Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1923 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 19 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մարտի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության դիմումը (ներկայացուցիչ` Դ. Գրիգորյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մարտի 2-ին: Դիմողը խնդրում է. « (...) Սահմանադրության 39-րդ հոդվածին հակասող ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի մինչև 19.06.2019թ. ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ 20-րդ հոդվածի 1-ին մասը»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը խնդրահարույց է որոշակիության (Սահմանադրության 79-րդ հոդված) և համաչափության (Սահմանադրության 78-րդ հոդված) առումներով: Ըստ դիմողի «Որոշակիության սկզբունքի բովանդակային տեսանկյունից (...) ի տարբերություն ընթացակարգային նորմերի, պատասխանատվություն սահմանող (նյութաիրավական) նորմերի դեպքում, ինչպիսին է խնդրո առարկա 20-րդ հոդվածի 1-ին մասը, պետք է հիմք ընդունվեն որոշակիության շատ ավելի խիստ չափորոշիչներ, ինչպես դա գործում է քրեական և վարչական իրավախախտումների իրավունքում: Այլ կերպ ասած, նորմը պետք է բավարար հստակությամբ մատնանշի այն արարքները, որոնք կարող են առաջացնել հետևանքներ նորմի հասցեատիրոջ համար, որպեսզի վերջինս ունակ լինի կանխատեսել և համապատասխանեցնել դրա պահանջներին իր վարքագիծը»: Ըստ դիմողի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1265, ՍԴՈ-997, ՍԴՈ-753 որոշումների լույսի ներքո ակներև է, որ վիճարկվող դրույթը թույլ չի տալիս տարբերակել, թե որ իրավունքների խախտման դեպքում կառաջանա նշված դրույթով նախատեսված իրավական հետևանքը: Անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությունը կազմող տարրերին ((1) լեգիտիմ նպատակի հետապնդում, (2) ընտրված միջոցի պիտանիություն, (3) ընտրված միջոցի անհրաժեշտություն, (4) ընտրված միջոցի և սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակության համարժեքություն)` դիմողը եզրահանգում է, որ ընտրված միջոցի և սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակության միջև առկա է չհավասարակշռված հարաբերակցություն: Արդյունքում, ըստ դիմողի, իր` Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի նկատմամբ տեղի է ունենում ծանր, անհամարժեք միջամտություն: Բացի դրանից, դիմողի կարծիքով օրենսդրի կողմից ընտրված միջոցն անհրաժեշտ չէ, քանի որ կան բազմաթիվ այլ ավելի մեղմ միջոցներ, որոնք նույնպիսի արդյունավետությամբ կպաշտպանեն սպառողների իրավունքները: Դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը, որպես իր Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված ազատ գործելու հիմնական իրավունքը սահմանափակող դրույթ, հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին, քանի որ նախատեսված տուգանքն անհրաժեշտ միջոց չէ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրության 39-րդ հոդվածին համապատասխան մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ արտահայտված են հետևյալ իրավական դիրքորոշումները. (…) Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված իրավական պետության արժեբանական հենքերից է մարդու հիմնական իրավունքների հարգումն ու պետության կողմից դրանց արդյունավետ իրացման համար երաշխավորված նախադրյալների ամրագրումը` ապահովելով մարդու ազատությունների և պետական իշխանության իրականացման սահմանների հստակեցումը: Սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով մարդուն օժտել է գործելու ազատությամբ ազդարարելով, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ու չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Հիշատակված սահմանադրաիրավական դրույթը երաշխավորելու և պետական իշխանության կողմից այն անհարկի չսահմանափակելու իրավական երաշխիքներ ստեղծելու նպատակադրմամբ սահմանադիրն ամրագրել է մարդու համար պարտականությունների օրենքով սահմանելու հիմնարար պահանջը: (…) Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում»: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը.

- «(…) իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (03.05.2016թ., ՍԴՈ-1270),

- «(…) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (18.04.2006թ., ՍԴՈ-630),

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ., ՍԴՈ-753),

- «(…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում, (…) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը» (15.11.2019թ., ՍԴՈ-1488),

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ., ՍԴՈ-1270, 15.11.2019թ., ՍԴՈ-1488),

- «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ., ՍԴՈ-1610): Կիրառելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները սույն դիմումի ընդունելիության հարցի լուծման շրջանակում Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ իր նկատմամբ կիրառված և սույն դիմումով վիճարկվող նորմի սահմանադրականության հարցը դիմողի կողմից ներկայացված է դրա Սահմանադրության 39-րդ հոդվածին հակասության վերաբերյալ հիմնավորումներով, մինչդեռ դիմողի նկատմամբ վիճարկվող իրավական նորմի կիրառման հետևանքը դիմողի գույքի դրամական միջոցների գանձումն է։ Այսինքն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով իր նկատմամբ կիրառված իրավական նորմի հետևանքային ազդեցությունը հանգեցրել է իր Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին միջամտության, որի սահմանադրականության առնչությամբ դիմողի կողմից որևէ հիմնավորում ներկայացված չէ։ Դիմումին կից ներկայացված թիվ ԼԴ2/1023/02/20 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մարտի 19-ի որոշմամբ դիմողի գործով վեճի լուծումը տեղի է ունեցել Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված անձի սեփականության իրավունքի շրջանակներում, որին վիճարկվող դրույթի հակասության վերաբերյալ հիմնավորումները դիմումում բացակայում են։ Այսինքն դիմողի նկատմամբ կիրառված և սույն դիմումով վիճարկվող իրավական նորմի կիրառումը հանգեցրել է դիմողի սեփականության իրավունքին, այլ ոչ ըստ դիմողի պնդման իր ազատ գործելու իրավունքին միջամտության, որի պայմաններում վիճարկվող դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասության վերաբերյալ դիմողի պնդումները նույնպես չեն կարող Սահմանադրական դատարանի քննությանն արժանանալ, քանի որ դրանք հանդիսանում են Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների համար նախատեսված որակական չափանիշներ և չեն կարող քննարկվել առանց կոնկրետ հիմնական իրավունքի կամ ազատության ներգրավման։ Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, համաձայն որոնց վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, անհիմն են: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

23 մարտի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել