Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1516 հոկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 հոկտեմբերի 2014 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացիներ Դվին Իսանյանսի և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Դվին Իսանյանսը և Արտակ Զեյնալյանը 2014թ. սեպտեմբերի 26-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«1. ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 3, 14.1-րդ հոդվածներին հակասող և անվավեր,

2. ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի` «վճռաբեկ բողոքին կցվում են … վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» դրույթը` «վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողները գտնում են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19, 20-րդ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետին, քանի որ բացառում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրենց անունից անձամբ կամ իր ընտրած անձի միջոցով վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը:

Դիմողների կարծիքով` սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները չեն ապահովում և պաշտպանում դիմողների` ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6, 14.1, 18, 19, 20, 83.5, 91-րդ հոդվածներով և 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետով ամրագրված և երաշխավորված իրավունքները:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողներից` Արտակ Զեյնալյանը դատարաններում չի հանդիսացել որպես դատավարության կողմ, ուստիև չկա նրա նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևաբար, նա օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը` Արտակ Զեյնալյանի մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք:

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն` վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր բողոքը ներկայացնում են փաստաբանի միջոցով:

Դիմումի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը 2014 թվականի հուլիսի 23-ի ՍԴԴԿՈ/1-11 որոշմամբ քաղաքացի Արա Սարգսյանի 09.07.2014թ. դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել է վարույթ և 2014թ. հուլիսի 24-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ քննության օր է նշանակել ս/թ դեկտեմբերի 9-ը: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, խնդրո առարկա դիմումը նշյալ հոդվածի մասով կարելի է միավորել վերոնշյալ գործին:

4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` դիմողի կողմից բողոքարկված 158- րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ վճռաբեկ բողոքին, ի թիվս այլնի, կցվում է նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասով դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 27-րդ, 39- րդ հոդվածներով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը քաղաքացի Արտակ Զեյնալյանի մասով մերժել:

2. Քաղաքացի Դվին Իսանյանսի մասով անհատական դիմումի հիման վրա գործն ընդունել քննության:

3. Առաջարկել անհատական դիմումի հիման վրա գործը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով միավորել ՀՀ սահմանադրական դատարանում 2014 թվականի հուլիսի 23-ի ՍԴԴԿՈ/1-11 որոշմամբ քննության ընդունված` քաղաքացի Արա Սարգսյանի դիմումի հիման վրա`ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի հետ:

4. Քաղաքացի Դվին Իսանյանսին ազատել պետական տուրքի վճարումից:

5. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

16 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել