ՎԱՍՊՈՒՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | ՎԱՍՊՈՒՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 ապրիլի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Վասպուրակ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վասպուրակ Հարությունյանը 06.04.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «…վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար» արտահայտությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող վճռաբեկ բողոքի մերժման հիմքում դնել մի հանգամանք, որին պետք է գնահատական տա գործի ըստ էության քննության ժամանակ, ավելին` ստացվում է, որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը նոր երևան եկած հանգամանքի հիմքով ընդունում է վարույթ, ապա որպես նոր երևան եկած վկայակոչված հանգամանքներն իսկապես առկա են:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
դիմողը ՎՏԲ-Հայաստան բանկի հետ գործարքն անվավեր ճանաչելու հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճռով բավարարվել է:
ՎՏԲ-Հայաստան բանկը բողոքարկել է այդ ակտը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որն էլ 2015 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը բեկանել է և փոփոխել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ դիմողը վճռաբեկ բողոք է տարել ՀՀ վճռաբեկ դատարան, որն էլ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Դիմողը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, քանի որ բողոք բերած անձը չի ապացուցել և հիմնավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի որևէ կետով սահմանված նոր երևան եկած հանգամանքի առկայությունը: Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը ձևականորեն է բարձրացրել նոր երևան եկած հանգամանքի խնդիր, քանի որ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանի բողոքում նշված հիմքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում նոր երևան եկած հանգամանք և դիմողի համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ժամկետն սկսում է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշումն հասանելի լինելու պահից: Այսինքն` դիմողը բաց է թողել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վասպուրակ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
25 ապրիլի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
