«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 հոկտեմբերի 2014թվականի
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ն 12.09.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «...սույն վարչական գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթում բացակայում է ինչպես լիազորության կամայական իրականացումը կանխելու երաշխիքները, այդպես էլ այդ լիազորության ոչ իրավաչափ իրականացումը հաղթահարելու միջոցը և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, որը տարբերվում է սահմանադրաիրավական բովանդակությունից և հնարավորություն չի ընձեռում նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով ապահովել ընկերության խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումը…, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 18, 19, 92, 93 և 94-րդ հոդվածների պահանջներին հակասող»։ Դիմողը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշումները չեն դարձել ընկերության իրավունքի դատական պաշտպանության միջոց, քանի որ վճռաբեկ դատարանը, ապահովելով դատավարության ոչ բնականոն գործունեություն, ոչ իրավաչափ է համարել իրենց բողոքում ներկայացված նոր հանգամանքի հիմքերը, և դրա հետևանքով սույն վարչական գործով կայացված վճռում բացակայում են վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից արտահայտված դատական ակտերով պատճառաբանված իրավական դիրքորոշումները։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ դիմումի և կից փաստաթղթերի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի 2014թ մարտի 19-ի թիվ ՎԴ/3167/05/08 գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ վճռաբեկ դատարանին ուղղված ընկերության բողոքում որպես նոր հանգամանք վկայակոչվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2013թ. հոկտեմբերի 10-ի թիվ ՍԴԴԿՈ/1-27 որոշումը, որն էլ վճռաբեկ դատարանի համոզմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքի հիմք չի կարող հանդիսանալ։
Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը վերոնշյալ ՍԴԴԿՈ/1-27 որոշմամբ անդրադարձել է «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցին, որն էլ մերժվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1- ին, 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ուսումնասիրելով դիմումը դատական կազմը գտնում է, որ դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ իրավական հիմնավորումներ։ Մասնավորապես, նրա փաստարկները վերաբերում են վճռաբեկ դատարանի կողմից օրենսգրքի վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափությանը, ինչպես նաև իր գործով կայացված դատական ակտի իրավաչափությանը։ Հետևաբար, դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Մասնավորապես, դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը որն ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից է հանդիսացել, և
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, և
որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով, և
որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
բ/ բացի դրանից, դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
6 հոկտեմբերի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
