Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱԿՈԲ ՔՈՅԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱԿՈԲ ՔՈՅԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2463 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-246)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 246 | «ՀԱԿՈԲ ՔՈՅԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱԿՈԲ ՔՈՅԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հակոբ Քոյլոյանի դիմումի հիման վրա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Հակոբ Քոյլոյանը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «որոշել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրության 49-րդ, 57-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին»:

2. Դիմողի կարծիքով վիճարկվող իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական ծառայությունում որևէ մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը պետք է վերանշանակվի մինչ այդ փոփոխությունները զբաղեցրած հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ վերջինս էլ միայն քաղաքացիական ծառայողի համաձայնության դեպքում: Այսինքն վիճարկվող իրավանորմում «կամ» շաղկապի առկայությունը թույլ է տալիս պնդել, որ իրավասու անձը «կամ» շաղկապով պայմանավորված քաղաքացիական ծառայողին կամայականորեն կարող է առաջարկել ավելի ցածր պաշտոն կամ հավասարազոր պաշտոն, իսկ ցածր պաշտոնի վերանշանակման մասով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 6-րդ կետով ազատել աշխատանքից, նույնիսկ այն պարագայում, երբ պաշտոնի վերանշանակման համար առկա կլինեն քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոններ: Դիմողը նշում է, որ արդյունքում վիճարկվող իրավանորմերի տրամաբանությունը հանգում է նաև նրան, որ եթե քաղաքացիական ծառայողն իր համաձայնությունը չի տալիս ավելի ցածր պաշտոնի վերանշանակման համար, ապա հավասարազոր պաշտոնի առկայության պարագայում իրավասու անձը չի կրում տվյալ աշխատողին հավասարազոր պաշտոն առաջարկելու պարտականություն, իսկ դա էլ այն դեպքում, երբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի տրամաբանությունն ընդհանրապես, 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը հատկապես, թույլ են տալիս եզրահանգել, որ քաղաքացիական ծառայողի աշխատանքային գործունեության շարունակելը չպետք է վատթարացնի վերջինիս իրավական և սոցիալական վիճակը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմերի խնդիրը պետք է լիներ ապահովել արդարացի հավասարակշռություն գործատուի շահերի և քաղաքացիական ծառայողի իրավունքների և օրինական շահերի միջև, առավել ևս, երբ օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր է դրանք ապահովել այնպես, որ չվատթարանա քաղաքացիական ծառայողի ոչ միայն սոցիալական, այլև իրավական կարգավիճակը: Մինչդեռ վիճարկվող իրավանորմերում վերջիններս ապահովելու կամ չապահովելու հարցը, «կամ» շաղկապով պայմանավորված, թողնվել է բացառապես իրավասու անձի հայեցողությանը: Վերոգրյալի շրջանակներում դիմողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-991 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, համաձայն որի` «…. կողմերի, տվյալ դեպքում գործատուի աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքի իրացումը չպետք է պայմանավորված լինի նպատակահարմարությամբ կամ սուբյեկտիվ բնույթի այլ գործոնով, այլ հետապնդի արդար, իրավաբանորեն ամրագրված որոշակի նպատակ աշխատանքի իրավունքի իրացման սահմանադրորեն կանխորոշված սկզբունքներին համապատասխան»: Այսպիսով դիմողը եզրահանգում է, որ արդյունքում խախտվել են ինչպես Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքները, այնպես էլ դիմողի սեփականության, արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության, ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության և նախկին աշխատանքին հավասարազոր աշխատանքի անցնելու ազատ ընտրության սահմանադրական իրավունքները:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ուսումնասիրելով վիճարկվող նորմերի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողն ընդհանուր առմամբ ներկայացնում է օրենսդրական նորմերի վերլուծություն, մինչդեռ չի հիմնավորում, թե ո՞րն է վիճարկվող դրույթների և իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, հետագայում նաև այլ որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված որոշումների իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Սույն դիմումի շրջանակներում ձևականորեն բարձրացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի սահմանադրականության հարց, դիմողն իրականում վիճարկում է կայացված դատական ակտի իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հակոբ Քոյլոյանի դիմումի հիման վրա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-246

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-246
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել