Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԱԺՈ-3-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԱԺՈ-3-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2176 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-217)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 217 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԱԺՈ-3-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԱԺՈ-3-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի սեպտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(…) որոշել Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, 17-րդ հոդվածին, 18-րդ հոդվածին, 41-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 88-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին և 151-րդ հոդվածի 2-րդ մասին՝ դրանց հետ համակարգային կապի մեջ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 146-րդ հոդվածի 2-րդ մասի, 152-րդ հոդվածի 1-ին մասի և 156-րդ հոդվածի հետ»:

2. Դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկվող ակտն Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշումն է (այսուհետ նաև՝ ԱԺՈ-3-Ն որոշում) ինչպես դրա ընդունման կարգի, այնպես էլ դրանով Կառավարության ծրագրի համապատասխան դրույթներին տրված խորհրդարանական հավանության սահմանադրականության մասով. «(...) ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվում է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները, արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի իրավունքի ազատությանը»:

Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հիմնական հարցադրումը. «(...) արդյո՞ք ԱԺՈ-3-Ն որոշումը կարող է համարվել Սահմանադրությանը համապատասխան ընդունված, եթե Ազգային ժողովը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, մինչև [Ազգային ժողովի] Կանոնակարգի 33-րդ հոդվածով նախորդող օրակարգային հարցի՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, անցել է Կառավարության ծրագրի քննարկմանը՝ այդպիսի շեղում թույլատրող իրավական հիմքի բացակայության պայմաններում՝ նկատի ունենալով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքը»:

Դիմողը պնդում է, որ Կանոնակարգով, ինչպես նաև որևէ այլ նորմատիվ իրավական ակտով չնախատեսված եղանակով առաջին նստաշրջանի սահմանված հաջորդականությունն ընդհատելը և մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի ավարտը Կառավարության ծրագրի քննարկմանն անցնելն առնչվում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված օրինականության սկզբունքին, քանի որ նման շեղում կատարելու համար Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին որևէ լիազորություն Սահմանադրությամբ կամ օրենքով վերապահված չէ. «(...) Կանոնակարգով սահմանված առաջին նստաշրջանի օրակարգի պարտադիր հաջորդականությունից շեղումը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ այդպիսի շեղման համար որևէ լիազորություն նախատեսված չի եղել ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ օրենքով, և դրանով ուղղակիորեն խախտվել են Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված օրինականության սկզբունքը և 88-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը: Սահմանադրության 6-րդ հոդվածը հանրային իշխանության մարմինների գործողությունների իրավաչափությունը պայմանավորում է Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված լիազորության առկայությամբ, իսկ 88-րդ հոդվածի 5-րդ մասը Ազգային ժողովի գործունեությունն ուղղակիորեն կապում է Կանոնակարգին համապատասխան գործելու պահանջի հետ»:

Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետը սահմանում է Կառավարության ծրագրին հավանություն տալու սահմանադրական պարտականության կատարման վերջնաժամկետը, սակայն որևէ կերպ չի սահմանում այդ հարցի քննարկումն սկսելու ընթացակարգը և, առավել ևս, Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին չի վերապահում առաջին նստաշրջանի համար Կանոնակարգով սահմանված պարտադիր հաջորդականությունից շեղվելու լիազորություն:

Դիմողը պնդում է, որ սույն գործով վկայակոչված «(...) Խախտումը առնչվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հիմնական նպատակին՝ Ազգային ժողովի մարմինների կազմավորմանը: (...):

(...) Վաղաժամ անցումը Կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին: Սա խաթարում է Սահմանադրության 94-րդ հոդվածով երաշխավորված ազատ ներկայացուցչական մանդատի սահմանադրական էությունը, 105-րդ հոդվածով խմբակցությունների՝ խորհրդարանի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու գործառույթը և խորհրդարանական փոքրամասնության ինստիտուցիոնալ մասնակցության երաշխիքները»:

