Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3830 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 38 | «ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հուլիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով «Մեգիէլ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Մեգիէլ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Զորայր Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 23-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով որքանով այն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված իրավունքի սահմանափակմանը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/25129/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատական ատյանների կողմից տրված մեկնաբանության համաձայն՝ բոլոր դեպքերում, երբ պետական գնումների գործընթացի մասնակիցը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պայմանագրային պարտավորությունները, ապա պետք է վրա հասնի պատասխանատվության նույն տեսակը՝ վերջինիս՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվելը։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ «Գնումների մասին» օրենքը չի պարունակում որևէ չափորոշիչ պատասխանատվության քննարկվող տեսակի ընտրության համար, այսինքն՝ պատասխանատվության տեսանկյունից, ըստ էության, հավասարության նշան է դրվում գնումների գործընթացի մասնակցի կողմից պայմանագրային պարտավորություններն ընդհանրապես չկատարելու և գրեթե ամբողջ ծավալով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ մնացած մասով՝ պատշաճ կատարելու անհնարինության մասին նախապես ծանուցելու միջև։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով ամրագրված՝ տնտեսվարող կազմակերպությունների և անձանց նկատմամբ պատասխանատվության մեկ միջոցի ու դրա կիրառման համար պարտադիր չափանիշների նախատեսված չլինելն ուղիղ հակասության մեջ է գտնվում Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների հետ այնքանով, որքանով չի համապատասխանում օրենքով նախատեսված սահմանափակումների բավարար որոշակիության, ինչպես նաև առարկայական չափանիշներով բավարար չափով հիմնավորված լինելու պահանջներին:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթի անհամաչափության տեսանկյունից խնդրահարույց է այն, որ առկա իրավակարգավորումներն այնպիսին են, որ անգամ մատակարարման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, միևնույն է, անձը զրկված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվելուց խուսափելու իրավական որևէ հնարավորությունից: Արդյունքում՝ Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը ստանում է այն բովանդակությունը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրվող հակասահմանադրական այն մեկնաբանությունը), համաձայն որի՝ անձն իր կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքների բերումով մատակարարման անհնարինության դեպքում (և այդ մասին իրավասու մարմիններին անգամ պատշաճ տեղեկացնելու պայմաններում), միևնույն է, ինքնաշխատ կերպով ենթարկվում է պատասխանատվության՝ ընդգրկվելով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ իրավական որոշակիությանը չբավարարող դրույթի կիրառման արդյունքում ակնհայտ անհամաչափ ներգործության է ենթարկվել իր՝ Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնական իրավունքը՝ այնքանով, որքանով սահմանափակվել է իր՝ տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը պետական գնումների ոլորտում:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ՝ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և /կամ ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Տվյալ դեպքում Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Գնումների մասին» օրենքի (մինչև 2022 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունը (լրացումը) գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 59, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը: Վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի (մինչև 2022 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունը (լրացումը) գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկվում է նաև այն մասնակիցը, որը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Ընդ որում՝ տվյալ դրույթի բովանդակությունից բխում է, որ այն որոշակի հայեցողություն է ընձեռում իրավակիրառին իր իրավասությունների շրջանակներում, հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները, յուրաքանչուր կոնկրետ գործով հանգելու գնահատողական եզրակացությունների: Մասնավորապես՝ տվյալ դրույթով սահմանված՝ մասնակցի կողմից պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը խախտելու փաստը և տվյալ խախտման՝ համապատասխան հետևանքներից մեկին հանգեցնելը դատարանի կողմից ենթակա է յուրաքանչյուր կոնկրետ գործով առանձին գնահատման՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները: Սույն պարագայում թիվ ԵԴ/25129/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ևս ՀՀ դատարանները, հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները, գնահատել են համապատասխան պայմանի առկայությունը/բացակայությունը և հանգել մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ համապատասխան եզրակացության:

Հետևաբար՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանները վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի (մինչև 2022 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունը (լրացումը) գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետին որևէ նոր մեկնաբանություն չեն տվել, այլ կիրառել են տվյալ դրույթը և հանգել տվյալ կոնկրետ մասնակցին՝ Դիմողին, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ համապատասխան եզրակացության, այն է՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցնել Դիմողին ներառելու գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում երկու տարի ժամկետով՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները։

Միևնույն ժամանակ, Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Գնումների մասին» օրենքի (մինչև 2022 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունը (լրացումը) գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Մեգիէլ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

30 հուլիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել