««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 30 | ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի փետրվարի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 74-րդ և 79-րդ հոդվածների պահանջները՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա/ ենթակետին ներպետական դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 28-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն գնման գործընթացներում, որոնցով գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը և օրենքով նախատեսված չէ հայտի ապահովման գումար վճարելու պարտավորություն, մասնակիցները գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտման դեպքում չպետք է ներառվեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Իսկ եթե Բարձր Դատարանը կգա եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը իր լիազորությունների շրջանակում չի կարող նման լայն մեկնաբանություն տալ նորմին և նման մեկնաբանություն տալու արդյունքում կստանձնի օրենսդրի լիազորություններ՝ այդ կերպ խախտելով իշխանության ճյուղերի միջև առկա սահմանադրական հավասարակշռումը, ապա խնդրում ենք Բարձր դատարանին վերը նշված նույն հիմնավորումներով արձանագրել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա/ ենթակետի ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 28-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն գնման գործընթացներում, որոնցով գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը և օրենքով նախատեսված չէ հայտի ապահովման գումար վճարելու պարտավորություն, օրենսդիրը չի նախատեսել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում թույլ տված անձին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հնարավորություն»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/1864/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իր կողմից սույն անհատական դիմումով վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետին վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված նեղ, նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ հոդվածին, 59-րդ հոդվածի 3-րդ մասին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 74 և 79-րդ հոդվածների պահանջները:
Դիմողը գտնում է, որ եթե հիմք ընդունենք վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված պատճառաբանությունը՝ կստացվի, որ գնման բոլոր այն գործընթացներում, որոնցով գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, մասնակիցներին տրվում է «երկու արտոնություն»՝ առաջին՝ մասնակիցները գնման գործընթացին կարողանում են մասնակցել առանց հայտի ապահովում ներկայացնելու, երկրորդ՝ վերջիններս կարող են չկատարել հրավերով ստանձնած պարտավորությունները և բացահայտ կաթվածահար անել պատվիրատուի բնականոն գործունեությունը՝ քաջ գիտակցելով, որ, միևնույն է, ստանձնած պարտավորության չկատարումը չի հանգեցնելու որևէ բացասական հետևանքի:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթին տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանությունն ինքնին հանգեցնում է նաև Սահմանադրության 59-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտմանը, քանի որ անհիմն կերպով երաշխավորվում է անբարեխիղճ մրցակցությունը:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող նորմին տրված հակասահմանադրական մեկնաբանությունից հետևում է, որ խախտվում է նաև գնումների բազային միավորի քսանհինգապատիկը չգերազանցող և այն գերազանցող գնման գործընթացի մասնակիցների հավասարության սկզբունքը՝ այն համատեքստում, որ վերջիններիս կողմից նույն խախտումը թույլ տալու պարագայում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը չգերազանցող գնման գործընթացի մասնակիցն ընդհանրապես որևէ պատասխանատվություն չի կրում, իսկ գնումների բազային միավորի քսանհինգապատիկը գերազանցող գնման գործընթացի մասնակիցը կրում է: Դիմողը գտնում է, որ սույն մեկնաբանությունն ինքնին հանգեցնում է Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտմանը, որի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև:
Միաժամանակ, Դիմողը նշում է, որ ներպետական դատարանները վիճարկվող նորմին տվել են հակասական մեկնաբանություն, և այսօր գնման գործընթացի շրջանակում պատվիրատուները չեն կարողանում իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ նորմին տրված մեկնաբանությանը:
Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթին տրված նեղ մեկնաբանությունը հակադրվում է իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքին:
Հավելելով Դիմողն ընդգծում է, որ այն պարագայում, երբ Սահմանադրական դատարանը կարձանագրի, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կաշկանդված է օրենքի ձևակերպումներով, ապա «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 28-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի և 60-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին՝ այնքանով, որքանով այն գնման գործընթացներում, որոնցով գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, և օրենքով նախատեսված չէ հայտի ապահովման գումար վճարելու պարտավորություն, օրենսդիրը չի նախատեսել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում թույլ տված անձին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հնարավորություն:
Արդյունքում Դիմողը, վկայակոչելով գնումների գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման՝ պետության համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը, եզրահանգում է, որ վիճարկվող նորմին տրված մեկնաբանության արդյունքում անտեսվում են իր՝ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված իրավունքները:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց:
Այդ համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում վկայակոչել թիվ ԵԴ2/1864/02/23 քաղաքացիական գործի շրջանակում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2024 թվականի ապրիլի 5-ին կայացված որոշումը, որով վերջինս, կիրառելով վիճարկվող դրույթը և անդրադառնալով դրանով սահմանված վավերապայմանների միաժամանակյա առկայության պարտադիրության հարցին, արձանագրել է հետևյալը.
«(...) վավերապայմաններից թեկուզև մեկի բացակայությունը բացառում է այդ հիմքով մասնակցին գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելը։ Գնման գործընթացում այդ վավերապայմաններից մեկի՝ մասնակցից անկախ պատճառերով բացակայելը չի կարող մեկնաբանվել ի վնաս մասնակցի, և մասնակցին վերոնշյալ ցուցակում ներառելու հարցը քննարկելիս չի կարող արձանագրվել վավերապայմանի պահպանված չլինելը, քանի որ առնվազն նորմի դիսպոզիցիայում «մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում» վավերապայմանի մասը պահպանված լինելու հանգամանքը չի կարող պարզաբանվել՝ նման պահանջ ընդհանրապես բացակայելու պատճառով։ Հետևաբար` սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը վճարելու պահանջ նախատեսված չլինելը ինքնաբերաբար չի կարող հանգեցնել այդ վավերապայմանի առկայության վերաբերյալ եզրահանգման, քանի որ օրենսդիրը, այդ պայմանները և-ով շաղկապելով, հստակ նպատակ է հետապնդել բացասական հետևանքի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելու վրա հասնելը պայմանավորել միայն երկու վավերապայմանների համաժամանակյա առկայությամբ այնքանով, որքանով մինչև գնումների բազային միավորի քսանհինգապատիկը չգերազանցող գնման ընթացակարգին մասնակցող սուբյեկտների համար գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու որևէ այլ առանձնահատկություն օրենսդրի կողմից չի նախատեսվել»:
Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը, «Գնումների մասին» օրենքով, այդ թվում՝ վերջինիս վիճարկվող 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով, ինչպես նաև Կառավարության՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի համատեքստում, գնումների գործընթացի մասնակիցները տվյալ գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում կարող են ընդգրկվել միայն այդ դրույթով նախատեսված երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության պարագայում՝ 1) պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտումը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, և 2) հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը մասնակցի կողմից չվճարելը:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ «Գնումների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում: Միաժամանակ, Կառավարության վերոնշյալ՝ թիվ 526-Ն որոշման 32-րդ կետի 9-րդ ենթակետից բխում է, որ գնման գործընթացի մասնակիցների կողմից հայտի ապահովում ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի (պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գնի)՝ գնումների բազային միավորի քսանհինգապատիկը գերազանցելու կամ չգերազանցելու հանգամանքով: Ամրագրված սահմանաչափը, սույն պարագայում՝ 25.000.000 ՀՀ դրամը, գերազանցելու կամ չգերազանցելու դեպքերի համար սահմանված են հստակ և տարբերակված իրավակարգավորումներ, այդ թվում՝ վրա հասնող իրավական հետևանքներ:
Մասնավորապես՝ այն դեպքերում, երբ գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ինչպես սույն պարագայում է, հայտի ապահովում ներկայացնելու իրավական պահանջը բացակայում է, հետևաբար՝ գնման նման գործընթացում, անգամ վիճարկվող դրույթով ամրագրված առաջին վավերապայմանի առկայության պարագայում, միևնույնն է, չի կարող առկա լինել վիճարկվող դրույթով ամրագրված երկրորդ վավերապայմանը, և համապատասխան մասնակիցը որևէ կերպ չի կարող ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Գնումների բազային միավորի քսանհինգապատիկը գերազանցելու դեպքերի առնչությամբ, տվյալ պարագայում գնման գործընթացի մասնակցի կողմից հայտի ապահովում ներկայացնելը հստակ ամրագրված իրավական պահանջ է, որի հիման վրա, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, հրավերով սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը չվճարելու պարագայում մասնակիցը կարող է ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքի/ազատության խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ տնտեսական գործունեության ազատության, մասնավորապես՝ շուկայում մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային համաձայնությունների սահմանադրական արգելքի և սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ՝ բավարար հիմնավորումներ չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրության, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ՝ հաշվի առնելով սույն կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 28 և 79-րդ հոդվածների առնչությամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ, հարկ է արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 28 և 79-րդ հոդվածներին։
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
25 փետրվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
