«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-181)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 181 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Փիլոյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացված է վարույթ ընդունելու այն պայմանի վկայակոչմամբ, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ հիմնավորել վկայակոչված պայմանի բացակայությունը, մասնավորապես, վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:
Այս առումով Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:
Ըստ Դիմողի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ համատեղելի չէ այն պարագան, երբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու լիազորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վճռաբեկ դատարանն իրացնում է ոչ թե վճռաբեկ բողոքի ընդունելիության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը որոշելու հարցում գնահատման ազատության սահմանների որոշմամբ ունեցած՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պարտադիր լիազորության, այլ հայեցողական լիազորության շրջանակներում, որպիսի դեպքում, փաստորեն, երրորդ կամ վերջին՝ վճռաբեկ ատյանում բողոքաբերի համար չի ապահովվում արդյունավետ դատական պաշտպանության՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված հիմնարար իրավունքի բովանդակության լիարժեք իրացումն այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանի բացակայության կամ այդ պայմանի առկայության վերաբերյալ հիմնավորման անբավարարության պատճառաբանությամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում Վճռաբեկ դատարանը կայացնում է այդ որոշումը կայացնող դատավորների այնպիսի կամքով, որը հիմնված չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանի բացակայության կամ այդ պայմանի առկայության վերաբերյալ հիմնավորման անբավարարության մասին փաստարկված կամ պատճառաբանված դատողությունների վրա:
Դիմողը գտնում է, որ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ իր պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելուն հանգեցրած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ վերաբերելի առումով արդարադատություն հայցելու վերջին ատյանում ինքը զրկվել է իր գործով էական նշանակություն ունեցող հարցերի նախադեպային պատասխանները Վճռաբեկ դատարանից ստանալու և իր գործով կիրառելի դարձնելու հնարավորությունից այն պայմաններում, երբ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացված դատավճռի վերանայումն իրականացնող դատական կազմի նախագահող դատավորն իր համաձայնությունն է հայտնել տվյալ դատավճռի դեմ մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերելի հիմքին և հիմնավորմանը՝ ներկայացնելով հատուկ կարծիք այն մասին, որ Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ իրականացված՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն ապացույցի կարգավիճակ են ձեռք բերել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում՝ հիշյալ արդյունքները որպես արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին քննիչի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշման ուժով, հետևաբար՝ քննիչի տվյալ որոշման մեջ նշված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և օբյեկտիվ այլ փաստաթղթերը չէին կարող օգտագործվել սույն քրեական վարույթի ընթացքում:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված հիմնարար իրավունքի բովանդակության հետ համատեղելի չէ այն պարագան, երբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու լիազորությունը Վճռաբեկ դատարանն իրացնում է այդ հարցը լուծելու իրավասությունն ունեցող դատավորների այնպիսի կամքով, որը հիմնված չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ քրեադատավարական օրենքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանի բացակայության կամ այդ պայմանի առկայության մասին հիմնավորումների անբավարարության վերաբերյալ փաստարկված կամ պատճառաբանված դատողությունների վրա:
(...) Այլ խոսքով՝ այն պարագան, երբ քրեական վարույթով եռաստիճան դատական համակարգում բողոքաբերի գործով արդարադատության իրականացման կամ քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքները քննելու ու լուծելու վերջին հնարավորության իրացման մերժումը չի հիմնվում նորմատիվ այնպիսի պատվիրանի վրա, որի բովանդակությունը հանգում է այդպիսի մերժումը հիմնավորապես պատճառաբանելուն, ապա այդ դեպքում, փաստորեն, Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը անձի համար սահմանափակվում է՝ զուտ Վճռաբեկ դատարանի դատավորների կամքով պայմանավորված» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ, ինչպես իր անհատական դիմումով վկայակոչել է նաև Դիմողը, Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ, անդրադառնալով սույն անհատական դիմումով վիճարկվող միևնույն դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին համապատասխանության հարցին, որոշել է.
«(...) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի)։
Վերը նշված՝ ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«(...) Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար՝ արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավարական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում:
Ընդսմին, բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները, լինելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գործառույթի իրացման բաղկացուցիչ մաս, պետք է ապահովեն վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը:
(...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից է բխում Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանվածության առանձնահատուկ անհրաժեշտությունը, քանզի Վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը:
Ընդ որում, սույն պահանջները հավասարապես կիրառելի են Վճռաբեկ դատարանի բոլոր դատական ակտերի նկատմամբ: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում բողոքաբերների փաստարկների ստուգման և կատարվող հետևությունների և եզրահանգումների շղթան պետք է լինի որոշակի, այն է՝ տեսանելի լինի դատողությունների և եզրահանգումների միջև տրամաբանական կապը:
(...)
(...) Սահմանադրական դատարանը նկատում է, որ թեև դատական ակտի պատճառաբանվածության պահանջն ինքնին ունի սահմանադրական բովանդակություն, քրեական վարույթում այն ձեռք է բերում հատուկ կարևորություն, քանի որ տվյալ դատական վարույթը կարող է հանգեցնել մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին խիստ միջամտության:
(...)
Սահմանադրական դատարանը պատճառաբանված դատական ակտի հիմնարար իրավունքի երաշխավորվածության համատեքստում կարևոր է համարում, որ վճռաբեկ բողոքը, ներառյալ՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի մասով ձևավորվի կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, ինչը հնարավորություն կտա բողոքաբերին անձամբ կամ համապատասխան խորհրդատվությամբ հստակ ընկալել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի նորմատիվ բովանդակությանն առաջադրվող պահանջները և իր բողոքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Սրանից հետևում է նաև, որ կայուն և կանխատեսելի պրակտիկա չի կարող ձևավորվել, և, համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, եթե դրանում միայն որպես հետևություն արձանագրված է վճռաբեկ բողոքի՝ Օրենսգրքով նախատեսված ընդունելիության հիմքերին անհամապատասխանությունը՝ առանց այդ հիմքերին բողոքի անհամապատասխանությունը հիմնավորող դատողությունների շարադրանքի» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
4 օգոստոսի 2026 թվականի
ՍԴԱՈ-181
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-181
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
