«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 20 | «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 մարտի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թ. մարտի 3-ին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելուց հետո վերստին ներկայացվել է 2021 թ. մարտի 12-ին) խնդրելով. ….2. Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպման իրավակիրառ պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով այն չի համապատասխանում անձի արդար դատաքննության և սեփականության իրավունքի սահմանադրական մոտեցումներին»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. մարտի 31-ը ներառյալ:
2. Դիմողի կարծիքով Սահմանադրական դատարանն իր 25.02.2008 թ. ՍԴՈ-735 որոշմամբ, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպմանը, նյութաիրավական վեճը դիտարկել է որպես պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք այնուամենայնիվ չբացահայտելով «նյութաիրավական վեճ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչն էլ դատարանների կողմից վիճարկվող որոշումները կիրառելիս մի շարք չարաշահումներ թույլ տալու հիմք է: Ըստ դիմողի` տվյալ դեպքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող ձևակերպմանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն այլ քաղաքացիական գործով ցանկացած հիմքով նյութաիրավական վեճի առկայությունը, անկախ այդ վեճի շրջանակներում ներկայացված պահանջի հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքից, բացառում է սնանկության գործով պարտավորության անվիճելիությունը, հետևաբար, պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությունը: Մինչդեռ, դիմողը կարծում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի, թե որքանով է այս կամ այն նյութաիրավական վեճն ազդում սնանկության վարույթի վրա, եթե, իհարկե, որևէ կերպ ազդում է, առավել ևս խոչընդոտում սնանկության վարույթին, հակառակ դեպքում ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի սնանկության ինստիտուտի դերն ու նշանակությունը: Վերոշարադրյալով պայմանավորված դիմողը բարձրացնում է Սահմանադրական դատարանի կողմից «նյութաիրավական վեճ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և դրա համատեքստում դատարանների գործիքակազմի և դրա կիրառման սահմանների հստակեցման անհրաժեշտության հարցը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով …. որոշում է օրենքների .… համապատասխանությունը Սահմանադրությանը»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում …. եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 25.02.2008 թ. ՍԴՈ-735 որոշումը: Մասնավորապես սույն որոշման 10-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «….վիճարկվող դրույթում «….պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է օրենքի վիճարկվող նույն 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է դիտարկում ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությունը, այլ անվիճելի վճարային պարտավորությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ» կետերը վերաբերում են վճարային պարտավորության անվիճելիությանը, այլ ոչ թե սնանկության հիմքերին, և նպատակ չեն հետապնդում սնանկության գործը քննող դատարանին ներքաշելու նյութաիրավական վեճի լուծման գործընթացի մեջ»: Իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում դատարանը նշել է. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Վերոշարադրյալից բխում է, որ սույն դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է: Ներկայացված դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ ըստ էության վիճարկվում է նաև Սահմանադրական դատարանի կողմից տվյալ կարգավորման վերաբերյալ նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների իրավաչափությունը, ինչը չի կարող լինել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի առարկա: Մասնավորապես, դիմողը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը, նշել է. «Ստացվում է, որ ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի նշյալ մեկնաբանության ցանկացած նյութաիրավական վեճ, անկախ դրա բովանդակությունից, համարվում է «պահանջի դեմ առարկելու բավարար հիմք» .... ՀՀ Սահմանադրական դատարանը, բացահայտելով «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակությունը, այնուամենայնիվ չի բացահայտել «նյութաիրավական վեճ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչն էլ հիմք է հանդիսանում դատարանների համար վիճարկվող նորմը կիրառելիս հղում անելով ՀՀ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման վրա, թույլ տալ մի շարք չարաշահումներ...»: Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր 25.02.2008 թ. ՍԴՈ-735 որոշմամբ Սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում բացահայտել է խնդրո առարկա նորմի բովանդակությունը, իսկ այնուհետև Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0062/04/16 քաղաքացիական գործով իր 25.12.2017 թ. որոշմամբ, իրականացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը ապահովելու իր գործառույթը, նույնպես մեկնաբանել է «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, որի արդյունքում ձևավորվել է վերոնշյալ դրույթի կիրառման միասնական պրակտիկա: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դիրքորոշման համաձայն վիճարկվող «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը վերաբերում է պարտապանի պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Եվ սա բխում է «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է համարում միայն անվիճելի վճարային պարտավորությունը (ՍԴՈ-735): Իսկ Վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը անկախ նյութաիրավական վեճի հիմքից» («Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թ. որոշումը): Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է մեկ այլ թիվ ԵԴ/24965/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՆԱԻՐԻ ԲԻԶՆԵՍ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի ընդդեմ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը դադարեցված համարելու պահանջի մասին: Այսինքն պարտապանի, տվյալ դեպքում «ՆԱԻՐԻ ԲԻԶՆԵՍ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի պարտավորության վերաբերյալ առկա է նյութաիրավական վեճ, ընդ որում, այն այնպիսի բնույթի է, որ հետագայում կարող է հնարավորություն ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը, ինչը, «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա պարտապանի վճարային պարտավորությունը դարձրել է վիճելի: Ներկայացված դիմումում որպես վիճարկվող նորմի հակասահմանադրականության հիմնավորում, ըստ էության առաջ է քաշվում նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը ևս դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Դիմողի կարծիքով «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված, դիմումով վիճարկվող ձևակերպման սխալ մեկնաբանման և դա Սահմանադրական դատարանի ՍԴՈ-735 որոշման մեջ նշված ձևակերպմանը տրված մեկնաբանության լույսի ներքո կիրառման արդյունքում խախտվել են իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված մի շարք իրավունքներ: Մասնավորապես, դիմողը նշել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ամբողջությամբ անտեսելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացրած ապացույցները, որոնց համաձայն թիվ ԵԴ/24965/02/18 քաղաքացիական գործով նյութաիրավական վեճը պարտապանի պարտավորությունը չի դարձնում վիճելի, մերժել է իր կողմից ներկայացված դիմումը: Դիմողը նաև նշել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ոչ մի փորձ չի կատարել պարզելու պարտապանի կողմից վկայակոչված, արհեստականորեն ստեղծված նյութաիրավական վեճի ազդեցությունը սնանկության վարույթի վրա: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, դիմողն իրականում առաջ է քաշում նաև Վերաքննիչ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից և Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դիմումի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
31 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
