Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1138 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-113)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 113 | ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի «դ» կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 3-րդ մասի «դ» կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի «դ» կետը՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի պատճառով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով որքանով այն (մեկնաբանությունը) և ենթադրյալ օրենսդրական բացը բացառում է (չի նախատեսում) և խախտում է (անհիմն սահմանափակում է) սնանկության վարույթով մորատորիումի գործողության ընթացքում սնանկ պարտապանի հետ պարտավորական հարաբերություններ չունեցող այլ, երրորդ անձանց կողմից սնանկության վարույթից դուրս սնանկ պարտապանի պարտատիրոջը տրվող բավարարման (պարտավորության կատարման) և պարտատիրոջ՝ նման բավարարումը (պարտավորության կատարումը) ընդունելու հնարավորությունը (իրավունքը)»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/19181/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի «դ» կետը, Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն, պետք է մեկնաբանվեն այնպես, որ բացի սնանկ ճանաչված պարտապանից և վերջինիս պարտապանից, չի արգելվում այլ անձանց՝ սնանկության վարույթից դուրս կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորությունների մարում, իսկ պարտատիրոջը՝ ընդունել նման մարումը (պարտավորության կատարումը), միաժամանակ, այդ նորմերը պետք է նախատեսեն նման հնարավորություն: Ըստ Դիմողի՝ եթե պարտատիրոջը մարումներ կատարվում են սնանկության վարույթից դուրս՝ սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ չգտնվող և պարտապան չհանդիսացող երրորդ անձանց կողմից, ապա նման մարումները և դրանց ընդունումը պարտատիրոջ կողմից որևէ պարագայում չեն կարող համարվել և մեկնաբանվել որպես սնանկ պարտապանի ակտիվների հաշվին և օրենքի խախտմամբ կատարված:

Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 39-րդ հոդվածին այնքանով, որքանով բացառում են (չեն նախատեսում) սնանկության վարույթով մորատորիումի գործողության ընթացքում սնանկ պարտապանի հետ պարտավորական հարաբերություններ չունեցող այլ, երրորդ անձանց կողմից սնանկության վարույթից դուրս սնանկ պարտապանի պարտատիրոջը տրվող բավարարման (պարտավորության կատարման) և պարտատիրոջ՝ նման բավարարումը (պարտավորության կատարումը) ընդունելու հնարավորությունը (իրավունքը):

Դիմողը նաև նշում է, որ քննարկվող համատեքստում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ըստ էության, անհիմն կերպով սահմանափակել է սնանկության գործերով մորատորիումի ընթացքում պարտատիրոջ (իր) կողմից պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ չգտնվող այլ անձանցից բավարարում ընդունելու (ստանալու), ինչպես նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ չգտնվող անձանց կողմից իրենց հայեցողությամբ նման բավարարում անմիջապես պարտատիրոջը տրամադրելու իրավունքները, որոնք իրավական լուրջ երաշխիք են սնանկության վարույթում պարտատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու համար:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, ինչպես նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հետևանքով անտեսվում է իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրության 39-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված՝ անձի ազատ գործելու և օրենքով չնախատեսված պարտականություններից ազատ լինելու հիմնարար իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

ա) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմում-ներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի «դ» կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 39-րդ հոդվածին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու ազատ գործելու իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր համապատասխան հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ նաև տվյալ փաստի և վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի «դ» կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և/կամ ազատությանը։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի «դ» կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2025 թվականի

ՍԴԱՈ-113

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-113
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել