ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 32 | ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 հուլիսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Աշոտ Հովսեփյանի և Արուսյակ Մարտիկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աշոտ Հովսեփյանի և Արուսյակ Մարտիկյանի (այսուհետ՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Խուրշուդյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունիսի 30-ին, որով Դիմողները խնդրել են. «Ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/33601/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածին տրված մեկնաբանության պայմաններում, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածին՝ խախտելով Սահմանադրության 10-րդ հոդվածը և 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, քանի որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում խախտվում են Աշոտ Հովսեփյանի՝ որպես վիճելի գույքի նախկին սեփականատիրոջ՝ իրեն պատականող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները, ինչպես նաև Արուսյակ Մարտիկյանի՝ վիճելի գույքի ներկայիս սեփականատիրոջ իրավունքները:
Դիմողները նաև նշում են, որ տվյալ պահին Արուսյակ Մարտիկյանը դեռևս զրկված է օրինական ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, և վերջինիս սեփականության իրավունքը շարունակում է խախտվել: Ըստ Դիմողների՝ Արուսյակ Մարտիկյանը խնդրո առարկա գույքը ձեռք է բերել փոխհատուցմամբ, սակայն տեղի ունեցած դատավարությունների պատճառով մինչ օրս չի կարողացել գրանցել իր սեփականության իրավունքը: Ինչ վերաբերում է Աշոտ Հովսեփյանին, ապա, Դիմողների պնդմամբ, չնայած վերջինս պայմանագիրն ստորագրել է՝ ունենալով գույքի նկատմամբ սեփականության իրավունք, այդուհանդերձ, խախտվում են նրա իրավունքները՝ իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու մասով:
Դիմողները գտնում են, որ սեփականատիրոջ լիազորությունների ամբողջական շրջանակը՝ տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը, կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը: Այս ամբողջությունը, ըստ Դիմողների, օրենքով շնորհվում է սեփականատիրոջը՝ որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում է այդ իրավունքի իրականացման սահմանները, որոնք էլ ապահովում են սեփականատիրոջ լիակատար գերակայությունը գույքի նկատմամբ և երաշխավորում են սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը: Այս հանգամանքներում և ներկայացված փաստերի շրջանակներում, Դիմողների պնդմամբ, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում խախտվում է իրենց սեփականության իրավունքը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սույն անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թիվ ԵԴ/33601/02/21 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն է, որը կայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է փաստել, որ Դիմողների՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ից և ավարտվել է 2025 թվականի հունիսի 5-ին, այնինչ սույն անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2025 թվականի հունիսի 26-ին և Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունիսի 30-ին: Հետևաբար` սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն էլ քննությունը մերժելու հիմք է:
Անդրադառնալով Դիմողների այն պնդմանը, համաձայն որի՝ իրենք վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կայացված որոշումը, ստացել են 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվում է ոչ թե վերջնական դատական ակտի ստացման, այլ տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աշոտ Հովսեփյանի և Արուսյակ Մարտիկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
9 հուլիսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-32
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
