Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԵ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԵ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1431 մայիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մայիսի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ՎԱՀԵ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 մայիսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Վահե Միրզոյանի և Անահիտ Շահվերդյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Վահե Միրզոյանը և Անահիտ Շահվերդյանը 16.05.2012թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից դատավարության մասնակցի միջնորդությունը, դիմումը կամ հայտարարությունը քննության չառնելու, դրանք առանց քննության թողնելու կամ մերժելու դեպքում գործը դատական քննության նշանակելու մասին որոշման բողոքարկման իրավունք ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմողների կարծիքով, օրենսդիրը դատավարության մասնակցին գործը դատական քննության նախապատրաստելու փուլում տրամադրելով միջնորդությունների, դիմումների կամ հայտարարությունների միջոցով մինչև գործը դատական քննության նշանակելը գործի հետագա ընթացքի վրա իրապես ազդելու հնարավորություն, միաժամանակ նրան զրկել է դատարանի հնարավոր կամայական վերաբերմունքի դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքից։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել է միայն 2012 թվականի ապրիլի 19-ի ՀՀ վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը։ Հիշյալ որոշման մեջ դիմողների կողմից վիճարկվող դրույթի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում են դիմողների նկատմամբ կայացված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերը։

Բացի դրանից, դիմողները վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձում են հիմնավորել մատնանշելով ենթադրյալ օրենսդրական բացը։ Նշենք, որ օրենսդրական բացը, որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասություններին և վերջիններս դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, ամրագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761 հոդվածով սահմանված են առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք վերաքննության կարգով ենթակա են բողոքարկման։ Ինչ վերաբերում է դատական քննություն նշանակելու մասին որոշման բողոքարկման հնարավորությանը, ապա այն, որպես այդպիսին, օրենսդիրը չի նախատեսել։ Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին։ Գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննության և վճռաբեկության կարգով։ Ինչ վերաբերում է միջանկյալ դատական ակտերին, ապա դրանց բողոքարկելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներն արտահայտել է 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արձանագրելով, մասնավորապես, որ «...օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը»։ Մինչդեռ դատական քննություն նշանակելու մասին որոշումն իր բնույթով այնպիսին է, որ չի կասեցնում գործի քննության հնարավորությունը։ Այս համատեքստում դիմողների փաստարկներն առ այն, որ դատական քննություն նշանակելու մասին որոշման բողոքարկման անհնարինությունը հանգեցնում է դատարանի հետագա կամայական վերաբերմունքի դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքից զրկելուն, ակնհայտ անհիմն է, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Վահե Միրզոյանի և Անահիտ Շահվերդյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

31 մայիսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել