել դիմողի բողոքին և խորհրդակցելով դատական կազմի հետ բողոքն իրեն ներկայացնելուց մեկ օր հետո սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմին տվել է հանձնարարական քննարկել դիմումի քննության ընդունման հարցը։ Այդ մասին սահմանված կարգով տեղեկացվել է դիմողը։ Դատական կազմի կողմից դիմումի ուսումնասիրումն ու դրա քննության ընդունման վերաբերյալ որոշման ընդունումն իրականացվել է սահմանադրական դատարանում դիմումի մուտքագրման (08.12.2008թ.) ժամկետի հաշվառմամբ։ Հիշյալ հանգամանքները նկատի ունենալով միջնորդությունը մերժել։

4. Ռ. Թորոսյանի միջնորդությունը սահմանադրական դատարանի 27.12.08թ. աշխատակարգային նիստի արձանագրությանը ծանոթանալու հնարավորություն տալու մասին, բավարարել։

5. Ռ. Թորոսյանի միջնորդությունները սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանի որպես խնդրո առարկա գործով զեկուցող հանդես գալու օրինականության հարցը քննարկելու, Կ. Բալայանի նկատմամբ 1997թ. ընդունված դատավճռին ծանոթանալու հնարավորություն տալու վերաբերյալ, մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է սահմանադրական դատարանի անդամ, իսկ խնդրո առարկա գործով զեկուցող է նշանակվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով։

Ինչ վերաբերում է դիմողի միջնորդությանը սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանի նկատմամբ 1997թ. կայացված դատավճռին ծանոթանալու հնարավորություն տալու վերաբերյալ, ապա այդ միջնորդությունն անհիմն հասցեագրում ունի, ինչպես նաև քննության առարկա գործի հետ որևէ առնչություն չունի, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածն ամրագրում է միայն քննության առարկա գործի նյութերին ծանոթանալու կողմի իրավունքը։

6. Ռ. Թորոսյանի միջնորդությունը դատական կազմի 24.12.2008թ. որոշումն իրեն տրամադրելու մասին, մերժել հաշվի առնելով, որ այդ որոշման մասին տեղյակ է պահվել դիմողին և այն տեղակայված է ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 հունվարի 2009 թվականի

ՍԴԱՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունվարի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել