ՄԱՐԳԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 65 | ՄԱՐԳԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 4 դեկտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ` Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Մարգար Սիմոնյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարգար Սիմոնյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին) խնդրելով. «1. Թիվ ԱՐԱԴ/0188/02/13 քաղաքացիական գործով Մարգար Սիմոնյանի նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի դրույթին առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 3-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Ճանաչել Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի պահանջներին հակասող ձևով վավերացված ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի օգտագործումը թիվ ԱՐԱԴ/0188/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1265 որոշման մեջ ամրագրված, ինչպես նաև նույն դրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները դիմողը փաստարկում է, որ «Տվյալ պարագայում.… ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի պահանջներին դատարանների կողմից տրվել են ՀՀ Սահմանադրական, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանների կողմից նշված դրույթին տրված մեկնաբանություններին հակասող մեկնաբանություն.…»: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցային վաղեմության ընթացքը ընդհատելու իրավակարգավորումները և դրանց իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը համադրելով մեջբերված դատական որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների հետ` հանգում է այն եզրակացության, որ հիշյալ նորմը չի բխում Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված` օրենքի իրավական որոշակիության պահանջից: Ըստ դիմողի Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը նյութական և ընթացակարգային կանոններ պարունակող 49-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ իրավունքի սուբյեկտի համար ստեղծվել է անորոշ իրավիճակ կապված նոտարական կարգով վավերացված փաստաթղթի պատճենի լիարժեք ապացուցողական ուժի հետ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: Վերոհիշյալ սահմանադրական նորմն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտման պատճառ է համարում այն, որ դատարաններն անտեսել են, ի թիվս այլնի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1265 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ի խախտումն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի պահանջների ժառանգության իրավունքի վկայագրի պատճենը համարել են թույլատրելի ապացույց: Նախ` անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1265 որոշումը, որի եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Քանի որ Մարգար Սիմոնյանի դիմումում առաջադրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1265 որոշումը, ուստի այդ մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի ենթադրյալ սահմանադրականության հարցին, որի շրջանակներում դիմողը խնդրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի օգտագործումը, ապա նման հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Դիմումի ուսումնասիրությունից բխում է նաև, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից, իսկ վերջինս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը նույնպես մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մարգար Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
4 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-65
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-65
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
