«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-89)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 89 | «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Հարություն Ղարիբյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի հուլիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հարություն Ղարիբյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածը թիվ ԵԴ/0112/15/23 դատական վարույթով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ այն դեպքում, երբ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան ըստ էության քննելու, ապա անազատության մեջ գտնվող մեղադրյալը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված ազատության իրավունքը դատական կարգով իրացնելու հնարավորություն չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը մեղադրյալի գործն ըստ էության քննող դատարանը քննության չի առել»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0112/15/23 գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ տվյալ գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել է այնպիսի բովանդակության շրջանակներում, որ այն դեպքում, երբ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան ըստ էության քննելու, ապա անազատության մեջ գտնվող մեղադրյալը Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը դատական կարգով իրացնելու հնարավորություն ունի բացառապես այն դեպքում, երբ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցին կանդրադառնա մեղադրյալի վերաբերյալ գործն ըստ էության քննող դատարանը: Դիմողը գտնում է, որ անձի իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը սեղմ ժամկետում վիճարկելու միջոցով ազատ արձակվելու սահմանադրական երաշխիքն ապահովելու նպատակով «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածը մեղադրյալի համար նախատեսում է հնարավորություն կալանքի իրավաչափությունը վիճարկող կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը հիմնավորող նոր էական փաստարկների առկայության պարագայում, անկախ այն հանգամանքից, թե նշված փաստարկներն ի հայտ են եկել քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց առաջ, թե հետո, դիմել դատարան և այն դեպքում, երբ կալանքի իրավաչափության և անհրաժեշտության մասին հետևությունները չեն շարունակում հիմնավոր լինել, դատարանի որոշմամբ ազատ արձակվել»: Դիմողը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքն իրացնելու որևէ ժամանակային սահմանափակում չի նախատեսում, և կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը մեղադրյալը կարող է իրացնել անկախ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված լինելու փաստից, այլ խոսքով անկախ մինչդատական քրեական վարույթն ավարտված լինելու հանգամանքից: Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի ապահովում հրատապ հատուկ ժամկետներ գործն ըստ էության քննող դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափության կամ անհրաժեշտության հարցի վերանայման համար: Եզրափակելով Դիմողն ընդգծում է, որ թիվ ԵԴ/0288/01/23 քրեական գործով տեղի ունեցած նախնական դատալսումների հենց առաջին նիստում գործն ըստ էության քննող դատարանը կայացրել է որոշում իր նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու վերաբերյալ, որը վկայում է, որ եթե դրանից առաջ, այն է թիվ ԵԴ/0112/15/23 գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն ըստ էության քննության առներ և գնահատեր այն նույն փաստարկները, որոնք պաշտպանության կողմը վկայակոչել է թիվ ԵԴ/0288/01/23 քրեական գործով տեղի ունեցած նախնական դատալսումների հենց առաջին նիստում 2023 թվականի մարտի 9-ին, ապա ինքն այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ կալանքից ազատվելու հնարավորություն կունենար 2023 թվականի մարտի 9-ից 11 օր ավելի շուտ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է. «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է. Դիմողն իր դիմումում խնդրել է որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես թիվ ԵԴ/0112/15/23 գործի շրջանակներում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ հոդվածին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ: Այսպես Դիմողը վկայակոչել է պնդում առ այն, որ իր « անձնական ազատության իրավունքը խախտվել է անհամարժեքորեն սահմանափակվել է թիվ ԵԴ/0112/15/23 դատական վարույթով Առաջին ատյանի դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող այն մեկնաբանությամբ, որ այն դեպքում, երբ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան ըստ էության քննելու, ապա անազատության մեջ գտնվող մեղադրյալը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված ազատության իրավունքը դատական կարգով իրացնելու հնարավորությունից չի կարող օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը մեղադրյալի գործն ըստ էության քննող դատարանը քննության չի առել», սակայն բավարար չափով չի հիմնավորել իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության, սույն պարագայում անձնական ազատության իրավունքի խախտման փաստը, հետևաբար և վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ բավարար հիմնավորումներ չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ու նման խախտման ընդհանրության և դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Միաժամանակ, Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Մինչդատական վարույթի դատական երաշխիքները» վերտառությամբ 9-րդ բաժնի 37-րդ գլուխը սահմանում է խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքները: Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշված գլխում է ներառված Դիմողի կողմից վիճարկվող 289-րդ հոդվածը, որը սահմանում է կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը: Վերոնշյալ հանգամանքի, ինչպես նաև քննարկվող հոդվածի բովանդակության հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն, ըստ էության, վերաբերելի և կիրառելի է մինչդատական վարույթի շրջանակներում կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդության և դրա քննության նկատմամբ: Այսինքն մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորված մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից սահմանված ընթացակարգով միջնորդություն ներկայացնելու պարագայում դատարանն իրավասու է քննարկման առարկա դարձնել տվյալ հարցը: Ավելին, տվյալ պարագայում միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։ Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատաքննությունն առաջին ատյանում» վերտառությամբ 10-րդ բաժնի 42-րդ գլխով սահմանված են նախնական դատալսումների ընթացքում իրականացվող դատավարական գործողությունները: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում
1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը.
2) վարույթի ընդդատության հարցը.
3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը.
4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը.
»:
Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը: Այսպիսով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ տարանջատված և կարգավորված են ինչպես մինչդատական վարույթի շրջանակներում կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու և դրա քննության, այնպես էլ առաջին ատյանում դատաքննության շրջանակներում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու ընթացակարգերը: Թիվ ԵԴ/0288/01/23 քրեական գործով ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ գործի շրջանակներում 2023 թվականի մարտի 9-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ պաշտպան Ա. Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է, Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և կիրառվել է գրավ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի 1.500.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև համակցված կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց բացակայելու մասին արգելքը: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դիմողն իր դիմումով նույնպես փաստել է տվյալ հանգամանքը վկայակոչելով պնդում առ այն, որ « թիվ/0288/01/23 քրեական գործով տեղի ունեցած նախնական դատալսումների հենց առաջին նիստում գործն ըստ էության քննող դատարանը կայացրել է որոշում մեղադրյալ Հարություն Ղարիբյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու վերաբերյալ »: Ինչ վերաբերում է Դիմողի վկայակոչած պնդմանը, համաձայն որի « եթե դրանից առաջ, այն է թիվ ԵԴ/0112/15/23 դատական վարույթով Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննության առներ և գնահատեր այն նույն փաստարկները, որոնք պաշտպանության կողմը վկայակոչել է թիվ ԵԴ/0288/01/23 քրեական գործով տեղի ունեցած նախնական դատալսումների հենց առաջին նիստում 2023թ. մարտի 9-ին, ապա մեղադրյալ Հարություն Ղարիբյանն այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ կալանքից ազատվելու հնարավորություն կունենար 2023թ. մարտի 9-ից 11 օր ավելի շուտ», ապա վերջինս իր տվյալ պնդումը պայմանավորում է որոշակի ենթադրությամբ և վերացական դատողությունների վրա հիմնված հնարավոր իրավական հետևանքով: Մինչդեռ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով բարձրացված հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշումները հիմնված չեն ենթադրությունների, կանխատեսումների և (կամ) դիմողի համար առավել նախընտրելի հնարավոր իրավական հետևանքների վրա, այլ դրանցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրական լինելը: Սահմանադրական դատարանի գնահատմամբ ողջ վերոշարադրյալը ևս վկայում է, որ Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի, հետևաբար և վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և տվյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ: Այսպիսով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հարություն Ղարիբյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԱՈ-89
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-89
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
