Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3629 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 36 | ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 ապրիլի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Ա. Զեյնալյանի

Քննության առնելով Համլետ Քոչարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Համլետ Քոչարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Վարդան Հակոբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 3-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...) Օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2․ Ներկայացնելով թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ապահովադրի՝ հատուցում ստանալու իրավունքի խախտումը չի առաջանում ապահովագրական պատահարի ուժով: Դիմողը գտնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով սահմանված է ապահովագրական պատահարին հաջորդող ընթացակարգ, որն ուղղված է ապահովադրին արդարացի հատուցում տրամադրելուն, և ապահովադրի իրավունքի խախտում առաջանում է այն ժամանակ, երբ նշված ընթացակարգի արդյունքում ապահովագրողն ապահովադրին չի հատուցում (ամբողջությամբ չի հատուցում) այն գումարը, որը ստանալու իրավունք վերջինս արդարացիորեն ունի: Հետևաբար՝ Դիմողի պնդմամբ՝ ապահովագրական պատահար տեղի ունենալը per se չի հանգեցնում ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող իրավունքի խախտման:

Ըստ Դիմողի՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածով սահմանված ժամկետը սկսում է հոսել մինչև իրավունքի խախտման փաստը և անկախ նման փաստից, հետևաբար՝ տվյալ հոդվածն անտեղի և անհիմն կերպով կրճատում է անձի՝ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմելու ժամկետը: Այս առումով Դիմողը նշում է, որ դատարան դիմելու ժամկետի կրճատումը կարող է ունենալ աննշան դրսևորում, եթե, օրինակ, ապահովագրական պատահարից մինչև անձի իրավունքի խախտումն ընկած ժամանակաշրջանը կազմի քսան օր, սակայն այն կարող է ունենալ նաև նշանակալի դրսևորում, եթե տվյալ ժամանակաշրջանը կազմի, օրինակ, երկու տարի: Դիմողի պնդմամբ՝ օրենսդիրն անտարբեր է գտնվել ոչ միայն այդ ռիսկերի, այլ նաև այնպիսի ռիսկի հանդեպ, երբ անձի իրավունքը կարող է խախտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռամյա ժամկետի ավարտից հետո՝ վերջինիս դնելով իր խախտված իրավունքի պաշտպանության անհնարինության վիճակում:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթով սահմանված ժամկետը խեղաթյուրել է հայցային վաղեմության ինստիտուտի էությունը, նպատակը և կոչումը՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկիզբը կապելով իրավունքի խախտում չհանդիսացող իրավաբանական փաստի հետ:

Դիմողը նաև նշում է, որ ապահովագրական պատահարի պատճառած վնասի չփոխհատուցված մասի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետը հանիրավի կրճատվել է, մասնավորապես, այն հաշվարկվել է ոչ թե իրավունքի խախտման, այլ օրենսդրի կողմից սահմանված՝ կամայական, հայցային վաղեմության ինստիտուտի բուն էությանը հակասող պահից, որի արդյունքում՝ հայցային վաղեմության եռամյա ժամկետը համարվել է սպառված: Մինչդեռ՝ Դիմողի պնդմամբ՝ իր իրավունքի խախտման՝ համապատասխան որոշումն ընդունվելու պահից մինչև իր կողմից դատական հայց ներկայացնելը չէր անցել երեք տարի, և, համաձայն այդ հաշվարկի՝ հայցային վաղեմության ժամկետն իր կողմից խախտված չէր համարվի, հայցն էլ այդ հիմքով չէր մերժվի՝ առանց դրա ըստ էության քննության:

3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճի էությունը հանգում է նրան, որ թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանվել է այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքի մեկնակետ է համարվել Դիմողի ավտոմեքենայի մասնակցությամբ ապահովագրական վթարը, և ոչ թե «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲ ընկերության կողմից կայացված «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» թիվ Ե-19-1712-1 որոշում-ծանուցման ընդունումը, այլ կերպ՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքի մեկնարկի հաշվարկին վերաբերող իրավակարգավորման հետևանքով խախտվել են Դիմողի սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը կարող են խնդրահարույց լինել ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Համլետ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Ա. Զեյնալյան

29 ապրիլի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել