ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 63 | ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 նոյեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Մեսրոպ Մեսրոպյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մեսրոպ Մեսրոպյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Շուշան Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 13-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«(…) 2022* թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այն թույլ չի տալիս հատուկ վերանայման կարգով բողոքարկվել պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0163/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցի քննարկման անհրաժեշտություն, մասնավորապես, պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը հոդվածով որպես հատուկ վերանայման ենթակա հարցերի շրջանակում ներառված չլինելը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ, 75 և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին»:
Ըստ Դիմողի՝ անձը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը և «ոչ իրավաչափորեն սահմանափակվում է իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, իրավունք ունի դիմելու դատարան՝ խնդրելով պարզել այդ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը, իսկ դատարանի պարտականությունն է քննել համապատասխան բողոքը և այն հիմնավոր համարելու դեպքում որոշում կայացնել անձի իրավունքի խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին»:
Դիմողը նշում է, որ թիվ ՀԿԴ/0163/01/24 քրեական գործը գտնվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում, որն էլ նախնական դատալսումների փուլում կայացրել է իր նկատմամբ ընտրված՝ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշում, որն ըստ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 389-րդ հոդվածի՝ ենթակա չէ բողոքարկման:
Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, որը հանդիսանում է տվյալ գործով վարույթն իրականացնող մարմին, միակ սուբյեկտն է, որը կարող է որոշում կայացնել իր նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ, և «այդ որոշման օրինականությունը ստուգելու օրենսդրական հնարավորություն առկա չէ»:
Դիմողի պնդմամբ՝ իր բարձրացրած հարցը պետք է հանդիսանա անմիջական բողոքարկման առարկա՝ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցի ընտրության/կիրառման հետևանքով սահմանափակվող՝ անձի աշխատանքի ազատ ընտրության իրավունքի (նաև այլ հիմնական իրավունքների/ազատությունների սահմանափակման հնարավորությամբ) դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:
Դիմողը գտնում է, որ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկումը չպետք է բացառվի. դատական պրակտիկան, ըստ Դիմողի, պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումները ենթակա լինեն դատական կարգով անմիջական բողոքարկման հատուկ վերանայման ենթակա հարցերի շրջանակներում՝ առաջնորդվելով անձի՝ աշխատանքի ազատ ընտրության և դատական պաշտպանության իրավունքներին միջամտության իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու հրամայականով:
Դիմողը նշում է. «Այս դեպքում անձը հնարավորություն չունի աշխատանքի ազատ ընտրության, ունենալով որոշակի պաշտոն և աշխատելու սահմանափակման հետևանքով զրկված է այլ վայրում աշխատելու հնարավորությունից, և Դատարանի և օրենսդրի նման դիրքորոշման պայմաններում անձին այլ բան չի մնում, քան առանց այդ դատական ակտի օրինականությունը վիճարկելու՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել»:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը բարձրացնում է Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցն այնքանով, որքանով այն չի նախատեսում պաշտոնավարման կասեցում խափանման միջոցի՝ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում վերանայման առարկա լինելը:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: (...) Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ՀԿԴ/0163/01/24 քրեական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը, կայացվել է (օրինական ուժի մեջ է մտել) 2025 թվականի մայիսի 6-ին, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2025 թվականի մայիսի 7-ից:
Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը.
սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետի վերջին օրը եղել է 2025 թվականի նոյեմբերի 7-ը: Մինչդեռ Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 13-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն էլ անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մեսրոպ Մեսրոպյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
26 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-63
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-63
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
