Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գրիգորյան — ՀԿԴ/0202/06/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ՀԿԴ/0202/06/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0202/06/2430 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 27. Անձնական ազատությունը · Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ *********** քրեական վարույթը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Լ․Ստեփանյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0202/06/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա․Նահապետյան

2026 թվականի ապրիլի 30-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ *********** քրեական վարույթը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Լ․Ստեփանյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։ 2․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Տ․Գրիգորյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Մեղադրյալ Տ․Գրիգորյանի պաշտպաններ Ա․Մելքոնյանը և Է․Արամյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխան։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, այն կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ սխալ են կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում։ 5․1. Անդրադառնալով մեղադրյալ Տ․Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ բողոք բերած անձը նշել է, որ Տ․Գրիգորյանի առնչությունը վերջինիս մեղսագրվող հանցանքներին հիմնավորվել է քրեական վարույթով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով, այդ թվում՝ վկա ******************* ցուցմունքով առ այն, որ *************** հետ իրեն հանդիպած անձը ներկայացել է որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Տիգրան, ինչպես նաև ************** հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հրամանների, Տ․Գրիգորյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրի, պաշտոնի անձնագրի պատճեններով, որոնցով հաստատվել է, որ Տ․Գրիգորյանը զբաղեցնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը և հանդիսանում է պաշտոնատար անձ: 5․2․ Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ վարույթի նյութերում առկա է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունն այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Տիգրանը հանդիսանում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը: 5.3․ Ըստ բողոքաբերի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ ************** և Տ․Գրիգորյանը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 29 հասցեում գտնվել են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, որպիսի հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ Տ․Գրիգորյանը չէր կարող *********** ներկայացնել իր անձի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ ներկայանար որպես պաշտոնատար անձ: 5․4. Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, քննության առնելով սույն քրեական վարույթով մյուս մեղադրյալ *********** նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, արձանագրել է, որ առկա է վերջինի կողմից Տ․Գրիգորյանի հետ խմբի կազմում կաշառք ստանալու հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը, որպիսի պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնական փաստական հանգամանքների առկայության դեպքում ստորադաս դատարաններն արտահայտել են իրարամերժ դիրքորոշումներ:

6. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ: Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանը․

7․ Մեղադրյալ Տ․Գրիգորյանի պաշտպաններ Ա․Մելքոնյանը և Է․Արամյանը ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման՝ փաստարկելով, որ հիմնավոր կասկածի հիմքում բողոքաբերի կողմից վկայակոչած փաստական տվյալները չեն խոսում այն մասին, որ Տ․Գրիգորյանն առնչություն ունի իրեն վերագրված հանցագործությանը։ Միևնույն ժամանակ, պաշտպանները նշել են, որ բողոքաբերի պնդումը հիմնված է մեկ փաստական տվյալի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ վարչության կողմից տրված գրության վրա, ինչն օպերատիվ ճանապարհով ստացված տվյալ է, որն անհնար է ստուգել որևէ եղանակով և բացի այդ, վերոնշյալ գրությունը մյուս բոլոր փաստական տվյալների հետ միասին որևէ ընդհանուր պատկեր չեն կազմում։ Վերոգրյալի հիման վրա, պաշտպանները խնդրել են ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Տիգրան Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ․ «․․․ [Նա], զբաղեցնելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ **************** հետ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար 2024 թվականի հոկտեմբերի 7-ին *********************** ստացել է (պահանջել է) 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո կաշառք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում: Այսպես.

Երևան քաղաքի բնակիչ ********************************* իր մտերիմ Ռուզաննա Կարապետյանին պատկանող, *********************************** ************************************************ բնակարանում 2024 թվականի սեպտեմբեր ամսից ձեռնարկել է վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում կատարվել են նաև պատուհանների բացվածքների ձևափոխություններ, իսկ պատշգամբի հատվածում՝ նոր պատի կառուցման աշխատանքներ: Տեղեկանալով կատարվող վերանորոգման աշխատանքների մասին՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նշված բնակարան են այցելել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ ***********************, ովքեր ********************** հայտնել են, որ տվյալ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ էր նախապես դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, ուստի տվյալ շինարարությունն ապօրինի է և դրա համար ******************* կարող են ենթարկել վարչական պատասխանատվության՝ 1.500.000-ից մինչև 2.500.000 ՀՀ դրամի չափով: Պաշտոնատար անձինք հանդիսացող Տիգրան Գրիգորյանը և ******** ************, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ******************** օգտին ապօրինի անգործության, այն է՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու, վարչական պատասխանատվության ենթարկվելուց զերծ մնալուն աջակցելու համար ******************** պահանջել են 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումար կաշառք ․․․»[1]:

9. Մեղադրյալ Տ․Գրիգորյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից նյութերում, ի թիվս այլնի, առկա են․

1) Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ թիվ ******* արձանագրության պատճենը, համաձայն որի՝ ***************** 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ ԳՎ վարչության ստորաբաժանումում տվել է հետևյալ բովանդակությամբ հաղորդում. «(…) [Ս]ույն թվականի սեպտեմբերի ամսից իմ մտերիմ ****************************** պատկանող՝ ************************․ հասցեում գտնվող բնակարանում վերջինիս խնդրանքով ձեռնարկել եմ վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես վարպետների միջոցով կատարվել են ներքին հարդարման, ինչպես նաև պատուհանների բացվածքների ձևափոխությունների աշխատանքներ, բացի այդ պատշգամբի հատվածում կատարվել են պատի շարվածքի փոփոխություն։ Ս/թ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, նշված հասցե են այցելել երկու երիտասարդ, ովքեր ներկայացել են որպես Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ՝ ոմն Տիգրան և ************ տվյալներով։ Խոսակցության ժամանակ վերջիններս հայտնել են, որ տվյալ շինաշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ էր նախապես դիմել քաղաքապետարան և ստանալ թույլտվություն, ուստի տվյալ շինարարությունը ապօրինի է և դրա համար կարող են վարչական պատասխանատվության ենթարկել 1․500․000 ՀՀ դրամ գումարի չափով և արձանագրություն չկազմելու համար միասին ինձանից պահանջեցին 1․000 (հազար) եվրո գումար կաշառք։ Տվյալ պահին ես նրանց հայտնեցի, որ կմտածեմ գումարի շուրջ, սակայն հասկանալով, որ վերջիններս հանցագործություն են կատարում՝ դիմեցի ոստիկանություն։ (…)»[2]։

2) Վկա *****************` տեսաձայնագրմամբ հարցաքննության վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի արձանագրության պատճենը, համաձայն որի՝ վկան, ի թիվս այլնի, հայտնել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, իրեն է զանգահարել բնակարանում շինարարական աշխատանքներ իրականացնող ********** և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն իրեն են հարցնում։ Ժամը 14։30-ի սահմաններում վերադարձել է բնակարան, որի ընթացքում ինքը պատշգամբից տեսել է դեպի շենքի մուտք մոտեցող երկու անձանց։ Շենքի մուտքի մոտ վերջիններս իրեն ասել են, որ հանդիսանում են Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներ և հարցրել, թե ինքը կմոտենա, թե իրենք բարձրանան։ Ասել է, որ բարձրանան բնակարան, որից հետո նրանց հանդիպել է բնակարանի հյուրասենյակում։ Նրանցից մեկը ներկայացել է որպես Տիգրան, իսկ մյուսը՝ ********** *************։ Իր հետ նշված վայրում խոսակցության ընթացքում վերջիններս ներկայացել են որպես Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներ, և ******************* հայտնել է, որ նշված շինարարությունն իրականացվում է սահմանված կարգի խախտմամբ՝ իրավունք չեն ունեցել շարել նշված պատշգամբի պատը, ինչպես նաև փոփոխել բնակարանի մուտքի դուռը, որի հետևանքով տուգանքի չափը կազմում է 1500000 ՀՀ դրամ։ Դրանից հետո Տիգրանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից նշված խախտումները հայտնաբերելու դեպքում տուգանքի չափը կկազմի 2500000 ՀՀ դրամ։ Ինքն ասել է, որ շինարարությունն իրականացվում է առանց խախտման, սակայն նրանք պնդել են նշված գործընթացը խախտմամբ իրականացնելու հանգամանքը։ Այնուհետև նրանք ասել են, որ պետք է ակտ կազմվի, որից հետո հարցրել է, թե «մենակ ակտավորելա՞»։ Դրանից հետո նրանց առաջարկով գնացել է շենքի բակ, որտեղ ************************ ասել է, որ ակտը չկազմելու համար պետք է տա 1000 եվրո։ Ինքն ասել է, որ այդ կապակցությամբ վերջնական պատասխանը կտա ժամեր անց, որից հետո Տիգրանն ********** ասել է, որ ամրագրի իր բջջային հեռախոսահամարը։ Այնուհետև ինքը թելադրել է իր բջջային հեռախոսահամարը, որին այդ պահին զանգահարել է *********։ Դրանից հետո՝ ժամը 16։00-ին, ինքը զանգահարել է ************ և պատրաստակամություն հայտնել գումար տալու, որից հետո իրենք համաձայնություն են ձեռք բերել ժամեր անց հանդիպելու և իր կողմից գումար տալու շուրջ՝ պայմանավորվելով ժամը 18։30-ին հանդիպել Երևան քաղաքի Սարյան փողոցում։ Նշված ժամին իրեն է զանգահարել **********************, որի ընթացքում ինքը տեղեկացրել է, որ գումարը կտա հաջորդ օրը, սակայն իրականում նրան այդպես է ասել, քանի որ դեպքի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին[3]։

3) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ************** գրությունը, համաձայն որի՝ «(…) [Թ]իվ ********* քրեական վարույթով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․

- ոմն Տիգրանը հանդիսանում է՝ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը /ծնված ***********․ հաշվառված և բնակվող ********************************* **** բնակարանում, աշխատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ (…)»[4]։

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Տիգրան Գրիգորյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին 2024 թվականի հունվարի 31-ի հրամանի պատճենը[5]։

5) Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը[6]։

6) 2024 թվականի փետրվարի 2-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Տիգրան Գրիգորյանի միջև կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրի պատճենը[7]։

7) Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ 2009 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1408-Ա որոշմամբ հաստատված կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի կանոնադրության պատճենը[8]:

10. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ «․․․ Դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից, որպես հիմնավոր կասկածի հիմնավորում, միջնորդությամբ վկայակոչվել և կից Դատարան են ներկայացվել հետևյալ ապացույցները՝

1) Մեղադրյալ ******************* և Տիգրան Գրիգորյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի, համապատասխանաբար՝ 2024 թվականի մայիսի 8-ի՝ ********* և 2024 թվականի հունվարի 31-ի՝ ********** հրամանների պատճեններով:

2) Մեղադրյալներ *************** և Տիգրան Գրիգորյանի պաշտոնների անձնագրերի պատճեններով:

3) Մեղադրյալներ *************** և Տիգրան Գրիգորյանի հետ, համապատասխանաբար՝ 2024 թվականի մայիսի 13-ին և 2024 թվականի փետրվարի 2-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերի պատճեններով:

4) Երևան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ 2009 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1408-Ա որոշմամբ հաստատված Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի կանոնադրության պատճենով:

5) Մեղադրյալ ************** նկատմամբ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու թույլտվություն տալու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման պատճենով:

6) Մեղադրյալ *************** նկատմամբ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության պատճենով:

7) Մեղադրյալ ************* նկատմամբ «արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության պատճենով:

8) Կաշառքի առարկան անհատականացնելու մասին արձանագրության պատճենով։

9) Մեղադրյալ ************************* անձնական խուզարկության ենթարկելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության պատճենով:

10) Մեղադրյալ *************** ցուցմունքի պատճենով։

11) Վկա ********** հարցաքննությունների արձանագրությունների պատճեններով:

12) Վկա ************ կողմից օգտագործվող «Redmi» մոդելի բջջային հեռախոսի հիշողության մեջ որպես «*****» գրանցված ************** բջջային հեռախոսահամարի աբոնենտի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տեղեկությունները ստանալու մասին 2024 թվականի հոկտեմբերի 7-ի արձանագրության պատճենով: Վերը շարադրված իրավական նորմերի լույսի ներքո ուսումնասիրելով վարույթի նյութերը, Դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա վերը նշված փաստական տվյալներով չի հիմնավորվում, որ մեղադրյալ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի և ենթադրյալ հանցավոր դեպքի միջև առկա է օբյեկտիվ կապ, այդ ամենը բավարար է միմիայն ենթադրություն կատարելու համար, սակայն, Դատարանի գնահատմամբ, բավարար չէ ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմնավորելու համար։ Դատարանը փաստում է, որ ներկայացված ապացույցներից բացառապես վկա ********************* ցուցմունքում է նշված Կենտրոն թաղապետարանի աշխատակից ոմն Տիգրանի կողմից Տիգրան Պետրոսի Գրիգորյանին ներկայացված մեղադրանքի նկարագրական մասում նշված փաստական հանգամանքների կատարում և թեև ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը հանդիսանում է Երևան Կենտրոն վարչական շրջանի աշխատակից, սակայն այդ ամենը բավարար չէ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմնավորելու համար։ Դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվորեն չի բացառվում, որ ********************** Կենտրոն թաղապետարանի աշխատակից ոմն Տիգրան ներկայացած անձն իրականում հայտնած լինի կեղծ տեղեկություններ կամ Երևան Կենտրոն վարչական շրջանում լինեն նաև Տիգրան անունով այլ աշխատակիցներ, որպիսի հանգամանքները պետք է փարատված լինեին վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացուցողական այլ գործողություններով, մասնավորապես վարույթն իրականացնող մարմինն առնվազն պետք էր նախևառաջ նախապես հարցաքննել ճանաչողին ճանաչվող անձի հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողն ընկալել է այդ անձին, որից հետո կատարեր անձի ճանաչում՝ պարզելու համար արդյոք Տիգրան Պետրոսի Գրիգորյանը հանդիսանում է այն նույն ոմն Տիգրանը, ով ներկայացել է Կենտրոն թաղապետարանի աշխատակից և ըստ վարույթի հանրային մասնակցի, կատարել Տիգրան Պետրոսի Գրիգորյանին ներկայացված մեղադրանքի նկարագրական մասում նշված փաստական հանգամանքները, ինչը որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում բացակայում է։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստում է, որ ինչպես միջնորդությանը կից ներկայացված նյութերում, այնպես էլ դատական նիստի ընթացքում քննիչի կողմից չեն վկայակոչվել մեղադրյալի կողմից նշված հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող արարքներից որևէ մեկի կատարմանը մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալներ և գտնում է, որ թիվ ************** քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տիգրան Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը անհիմն է, բացակայում է մեղադրյալ Տիգրան Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, հետևաբար ներկայացված միջնորդությունն ենթակա է մերժման (…)»[9]։ 11․ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանն ընդհանուր առմամբ իր համաձայնությունն է հայտնում Հակակոռուպցիոն դատարանի այն եզրահանգումների կապակցությամբ, որ․ «(…) Դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա վերը նշված փաստական տվյալներով չի հիմնավորվում, որ մեղադրյալ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի և ենթադրյալ հանցավոր դեպքի միջև առկա է օբյեկտիվ կապ, այդ ամենը բավարար է միմիայն ենթադրություն կատարելու համար, սակայն, Դատարանի գնահատմամբ, բավարար չէ ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմնավորելու համար: (...) Դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվորեն չի բացառվում, որ ********************** Կենտրոն թաղապետարանի աշխատակից ոմն Տիգրան ներկայացած անձն իրականում հայտնած լինի կեղծ տեղեկություններ կամ Երևան Կենտրոն վարչական շրջանում լինեն նաև Տիգրան անունով այլ աշխատակիցներ, որպիսի հանգամանքները պետք է փարատված լինեին վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացուցողական այլ գործողություններով (...)»: Այլ կերպ, Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով մեղադրյալ Տիգրան Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի իրավաչափության պայմաններից հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության հարցը, արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները բավարար չեն վարույթի քննության սույն փուլում հետևության հանգելու, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը: Այլ կերպ՝ վարույթի նյութերը չեն պարունակում տվյալներ այս հանգամանքը հիմնավոր կասկածի մակարդակում հաստատված համարելու համար, քանի որ պարզ չէ, թե վարույթի նյութերում առկա ոմն Տիգրանը նույն ինքը Տիգրան Գրիգորյանն է, թե ոչ, քանի որ չի բացառվում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնում Տիգրան անունով այլ անձանց առկայության հանգամանքը։ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում առկա այն փաստարկմանը, որ Դատարանն իր որոշմամբ առհասարակ անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, որ քննիչը միջնորդությանը կից Դատարան է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունն այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում այն չի կարող համարվել բավարար փաստական տվյալ Տիգրան Գրիգորյանին մեղսագրված արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար: Այս կապակցությամբ անդրադառնալով դատախազի այն փաստարկմանը, որ ո՛չ *********************, ո՛չ էլ Տիգրան Գրիգորյանը չեն հերքել այն հանգամանքը, որ հենց Տիգրան Գրիգորյանն է ******************** հետ հանդիպել ********* **************՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալների կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ վերջիններն այդ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատել են Տիգրան Գրիգորյանի առնչությունը ենթադրյալ հանցանքի կատարմանը: Վերոգրյալով հանդերձ՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում հատուկ վերանայման բողոքում առկա այն պնդմանը, որ «Դատարանը (...) իր որոշմամբ դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից և արձանագրել, որ քննիչը պետք է հարցաքններ **********************՝ Տիգրան Գրիգորյանի արտաքին հատկանիշների վերաբերյալ, որից հետո պետք է կատարեր անձի ճանաչում՝ պարզելու համար ոմն Տիգրանը հանդիսանում է արդյոք Տիգրան Պետրոսի Գրիգորյանը, թե ոչ»: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, փաստելով որ Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնին որոշակի գործողություններ կատարելու հանձնարարություն տալու քրեադատավարական լիազորությամբ օժտված չէ, միաժամանակ՝ արձանագրում է, որ սույն դեպքում այդպիսի դատական սխալը վարույթի ելքի վրա ազդեցություն չի կարող ունենալ: (…)

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալ Տիգրան Գրիգորյանի վերաբերյալ համապատասխան դատական ակտ կայացնելիս Հակակոռուպցիոն դատարանը թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի դատախազ Լ.Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները։ (…)»[10]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն մեղադրյալ Տ․Գրիգորյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»։ 13.1. Կալանավորման պայմաններից մեկի՝ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլի, հետևյալ դիրքորոշումը. «հիմնավոր կասկածը» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում[11]: 13.2. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի[12], Հարություն Խաչատրյանի[13] գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ[14]։ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից[15], ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը[16]։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- 2024 թվականի հոկտեմբերի 8-ին դատախազի որոշմամբ Տ․Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով[17]։

- Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ ինչպես միջնորդությանը կից ներկայացված նյութերում, այնպես էլ դատական նիստի ընթացքում քննիչի կողմից չեն վկայակոչվել մեղադրյալի կողմից նշված հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող արարքներից որևէ մեկի կատարմանը մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալներ, գտել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ․Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը անհիմն է, բացակայում է մեղադրյալ Տ․Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, հետևաբար ներկայացված միջնորդությունն ենթակա է մերժման[18]։

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության, արձանագրել է, որ մեղադրյալ Տ․Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնին որոշակի գործողություններ կատարելու հանձնարարություն տալու քրեադատավարական լիազորությամբ օժտված չէ՝ միաժամանակ գտնելով, որ սույն վարույթով այդպիսի դատական սխալը վարույթի ելքի վրա ազդեցություն ունենալ չի կարող[19]։

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ մեղադրյալ Տ․Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ գնահատման չեն ենթարկել քննիչի կողմից միջնորդության մեջ մատնանշված փաստական տվյալները։ Մասնավորապես, հիմք ընդունելով սույն վարույթի նյութերում առկա փաստական տվյալները[20], այդ թվում՝ հանցագործության մասին հաղորդման, վկա ************** հարցաքննության արձանագրության, մեղադրյալ ************ և Տ․Գրիգորյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների, մեղադրյալներ ************* և Տ.Գրիգորյանի պաշտոնների անձնագրերի, ************ և Տ․Գրիգորյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ հաստատված Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի կանոնադրության, մեղադրյալ ************** նկատմամբ «կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության, մեղադրյալ ************** նկատմամբ «արտաքին դիտում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության մեջ պարունակող տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունն այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Տիգրանը հանդիսանում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք բավարար էին վարույթի տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ տվյալ դեպքում առկա է մեղադրյալ Տ.Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը: 16․ Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պնդմանը, որ չի բացառվում՝ ***************** Կենտրոն թաղապետարանի աշխատակից ոմն Տիգրան ներկայացած անձն իրականում հայտնած լինի կեղծ տեղեկություններ կամ Երևան Կենտրոն վարչական շրջանում լինեն նաև Տիգրան անունով այլ աշխատակիցներ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկմանը, որ ըստ առկա նյութերի՝ **************** և Տ․Գրիգորյանը ********************************** հասցեում գտնվել են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, որպիսի հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ Տ․Գրիգորյանը չէր կարող *************** ներկայացնել իր անձի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ ներկայանար որպես պաշտոնատար անձ: Ընդ որում, վերոնշյալ հանգամանքը, ի թիվս այլնի, փաստվում է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությամբ, համաձայն որի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Պետրոսի Գրիգորյանը[21]: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից միջնորդության մեջ մատնանշված փաստական տվյալների համակցությունը վարույթի տվյալ փուլում ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Տ․Գրիգորյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին և դեպքը, իրադարձությունը համընկնում է այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ Տ․Գրիգորյանը մեղադրվում է:

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Տ․Գրիգորյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Տ․Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան[22], Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 19․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մեղադրյալ Տիգրան Պետրոսի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 61-63։

[2] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 22-23։

[3] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 34-35։

[4] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 49։

[5] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 81։

[6] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 86-88։

[7] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 91-92։

[8] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 93-96։

[9] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 149-170։

[10] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-58։

[11] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ K. F. v. Germany գործով 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57։ [12] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։ [13] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15: [14] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14: [15] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։ [16] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15:

[17] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[18] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[19] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[20] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[21] Տե՛ս սույն վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 34։

[22] Տե՛ս https://datalex.am/ տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0091/01/25 քրեական գործը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0202/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել