ԱՐՄԱՆ ՏԻՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 19 | ԱՐՄԱՆ ՏԻՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 մարտի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արման Տիրանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արման Տիրանյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գրիգոր Խալաթյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 18-ին, որով Դիմողը խնդրել է.
«Վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 160-րդ հոդվածի 2-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ առ այն, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից Դիմողի ներկայացուցչի բնօրինակ լիազորագրի առկայության ըստ էության արձանագրվածության և, համապատասխանաբար, Դիմողի հայցի և բողոքի քննվածության պայմաններում Դիմողի վճռաբեկ բողոքը բնօրինակ լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ ենթակա է վերադարձման և նոր լիազորագիր չներկայացնելու պայմաններում ենթակա է թողնման առանց քննության, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7684/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Դավիթ Ստեֆանյանի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այժմ՝
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան) (այսուհետ նաև՝ Դատարան) մուտք է եղել 25.06.2019 թ., մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին, վարույթ է ընդունվել 01.07.2019 թ.: Գործն ստացել է թիվ ԵԴ/19692/02/19 հերթական համարը: Դատարանի 10.11.2023 թ. վճռով Դիմողի հայցը մերժվել է: Դիմողի կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա՝ Վճռաբեկ դատարան: Վերաքննիչ դատարանի 19.07.2024 թ. որոշմամբ Դիմողի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանի 27.11.2024 թ. որոշմամբ Դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դիմողը գտնելով, որ դատավոր Գայանե Մազմանյանի կողմից իր գործով կոպիտ անզգուշությամբ խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը, ինչն ազդեցություն է ունեցել իր գործի ելքի վրա, հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ պահանջելով դատավոր Գայանե Մազմանյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:
Պատասխանողի 19.03.2025 թ. թիվ 30.2/11881-2025 գրությամբ դատավոր Գայանե Մազմանյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել (վարույթ հարուցելը մերժվել է): Դիմողի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Պատասխանողի 19.03.2025 թ. թիվ 30.2/11881-2025 գրությունը՝ որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վարչական դատարանի 29.05.2025 թ. որոշմամբ Դիմողի հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել է: Դիմողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ վարչական դատարանի 26.06.2025 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ մատնանշելով թերությունը: Վերաքննիչ վարչական դատարանի 16.07.2025 թ. որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում 2) Դիմողի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է՝ նախորդիվ մատնանշված թերությունը չվերացնելու հիմքով: Որոշում 2-ը Դիմողի կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որի 21.08.2025 թ. որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում 3) Դիմողի Վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ վճռաբեկ բողոքում բացակայում է ներկայացուցչի լիազորագիրը:
Արդյունքում՝ սույն անհատական դիմումում բարձրացվում է Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՎԴՕ) 158-րդ հոդվածի 4-րդ մասի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 160-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ կատարվել է Դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների ոչ համաչափ սահմանափակում:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ ներկայում գործազուրկ է, ազատվել է աշխատանքից այն կլինիկայում, որտեղ աշխատում էր: Դիմողի կինը ևս չի աշխատում. առայժմ գոյատևում են բարեկամների նյութական օգնության հաշվին: Հետևապես՝ Դիմողն ի վիճակի չէ վճարելու Սահմանադրական դատարանին հասանելիք 30.000 ՀՀ դրամ պետական տուրքը, որն անհամաչափ ֆինանսական բեռ է առաջացրել իր համար:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:
Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրվել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.
սույն անհատական դիմումի և թիվ ՎԴ/7684/05/25 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:
Մասնավորապես՝ վերոնշյալ վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրած «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որոշել է.
«1. Վերադարձնել թիվ ՎԴ/7684/05/25 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արման Տիրանյանի անունից բերված վճռաբեկ բողոքը:
2. Սույն որոշմամբ նշված սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից»:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել տվյալ որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում շտկել Վճռաբեկ դատարանի կողմից նշված սխալը և կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:
Մինչդեռ, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված սխալը շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, չի օգտվել տվյալ իրավական հնարավորությունից և կրկին չի ներկայացրել վճռաբեկ բողոք՝ դրանով իսկ չիրացնելով իր ենթադրյալ խախտված իրավունքների և (կամ) ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ժամանակագրական տեսանկյունից կայացված վերջին դատական ակտը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի օգոստոսի 21-ի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:
Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է. «(...) սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն»։
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ, ինչպես արդեն վկայակոչվել է, Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Օրենսդիրը նման պարտադիր կանոնների սահմանմամբ ապահովում է իրավական պաշտպանության արդյունավետ գործիքակազմերի ամբողջական շղթան` յուրաքանչյուր ատյանին օժտելով առանձին գործառույթներով՝ հնարավորինս նվազեցնելով իրավակիրառ պրակտիկայի հակասական ձևավորումը:
Դիմողը հետամուտ չի եղել Վճռաբեկ դատարանի որոշմամբ մատնանշած՝ 5-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքում ուղղումներ կատարելու և թերությունները վերացնելուց հետո վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելուն, որն էլ Դիմողի համար հանգեցրել է նման իրավական հետևանքի՝ սույն անհատական դիմումը դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու հիմքով մերժելուն:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանում իր վճռաբեկ բողոքի վարութային գործընթացին հետամուտ լինելը բխում է, մի կողմից՝ դատական ատյաններում դատական պաշտպանությունն սպառելու սահմանադրական պահանջից, մյուս կողմից՝ հարցի հնարավոր լուծման հավանականությունից:
Սահմանադրական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրվել է. «(...) Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը՝ ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում՝ մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Արման Տիրանյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Արման Տիրանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝
Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
5 մարտի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
