Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Դարբինյան — ԼԴ/0290/01/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Դարբինյան — ԼԴ/0290/01/24

Վճռաբեկ դատարանԼԴ/0290/01/2412 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի մայիսի 12-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 19-0519-24 քրեական վարույթը: 2024 թվականի մայիսի 12-ին Գագիկ Էդուարդի Դարբինյանը ձերբակալվել է։ 2024 թվականի մայիսի 13-ին Գ․Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2024 թվականի հունիսի 13-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվե

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0290/01/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան

դատավորներ՝ Ա.Նիկողոսյան

Վ.Մարգարյան

12 հունիսի 2026 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա․ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գագիկ Էդուարդի Դարբինյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի մայիսի 12-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 19-0519-24 քրեական վարույթը: 2024 թվականի մայիսի 12-ին Գագիկ Էդուարդի Դարբինյանը ձերբակալվել է։

2024 թվականի մայիսի 13-ին Գ․Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2024 թվականի հունիսի 13-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով՝ արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Գ․Դարբինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ, Գ․Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի՝ «Դատական ակտի անհստակությունը լուծելու մասին» որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա Գ․Դարբինյանի արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը հաշվակցվել է նշանակված պատժի ժամկետին և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 84-րդ հոդվածների խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա: Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Գ․Դարբինյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրված արարքի վտանգավորության աստիճանը։ Մասնավորապես, մեղադրյալը ոտնձգել է հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, գործել է ուղղակի դիտավորությամբ՝ հասարակական վայրում իր գոտկատեղում ապօրինի կերպով կրել է «ПM» (Մակարով) տեսակի ակոսափող հրազեն, որը լիցքավորված է եղել փամփուշտներով, այսինքն՝ եղել է մարտական վիճակում՝ ցանկացած պահի կրակոցներ արձակելու համար պատրաստ, որպիսի հանգամանքն էլ ավելի է բարձրացնում Գ.Դարբինյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Բողոքաբերը նշել է նաև, որ պարզ չէ, թե որ փաստական հանգամանքներից ելնելով է Առաջին ատյանի դատարանն արձանագրել, որ մեղադրյալը աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, այն պայմաններում, երբ այդպես էլ վերջինս զենքի ձեռքբերման իրական հանգամանքները չի հայտնել: Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, հաշվի չի առել հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետևանքները։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Գ․Դարբինյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Գագիկ Դարբինյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ «(…) նա, խախտելով 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված պահանջները, այն է՝ չունենալով զենք և դրա փամփուշտներ ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել 1954 թվականի նախկին ԽՍՀՄ գործարանային արտադրության «152629» համարի 9մմ տրամաչափի «ПM» (Մակարով) տեսակի ակոսափող հրազեն՝ նախատեսված 9մմ (9x18) տրամաչափի մարտական փամփուշտներ կրակելու համար, ինչպես նաև 1987 թվականի նախկին ԽՍՀՄ գործարանային արտադրության 7 հատ 9մմ (9×18) տրամաչափի մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ПM» (Մակարով), ԱՊՍ տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար, որոնք հայտնաբերվել են 2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 21:05-ին Վանաձոր համայնքի Երևանյան խճուղի 109 հասցեի շինության մոտ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ նրան ձերբակալելու և դրան ուղեկցող անձնական խուզարկության արդյունքում՝ նրա գոտկատեղից»[1]։

8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Գագիկ Դարբինյանի անձը բնութագրող տվյալները՝ մասնավորապես այն, որ մեղադրյալ Գ.Դարբինյանը նախկինում դատված չէ, դրական է բնութագրվում աշխատանքի վայրում, իրականացրել է բարեգործական լայնամասշտաբ գործունեություն ֆաբրիկայի սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատակիցներին դրամական և նյութական օգնություն տրամադրելով, ինչպես նաև 2020 թվականի քառասունչորս օրյա պատերազմին կրկին իր իսկ նախաձեռնությամբ (կազմակերպչական, ֆինանսական միջոցների տրամադրման և այլ գործառույթների իրականացման) առաջնագիծ է ուղարկել վերմակներ, քնապարկեր, զինվորական բաճկոններ, ուտելիք և այլ առաջին անհրաժեշտության իրեր, Դատարանի վերը նշված մեկնաբանությունները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես կատարած արարքում իրեն մեղավոր ճանաչելը, մեղսագրվող հանցագործության կատարման համար անկեղծորեն զղջալը, վարույթն իրականացնող մարմնին աջակցելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ բավարար են հանգելու այն հետևության, որ նրա նկատմամբ նպատակահարմար է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակը՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Դատարանն արձանագրում է, որ նշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ մեղադրյալի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանն, այսինքն՝ Դատարանը նպատակահարմար է գտնում ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառումը» [2]։

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Գ]նահատելով մեղադրյալ Գագիկ Էդուարդի Դարբինյանի կատարած հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա կատարած արարքը, դրանց արդյունքում քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին պատճառված վնասը, հանցագործության կատարման եղանակը, խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով՝ նրա անձի բնութագրի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքների առկայության, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության հետ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու և այդ պարագայում հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների լիարժեք իրացումը: Հետևաբար, անհիմն են դատախազի վերաքննիչ բողոքում առկա ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը չկիրառելու և մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կիրառելու վերաբերյալ ներկայացված փաստարկները: Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքներով, որ մեղադրյալ Գագիկ Էդուարդի Դարբինյանը նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվել է դրականորեն, ընդունել է մեղքը, աջակցել վարույթն իրականացնող մարմնին, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, իրականացրել է բարեգործական լայնամասշտաբ գործունեություն ֆաբրիկայի սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատակիցներին դրամական և նյութական օգնություն տրամադրելու հետ, ինչպես նաև 2020 թվականի քառասունչորս օրյա պատերազմին իր նախաձեռնությամբ (կազմակերպչական, ֆինանսական միջոցների տրամադրման և այլ գործառույթների իրականացման) առաջնագիծ է ուղարկել վերմակներ, քնապարկեր, զինվորական բաճկոններ, ուտելիք և այլ առաջին անհրաժեշտության իրեր: Վերջինիս պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են (․․․)»[3]:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գագիկ Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում[4]: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։ 11․1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա[5]` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն[6]: ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Գ․Դարբինյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա չունենալով զենք և դրա փամփուշտներ ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել գործարանային արտադրության «ЛБ 2629» համարի 9մմ տրամաչափի «ПM» տեսակի ակոսափող հրազեն՝ նախատեսված 9մմ (9x18) տրամաչափի մարտական փամփուշտներ կրակելու համար, ինչպես նաև 1987 թվականի նախկին ԽՍՀՄ գործարանային արտադրության 7 հատ 9մմ (9×18) տրամաչափի մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ПM» (...) տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար [7]:

- Առաջին ատյանի դատարանը, թվարկելով Գ․Դարբինյանի անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև արձանագրելով ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտել է, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը[8]։

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ և դատավճիռը թողել անփոփոխ[9]։

13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Գ․Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ նրա կողմից իր աշխատավայրի սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատակիցներին դրամական և նյութական օգնություն տրամադրելը, 2020 թվականի քառասունչորս օրյա պատերազմին իր նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության իրեր և առարկաներ առաջնագիծ ուղարկելը, ինչպես նաև Գ.Դարբինյանի անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, աշխատանքի վայրում դրական բնութագրվելը, իրենց համակցությամբ բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է վերջինի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Գ.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, իր գոտկատեղին ապօրինի կերպով հանրային վայրում կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի փամփուշտներով։ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի այն փաստարկը, որ ստորադաս դատարանները չեն բացահայտել, թե ինչու՞մն է դրսևորվել Գ․Դարբինյանի կողմից վարույթն իրականացնող մարմնին աջակցելն այն պայմաններում, երբ վերջինս չի հայտնել հրազենի ձեռքբերման աղբյուրը։

15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Գ.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ 16․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Գ.Դարբինյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերոնշյալ դատավճիռը անփոփոխ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Հետևաբար, անհրաժեշտ է Գ.Դարբինյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գագիկ Էդուարդի Դարբինյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը փոփոխել։ 2․ Գագիկ Էդուարդի Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։ 3․ Պատժի կրման սկիզբը հաշվել Գագիկ Էդուարդի Դարբինյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։ 4․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 77-79։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 36-40։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 114-122։

[4] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները: [5] Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 որոշումները: [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները: [7] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԼԴ/0290/01/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել