ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2024թ. ՍԴԴԿՈ - 18 | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 ապրիլի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Արտակ Զեյնալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Արտակ Զեյնալյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 11-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտությունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տալիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը և (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 և 31, 61 և 63, 28 և 29, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գործունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվության միջոց:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, ինչպես նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրության 3, 23, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներն ապահովելու և պաշտպանելու պարտականությունը:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները թույլ չեն տվել, որ ՀՀ դատարանները պարտավորեցնեն սոցիալական ցանցի օգտատիրոջը հեռացնել որպես զրպարտություն գնահատված, որակված, իրավունքի խախտման զոհին արատավորող տեղեկությունը, հրապարակումը և այդ նույն օգտահաշվում հերքում հրապարակելու պարտավորություն սահմանեն զրպարտողի՝ իրավախախտի համար:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,
գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
1. «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
25 ապրիլի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
