«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան
28 հուլիսի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով
գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Բիկսա» ՍՊԸ-ն 19. 07. 2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7 հոդվածի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» դրույթների կիրառումը և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18, 19 և 92 հոդվածների պահանջներին հակասող»։
Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, միևնույն գործի շրջանակներում, սկզբում տարբեր հոդվածների դրույթների, իսկ վերջին երկու անգամները միևնույն հոդվածի դրույթների սահմանադրականության հարցերով ՀՀ սահմանադրական դատարան է դիմում արդեն թվով 6-րդ անգամ։ Այսպես, առաջին անգամ դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 21.12.2009 թվականին վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը։ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը 2009 թվականի դեկտեմբերի 28-ին մերժել է «Բիկսա» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիությունը վերոնշյալ հոդվածների դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասին այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածների վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի համապատասխանաբար ՍԴՈ-690, 754, 765, 817 որոշումները։ Այնուհետև երկրորդ անգամ «Բիկսա» ՍՊԸ-ն կրկին նույն գործի շրջանակներում սահմանադրական դատարան է դիմել 29. 03. 2010 թվականին այս անգամ արդեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը։ 06. 04. 2010 թվականին սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը ՍԴԴԿՈ/2-13 որոշմամբ մերժել է «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը։ Երրորդ անգամ «Բիկսա» ՍՊԸ-ն սահմանադրական դատարան է դիմել 05. 10. 2010 թվականին վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը ՍԴԴԿՈ/2-32 որոշմամբ մերժել է «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը։ Իսկ 21. 03. 2011թ. թվով 4-րդ անգամ դիմողը վիճարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117. 6-րդ հոդվածի սահմանադրականությունը։ 2011 թվականի ապրիլի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը ՍԴԴԿՈ/2-5 որոշմամբ մերժել է «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը։ 21.06.2011թ. թվով 5-րդ անգամ դիմողը վիճարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7- րդ հոդվածի սահմանադրականությունը։ 2011 թվականի հուլիսի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը ՍԴԴԿՈ/1-16 որոշմամբ մերժել է «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը դիմումի ակնհայտ անհիմն լինելու և որպես սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց չառաջադրող դիմում լինելու պատճառաբանությամբ։
Սույն դիմումով դիմողը ՀՀ սահմանադրական դատարանին խնդրում է «...ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7 հոդվածի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» դրույթների կիրառումը և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18, 19 և 92 հոդվածների պահանջներին հակասող»։
Գործի դատավարական պատմության ուսումնասիրությունը վկայում է, որ 05.06.08 թվականին «Բիկսա» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության, երրորդ անձ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Կենտրոն» տարածքի նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի նոտարական գործողությունը վիճարկելու և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ հարկադիր կատարող Ալեքսան Բաղդասարյանի վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ ՀՀ վարչական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի վճռով հայցը մերժվել է։ Այդ վճռի դեմ «Բիկսա» ՍՊԸ-ի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի, 2010 թվականի հունվարի 27-ի և 2010 թվականի ապրիլի 15-ի բերված վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանի 28.10.2009 թվականի, 04.03.2010 թվականի և 28.04.2010 թվականի որոշումներով վերադարձվել են։ Նույն վճռի դեմ հայցվորը 2011 թվականի փետրվարի 11-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 2011 թվականի փետրվարի 28- ի որոշմամբ վերադարձվել է։ Վերաքննիչ դատարանի նշյալ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2011թ. որոշմամբ վերադարձվել է։ Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ
վիճարկվող դրույթը ՀՀ վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի դատական պրակտիկա, համաձայն որի բողոքները վերադարձվում են առանց քննության, առանց դիմողների բողոքներում առկա թերությունները մատնանշելու և դրանք վերականգնելու ժամկետ սահմանելու։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի
ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ա/ Դիմումի ուսումնասիությունը վկայում է, որ դիմողը որևէ կերպ, որևէ իրավական փաստարկի օգնությամբ չի հիմնավորել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի հրամայական պահանջն է։ Դիմողի պատճառաբանություններն ու փաստարկները բացառապես վերաբերում են նրա կողմից սուբյեկտիվ ընկալմամբ վճռաբեկ դատարանի դատական ակտի մեկնաբանմանը. այսպես դիմումի «Դիմողի դիրքորոշումը» վերտառությամբ 1-ին կետում նշվում է, որ «... Գործերի ընդունման հարցերում վճռաբեկ դատարանի դրսևորած մոտեցման արդյունքում անհնարին է դարձել վճռաբեկ դատարանի իրավասությունների շրջանակում «Բիկսա» ՍՊԸ-ի Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքի պաշտպանությունը»։ Այսինքն, ինչպես վկայում է անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը, պահպանված չէ վերը հիշատակված դրույթի հրամայական պահանջը։ Վերջինիս վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Այս կապակցությամբ դիմողը բավականին անորոշ, մեկ նախադասությամբ նշում է, որ « ... սույն վարչական գործով, վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի կիրառումը դուրս է գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից, քանի որ սահմանափակում է «մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության ազատ իրականացման անհրաժեշտությունը...», ինչն էլ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի հատկանիշն է»։ Դատական կազմը գտնում է, որ նման ձևակերպումը չի կարող համարվել վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականության պատշաճ հիմնավորում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Հարկ է նշել նաև, որ դիմողը պատշաճ կերպով չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.
բ/ դիմումի նախնական ուսումնասիրությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են /այդ մասին ուղղակիորեն նշում է նաև դիմողը դիմումի «Դիմողի պատճառաբանումներն ու փաստարկները» վերտառությամբ 2-րդ կետում/, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, այս առումով ևս առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Ամփոփելով վերոշարադրյալը և ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839, ինչպես նաև ՍԴԱՈ-21 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
28 հուլիսի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