Դիմողն ընդգծում է, որ որևէ սահմանադրական կամ օրենսդրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ այլ կերպ «ապահովել» նրա հանգստի կոչումը, նախաձեռնել կամ կազմակերպել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում կամ որոշել դրա պարտադիր բովանդակությունը, կազմակերպել կամ արդյունք ապահովել նոր Կաթողիկոսի ընտրության համար: Այս կապակցությամբ, ի շարս այլնի, Դիմողը նշում է նաև. «(...) Այն հակափաստարկը, թե ծրագիրը միայն «ջանքեր գործադրելու» մասին է և դեռ անմիջական իրավական հետևանք չի առաջացնում, անտեսում է ծրագրի սահմանադրական գործառույթը: Պետության բարձրագույն մարմինների կողմից ընդունված պաշտոնական քաղաքականությունը կարող է արդեն իսկ ճնշում գործադրել կրոնական համայնքի անդամների ու մարմինների վրա, ազդել ներքին որոշումների ազատության վրա և ուղղորդել հետագա վարչական, օրենսդրական ու իրավապահ գործողությունները: Ընդ որում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդեն իսկ՝ դե ֆակտո իրականացվում են պետական ապօրինի միջամտության զանգվածային նախաձեռնություններ: Սահմանադրական վերահսկողությունը հենց նման ներկա և ապագա հակասահմանադրական գործողությունների հիմքը կանխելու սահմանադրական ուղղվածություն ու նշանակություն ունի հատկապես վերացական սահմանադրական վերահսկողության լիազորության շրջանակներում: Ակնհայտ է նաև, որ նշվածն այլևս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված իրավական ակտի՝ վիճարկվող որոշման շրջանակում հանդիսացող հանգամանք է»:

Դիմողը գտնում է, որ առաջին նստաշրջանի՝ Կանոնակարգի 33-րդ հոդվածով սահմանված օրակարգի հարցերի պարտադիր հաջորդականության ընդհատմամբ ԱԺՈ-3-Ն որոշումն ընդունվել է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պահանջի ակնհայտ խախտմամբ, իսկ Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետը Կանոնակարգից շեղվելու լիազորության վերածելով՝ Ազգային ժողովը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակառակ, քանի որ այդպիսի լիազորություն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված չէ:

Դիմողի գնահատմամբ՝ ԱԺՈ-3-Ն որոշումն այնքանով, որքանով դրանով հավանություն է տրվել այնպիսի հակասահմանադրական ձևակերպումներին, որոնք առնչվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իբրև հեռացմանը, Կաթողիկոսական տեղապահի և նոր Կաթողիկոսի ընտրությունը, ինչպես նաև Եկեղեցու ներքին կանոնադրության ընդունմանը, ինչպես նաև մարդու խղճի և կրոնի ազատության իրավունքի սահմանափակման որոշումը պետական քաղաքականության առարկա դարձնող ծրագրային դրույթներին, ուղղակիորեն հակասում է Եկեղեցու ներքին կառավարման և կանոնական ինքնավարության՝ Սահմանադրության 17, 18 և 41-րդ հոդվածներով պաշտպանված երաշխիքներին, այդ թվում նաև՝ Սահմանադրության 5 և 6-րդ հոդվածներին:

Դիմողը եզրահանգում է, որ Ազգային ժողովի ԱԺՈ-3-Ն որոշումը Կառավարությանը հակասահմանադրական լիազորություն սահմանելու և/կամ Սահմանադրության պահանջներին հակասող վարքագիծ թույլատրելու միջոց չէ, ուստի՝ ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվող ծրագրային դրույթներին հավանություն տալու մասով ևս չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներում (08.02.2019 թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019 թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020 թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021 թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք Սահմանադիրը չի դիտարկել իբրև Բարձր դատարանի քննությանը ենթակա հարց:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց Սահմանադիրն իրավունք է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն:

Սահմանադրական դատարանը, նախևառաջ, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանին վերապահված սահմանադրական վերահսկողության իրականացումը ենթադրում է ոչ միայն վիճարկվող իրավակարգավորման (ակտի) և Սահմանադրության համապատասխան դրույթի վկայակոչում, այլև այնպիսի հիմնավորված սահմանադրաիրավական հարցի առաջադրում, որի շրջանակներում հնարավոր է բացահայտել վիճարկվող նորմի (ակտի) և սահմանադրական արժեքների միջև առկա ենթադրյալ հակասության բնույթը և բովանդակությունը։

Սույն գործով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ՝ սահմանել այն սահմանադրաիրավական շրջանակը, որի սահմաններում է իրականացվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի քննությունը, քանի որ հենց Դիմողի՝ սահմանադրական արդարադատության շրջանակում դատավարական կարգավիճակի բնույթն է կանխորոշում Բարձր դատարանի սահմանադրական վերահսկողության ծավալը, դատավարության առարկան և սահմանադրական արդարադատության նպատակը։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը սահմանադրական վերահսկողության նախաձեռնության ինքնուրույն սուբյեկտ է, որն իրավասու է վիճարկել օրենքների, Ազգային ժողովի որոշումների և այլ համապատասխան ակտերի սահմանադրականությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի ուժով։

Սահմանադրությունը, խնդրո առարկա սուբյեկտին վերապահելով Սահմանադրական դատարան դիմելու ինքնուրույն իրավասություն, ստեղծել է սահմանադրական հակակշռի ինստիտուցիոնալ մեխանիզմ։

Սույն սահմանադրական լիազորությունը ծառայում է բացառապես մեկ նպատակի՝ ապահովելու, որ նույնիսկ խորհրդարանական մեծամասնության կամքով ընդունված ակտերը չհաղթահարեն Սահմանադրության գերակայության սահմանը։ Այդ իմաստով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի սույն իրավունքը ոչ թե պատգամավորներին վերապահված արտոնություն է, այլ սահմանադրական կարգի պաշտպանության օբյեկտիվ գործիք։

Սահմանադրական դատարանի առաքելությունն այս սահմանադրաիրավական համակարգում նույնպես ունի հստակ սահմանադրական բովանդակություն. Բարձր դատարանի սահմանադրական գործառույթը, ի շարս այլնի, այն է, որ պարզի՝ արդյո՞ք վիճարկվող ակտը սահմանազանցել է Սահմանադրի կողմից հանրային իշխանությանը վերապահված նյութական և ընթացակարգային սահմանները։

Սահմանադրական արդարադատության այս կառուցակարգը հիմնված է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական գաղափարի վրա։ Հակառակ պարագայում, եթե Սահմանադրական դատարանը սկսի քաղաքական որոշումների նպատակահարմարությունը փոխարինել սեփական գնահատմամբ, ապա կխախտվի հենց Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված խնդրո առարկա սկզբունքը, ինչն անհամատեղելի է Սահմանադրի ամրագրած արժեբանությանը:

Այս առումով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումը վերացական նորմատիվ վերահսկողության ձև է, որի շրջանակներում Սահմանադրական դատարանի քննության առարկան բացառապես նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունն է Սահմանադրությանը։ Հետևաբար՝ սույն գործով Դիմողի կողմից ներկայացված բազմաթիվ փաստական և քաղաքական հանգամանքները կարող են գնահատվել միայն այն չափով, որքանով դրանք բացահայտում են վիճարկվող ԱԺՈ-3-Ն որոշման ենթադրյալ հակասահմանադրականությունը։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի քաղաքականապես հաջող կամ արդարացված լինելու հարցերը գտնվում են խորհրդարանի քաղաքական պատասխանատվության, այլ ոչ թե սահմանադրական արդարադատության տիրույթում։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս տարբերակումը հատկապես էական է այն պատճառով, որ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանը չի կարող ապագա ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումները գնահատել իբրև գործող սահմանադրական հակասություն։

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարանի սահմանադրական առաքելությունը պայմանավորված է Սահմանադրության գերակայության սահմանադրահեն գաղափարով։ Սահմանադրությունը հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար իրավական կամքի բարձրագույն չափանիշ է, իսկ Սահմանադրական դատարանը՝ այդ գերակայության երաշխավորը։

Ավելին, Սահմանադրական դատարանը կաշկանդված է դատական ինքնազսպման սկզբունքով, ինչը պահանջում է, որ Սահմանադրական դատարանը «միջամտի» հանրային իշխանության գործունեությանը միայն այն դեպքում, երբ առկա է սահմանադրական հրամայականների հստակ խախտում, այլ ոչ թե որևէ հարցի շուրջ քաղաքական անհամաձայնություն։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն տրամաբանությունն առավել կարևոր է խորհրդարանական կառավարման պայմաններում, որտեղ Կառավարության ծրագրին հավանություն տալը հանդիսանում է քաղաքական պատասխանատվության և խորհրդարանական վստահության առանցքային ինստիտուտ։ Սահմանադրական դատարանի չափազանց լայն միջամտությունը կխախտի ոչ միայն իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրահեն սկզբունքը, այլև ժողովրդավարական ներկայացուցչական մանդատի էությունը։

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Դիմողի ներկայացրած փաստարկներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի առանցքային պնդումը խարսխված է այն դատողության վրա, որ առաջին նստաշրջանի օրակարգային հաջորդականությունից շեղվելն ինքնաբերաբար հանգեցրել է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման։

Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան, սակայն այդ նորմը չի սահմանադրականացնում Կանոնակարգի յուրաքանչյուր ընթացակարգային կանոն. հակառակ մեկնաբանությունը կնշանակեր, որ Ազգային ժողովի գործունեության ցանկացած կազմակերպական շեղում վերածվում է սահմանադրական վեճի, ինչն անհամատեղելի է Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթի հետ. սահմանադրաիրավական առումով նշանակություն ունեն միայն այնպիսի ընթացակարգային խախտումները, որոնք ազդել են օրենսդրի իրական կամարտահայտության ձևավորման վրա կամ անհնար են դարձրել դրա արժանահավատ բացահայտումը։

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով, ըստ էության, չի հիմնավորվել, որ օրակարգային հաջորդականության փոփոխության հետևանքով որևէ պատգամավոր զրկվել է իր մանդատի լիարժեք իրականացման հնարավորությունից, որ Ազգային ժողովի իրավազոր կազմը խախտվել է, կամ որ քվեարկության արդյունքը ձևավորվել է սահմանադրորեն անթույլատրելի պայմաններում։ Հետևաբար՝ ներկայացված փաստարկը վերաբերում է առավելապես ներխորհրդարանական կազմակերպական կարգին, այլ ոչ սահմանադրական կամարտահայտության արատավորմանը. հակառակի մասին որևէ հիմնավորում դիմումում բացակայում է:

Բացի դրանից, Դիմողը նշում է, որ Կառավարության ծրագիրը հնարավոր էր քննարկել նաև այլ օրերի, ուստի՝ Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված յոթնօրյա ժամկետը չէր արդարացնում օրակարգային հաջորդականությունից շեղումը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի հիմնավորել, որ հիշատակված յոթնօրյա ժամկետի պահպանումն անհամատեղելի է Ազգային ժողովի գործունեության կազմակերպական հայեցողության հետ, որպիսի պայմաններում հիշատակված փաստարկը չի հաղթահարում սահմանադրական խախտման շեմը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի ներկայացրած հիմնավորումների կառուցվածքից բխում է այն պնդումը, թե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումը ենթադրում է Սահմանադրական դատարանի առավել համակարգային վերահսկողություն Ազգային ժողովի որոշումների նկատմամբ, մինչդեռ Սահմանադրական դատարանը նման մոտեցումը չի կարող ընդունել։ Հետևաբար՝ Դիմողի կողմից ներկայացված այն հիմնավորումները, որոնք կառուցված են այն կանխավարկածի վրա, թե Կառավարությունը հետագայում կարող է ծրագրի համապատասխան դրույթներն իրագործել հակասահմանադրական միջոցներով, չեն կարող ինքնին հիմք հանդիսանալ ԱԺՈ-3-Ն որոշման հակասահմանադրականությունը գնահատելու համար։

Միևնույն ժամանակ, Դիմումի համակողմանի հետազոտությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ թեև Դիմողը պնդում է, որ դրանով նպատակադրված չէ վիճարկել Կառավարության ծրագրի սահմանադրականությունը, այնուամենայնիվ, դիմումի բովանդակությունն առավելապես հանգում է դրան:

Կառավարության ծրագիրը ՀՀ սահմանադրական կառուցակարգում քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որը սահմանում է պետության քաղաքականության հիմնական ուղղությունները։

Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իսկ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները։ Այս կարգավորումներից բխում է, որ Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքական նպատակներ և հանձնառություններ, ընդ որում՝ այդ նպատակների և հանձնառությունների իրականացումը ենթադրում է հետագա իրավաստեղծ գործընթաց։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հատկապես Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրականացման դեպքում դիմումի փաստարկվածության պահանջը չի կորցնում իր նշանակությունը։

Սահմանադրական դատարանը կրկին ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները՝ բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Կառավարության ծրագրի համապատասխան դրույթների ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները, որպիսիք կարող են բարձրաձայնվել խորհրդարանական գործունեության շրջանակներում, մինչդեռ բավարար չեն սահմանադրական արդարադատության նախաձեռնման համար։

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը սոսկ վերացական բնույթ չի կրում:

Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը՝ զերծ մնալով հանրային իշխանության այլ մարմինների գործունեությունը՝ սահմանադրական արդարադատության մակարդակում քննադատելու՝ ենթադրյալ հակասահմանադրական գործելաոճով առաջնորդվելու միտումներից:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը չի ապահովում Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի 2026 թվականի օգոստոսի 25-ի ԱԺՈ-3-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-217

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-217
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել