«ՀԱԶԱՐԱՇԵՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 օգոստոսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | «ՀԱԶԱՐԱՇԵՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
22 օգոստոսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով «Հազարաշեն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հազարաշեն» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների կողմից անհատական իրավական ակտով իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառումը համարել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, 18- րդ հոդվածի 1-ին պարբերությանը և 19-րդ հոդվածի 1-ին պարբերությանը հակասող»։
1. Դիմողը գտնում է, որ դատարանները կիրառելով օրենսգրքի վիճարկվող դրույթը, ակնհայտորեն խախտել են օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Դիմողը նաև գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջովին անհիմն է և հակասում է «ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն դրույթներին»։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.
վիճարկելով վերոհիշյալ դրույթի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դատական կազմը գտնում է նաև, որ դատաքննության արդյունքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ գործով կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում։ Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Հազարաշեն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
22 օգոստոսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
